Մարալիկի թիվ 1 դպրոցում այսօր բացվել է հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակին նվիրված Փառքի սրահը։ Սրահի բացման արարողությանը մասնակցել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
«Իսկապես պահը շատ հուզումնալից է, բայց նաև պարտավորեցնող, որովհետև Ռոբերտի, Կարենի, Ահարոնի, Հայկի, Հրանտի և Հրաչի դեմքով մենք մարմնավորում ենք մեր հայ ազգի սխրանքը, մեծությունը նաև՝ ողբերգությունը։ Ցավոք, հայ ազգի պետականության պատմության ամբողջ ընթացքում մենք մեր հողը, ջուրը, մեր հայրենիքը, մեր սրբությունը պահել ենք արյան գնով և հերոսացած տղաները ամենաթանկը զոհաբերելով հանուն հայրենիքի պատգամել են մեզանից յուրաքանչյուրին ապրել, մաքառել և խենթի պես սիրել հայրենիքը։ Ես ուրախ եմ, որ այս կրթօջախում դաստիարակվում, կրթվում են մեր Ռոբերտները, Կարենները, Ահարոնները, Հայկերը, Հրանտները, Հրաչները, որոնք իրենց ավագ ընկերների օրինակով սիրելու են, պաշտելու են հայրենիքը։
Ներկա գտնվող ուսուցչական կազմին ես խնդրելու եմ, որպեսզի դաստիարակեք արժանի զավակներ մեր երկրի համար, իմ խոնարհումը բոլոր որդեկորույս ծնողներին, այս կյանքում ամենաթանկը դուք տվել եք հանուն մեր հայրենիքի և մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է բարեխիղճ ծառայելու, ծառայելու անվերջ, որ դուք երբեք ձեզ մենակ չզգաք, որ դուք երբեք ձեզ լքված չզգաք և, ամենակարևորը՝ ունենաք այն գիտակցումը, որ հայրենիքի յուրաքանչյուր զավակ պարտական ու պարտավոր է ձեզ, իմ հարգանքն ու խոնարհումը ձեզ»։
Նշենք, որ Մարալիկի թիվ 1 դպրոցում բացվել է նաև աշակերտների նկարչական աշխատանքների ցուցահանդես։
Կարդացեք նաև
Շիրակի մարզպետարան