264 ժամ արդեն շարունակվում է շրջափակումը, և իհարկե, ամեն մի ժամը մեծացնում է մարդկանց անհանգստությունն ու մտահոգությունը՝ դիմելով ողջ աշխարհով սփռված հայերին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Մենք անում ենք և անելու ենք ամեն ինչ։ Հասկանում ենք դժվարությունները, հասկանում ենք իրավիճակը, շատ բարդ իրավիճակ է։ 264 ժամ արդեն շարունակվում է բլոկադան, և իհարկե ամեն մի ժամը մեծացնում է մարդկանց անհանգստությունն ու մտահոգությունը», – ասաց նա։
Պետնախարարի խոսքով, իրենք արդեն հունի մեջ են ընկնում և երկուշաբթի օրվանից ուղիղ եթերներ կլինեն միայն որևէ միջադեպի դեպքում կամ հայտարարություններ անելու համար, քանի որ իրավիճակի մասին ամբողջ տեղեկատվությունը հնարավոր կլինի ստանալ օպերատիվ շտաբի լրատվական կենտրոնի միջոցով։
Արցախի պետնախարարը շնորհակալություն հայտնեց ամբողջ աշխարհի հայերին ու ոչ հայ ընկերներին, ովքեր իսկապես շատ անհանգիստ ու մտահոգված են և, աշխարհի տարբեր երկրներում ապրելով, փորձում են ամեն ինչ անել այս իրավիճակից դուրս գալու համար։
Կարդացեք նաև
«Մի շատ կարևոր հարցի եմ ուզում անդրադառնալ, որ մենք այս 11 օրերի ընթացքում փորձում ենք հարց լուծել, այդ հարցը լուծելով վնաս ենք տալիս պետությանը։ Շատ անգամ մարդիկ լավ մտադրությամբ փորձում են հարց լուծել, բայց այդ հարց լուծելը խանգարում է գործին, նպատակներին: Նորից ուզում եմ խնդրել` հարգենք պետությունը, հարգենք ղեկավարությունը, հարգենք հասարակությունը: Բայց այս իրավիճակում պետք է ճիշտ կոորդինացիա արվի, որ ոչ թե մեր անհատական կարծիքը հայտնենք, այլ որպես կենտրոն, որպես շտաբ անենք ամեն ինչ, յուրաքանչյուր առաջարկ քննարկենք, բայց դա չլինի առանձին-առանձին: Չնայած այս ամենին՝ վստահ եմ, որ գնալու ենք և հաղթահարելու ենք այս դժվարությունները ոչ թե որովհետև ինչ-որ մեկը մեզ օգնում է, այլ որովհետև մենք այդ ուժն ունենք և գնալու ենք առաջ»,- Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ