«Գիտեք՝ դժվար է տարիքի բերումով քաղաքական կարճ կենսագրություն ունեցողին բացատրել տարիներ, տասնամյակներ առաջ տեղի ունեցածները։ Այստեղ ՔՊ-ի խմբակցության անունից հիշեցրին 1992-ի ամառը, որ Դաշնակցությունը ցույցեր էր անում»,-ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի ժամանակ իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հայտարարություններին։
Նա վստահեցրեց՝ Դաշնակցությունը ցույցեր էր անում ու լավ էր անում ու շարունակեց․ «Մենակ Դաշնակցությունը չէր, կողքիդ նստածներն էլ էին այդ ցույցերին։ Դաշնակցությունը մի կողմից Երևանում ցույց էր անում Արցախ պահելու համար, մյուս կողմից հարյուրավոր դաշնակցականներ կռվում էին։ Ցույցի օրերին էին Վարդան Դուշմաններ, Բեկոր Աշոտներ էին զոհվում։ Դաշնակցությունը նույն օրերին ստիպում էր իշխանությանը, որ փաստաթուղթ ստորագրեն, որով արգելվում էր որևէ պետական պաշտոնյայի Արցախը Ադրբեջանի կազմում փաստաթուղթ ստորագրել։ Դաշնակցությունը ցույց էր անում, որ ՊՆ նախարար դառնա Վազգեն Մանուկյանը, նույն տարի դեկտեմբերին Կապանի թուրքական կրակահերթերն էին ոչնչացնում։ Երեսուն տարի Կապանն ապահով էր ապրում, որ այսօր նորից թուրքի պռունկի տակ ապրի, այդ ժամանակ Ներքին Հանդն էր ազատագրված, հիմա թուրքինն է»։
Գեղամ Մանուկյանն ասաց՝ Դաշնակցության «Նեմեսիս» գործողությունը հայկական պետականության առաջին հետախուզությունն է եղել ու ասաց․«Դաշնակցության աստվածը արդարադատ է, ոտքի վրա առանց հիմքի որոշում չի կայացնում։ Երբ ունենում է հիմք, որոշումը կայացնում է․ ձեռքն էլ չի դողում։ Հրաչ Մուրադյանի մասին եք մտածում, երեք ամիս Հրաչի տղային կեղծ մեղադրանքով տարել, բանտ էիք նստացրել։ Հիշեիք այդ ժամանակ»։
Կարդացեք նաև
Նշենք՝ ԱԺ-ում քննարկվեց օրենսդրական փաթեթը, որով նախատեսվում է ստեղծել արտաքին հետախուզական ծառայություն։
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց․ «Նեմեսիսը Դաշնակցության կողմից գնահատվում է՝ որպես Դաշնակցության կողմից մեր արտաքին հետախուզության հիմքը։ Կուզեի՝ Դուք մասնակցեիք մեր քննարկումներին և ասեիք, թե այդ հիմքը որն է։ Ասում եք՝ ձեռքն էլ չի դողում։ Այդ ձեռքով քանի՞ մարդ է սպանվել, կամ չի սպանվել։ Էդ ձեռքերը պետք է դողան, որ այդ խնդիրները երբեք նման շեշտադրում չունենան։ Դրա համար կստեղծվի արտաքին հետախուզություն, այդ ֆունկցիան պետությունն իր վրա կվերցնի և թույլ չի տա, որ ով, ոնց ուզի, «Նեմեսիս» անվան տակ վրեժխնդրության խնդիր լուծի»։ Ավելի ուշ Գեղամ Մանուկյանը հստակեցրեց․ «Նեմեսիս» գործողությամբ գնդակահարվել են Հայոց Ցեղասպանության պատասխանատու մարդիկ»։
Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ նման հարցերը համերաշխությամբ են լուծվում ու միասնականությամբ․ «Նաև լուծելու է Արցախի, Լաչինի հարցը։ Լաչինի միջանցքը փակ է եղել, բացվել է, հիմա էլ է փակ, կբացվի։ Ինչ ճանապարհով, դրա մասին այս հարթակում չէ, որ խոսում են։ Դրա համար մեր արցախցիները հնարավորինս պետք է այնտեղ ապրեն, չլքեն Արցախը, մեր կարողությունները, որ կառուցվել են, իրենց տկարությունը վերականգնվելու է, և կգա ժամանակ՝ մենք չենք վիճի, թե Արցախը ով փրկեց։ Արցախի փրկության հարցը լուծելու է ՀՀ-ն Արցախի հետ միասին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ