«Հիմա այս փաթեթով մի չակերտավոր բարեփոխում է բերվում՝ լիազորությունները կասեցված դատավորներին ուղարկում են ռեզերվ՝ անգամ չսպասելով, որ այդ դատավորի դատական գործն արդարացման հիմքով կարող է քննվել, այս մարդուն հանում են դատավորի կարգավիճակից»,-ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի ժամանակ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ հնչեցված ելույթի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նա, հղում կատարելով Աղվան Վարդանյանի ելույթին, նշեց․ «Հենց քիչ առաջ Աղվան Վարդանյանի ելույթի շրջանակներում նշված ուղղությամբ պայքարող անձանց ու քաղաքական ուժերի նկատմամբ իրականացվող քաղաքական հալածանքները կեղծ իրավական ձևակերպումների ներքո են, որ ընդամենը տարիուկես առաջ նախաձեռնվեց մի. այսպես կոչված, բարեփոխում, որը հետադարձ փոփոխության է ենթարկվում։ Այստեղ ոչ հիմնական, ոչ հարակից զեկուցողները չանդրադարձան կալանքի՝ դատարանների վերացմանը։ 2021-ի փետրվարի 3-ին, երբ դուք ընդունում էիք կալանքի՝ դատարանների մասին բարձրագոչ հայտարարություններ, թե արդյունավետության, դատարանների բեռնաթափման համար ենք իրականացնում, այսօր ուղիղ հակառակ հիմնավորումն է բերվում, ու վերացնում եք այդ դատարանները։ Լավ եք անում, քանի որ այդ դատարաններն այն ժամանակ ստեղծվել էին՝ նպատակը մեկն էր՝ ծառայել սեփական քաղաքական ուժի դեմ պայքարող անձանց նկատմամբ՝ կալանքի կիրառմամբ»։
Նա հիշեցրեց Գագիկ Ջհանգիրյան «օպերացիան» ու ասաց․ «Երբ Գագիկ Ջհանգիրյանն իր հայտնի գաղտնալսման ընթացքում ինչպես էր հիմնավորում դատական համակարգի նվաճման գործընթացը, որ կարողանան զսպել քաղաքական ընդդիմությանը։ Հիշեցնեմ ՝ բազմաթիվ դատավորների նկատմամբ, որոնք կալանքի՝ դատարանի շրջանակում չէին բավարարում իշխանության ցանկությունները, նրանց նկատմամբ հարուցվում էին քրեական գործեր, լիազորությունները կասեցվում էին»։
Արծվիկ Մինասյանը հարցրեց՝ արդարադատության նկատմամբ այս աստիճանի բռնության ցանկությունը, կամքը, պահանջը ե՞րբ է ավարտվելու ու նշեց․ «Երբ վերջնականապես դատական համակարգը դառնա ՔՊ իշխանության կամակատա՞րը։ Արդեն քաղաքական նշանակումներով դատավորների եք նշանակում, քանի որ այստեղ ձեր մեծամասնությունը ոչ մի այլընտրանքային տարբերակ չի դիտարկում ոչ միայն դատավորների, ցանկացած այլ թեկնածության մասով։ Կարծեք առաջին անգամն է, երբ ընդդիմությունը թեկնածու է առաջադրում, ամբողջ թիմով հարձակվում եք և դնում եք քվեարկելու, վերջում ՔՊ որոշմամբ նշանակված անձին եք նշանակում։ Այս դատական բարեփոխում կոչվածը ևս մեկ անգամ վերահաստատում է՝ ՀՀ-ում դատական իշխանության զավթվել է ՔՊ-ի-ի կողմից»։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթից հետո արձագանքեց․ «Սա էլ ոնց որ 2008-ի մարտի 1-ից հետո ելույթ լիներ, երբ դատական իշխանությունն ակնհայտ գործողություններ էր անում նույն Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ