«Ավանդույթի համաձայն՝ ընդդիմությունից ելույթ ունեցողները խիզախորեն լքում են թատերաբեմը»,- ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանի և Արծվիկ Մինասյանի ելույթներից հետո ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Անդրադառնալով Աղվան Վարդանյանի այն պնդումներին, թե 90-ականներին պետականության մասին մտածող իշխանություններ կային՝ նա ասաց․ «Դաշնակցությունը 1992-ին պահանջում էր այդ նույն իշխանության հրաժարականը, երբ ՀՀ-ում, ԼՂՀ-ում պատերազմ էր։ Չեմ հասկանում՝ Դուք ձկան հիշողություն ունե՞ք, թե մտածում եք՝ մարդիկ ձկան հիշողություն ունեն։ Այստեղ մարդիկ են, որոնք քաղաքական հիշողություն ունեն։ Կամ, որ ասում է՝ ՔՊ չի լինելու։ Ասաց ու գնաց։ Հիմա ինքը չկա գոնե դահլիճում»։
Ըստ ՔՊ-ական պատգամավորի՝ 2020-ի նոյեմբերին այսօրվա ընդդիմադիրները մրցավազք էին սկսել, թե երբ այլևս չի լինելու ՔՊ իշխանությունը։ Հիշեց, որ ասում էին՝ մինչև Նոր տարի, մինչև Զատիկ, այս տարի էլ ասում էին՝ մինչև մայիսյան տոները։ Ու, դիմելով ՔՊ-ի ընդդիմախոսներին, ասաց․ «Գնալով ավելի պարալիզացվում եք։ Արդեն ծիծաղելի է Ձեր ասածը։ Ինքնաիրացվող մարգարեություն է ձեր մասին։ Պարոն Աղվան Վարդանյանը չարագուշակ բան էր պատմում ձեր ապագայի վերաբերյալ»։
Պատասխանելով Արծվիկ Մինասյանի այն դիտարկումներին, թե ինչ թեկնածու առաջադրում է ընդդիմությունը, իշխանությունը հարձակվում է նրա վրա, Հայկ Կոնջորյանն ասաց․ «Սա խորհրդարան է։ Եթե բանավեճը հարձակվել տրամաբանության մեջ պետք է ներկայացնեք, մենք այդպես չենք նայում։ Եթե այդքան մտածում եք դատական իշխանության մասին, մեղադրում եք, որ մենք ենք նշանակում հիմնական թեկնածուներին, եկեք, մասնակցեք և ձեր քվեով պաշտպանեք ձեզ ձայն տված անձանց կարծիքը»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ