Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիտմա՞մբ են հայ մարդուն հեռացնում Եվրոպայից, բացահայտ ընտրում Օրբանի Հունգարիան, Ալիեւի Ադրբեջանը». «Ազգ»

Դեկտեմբեր 23,2022 11:50

Եվրոպան ի դեմս ԵՄ հանձնաժողովի նախագահ ազնվական ծագմամբ գերմանուհի քաղաքական գործիչ, 7 երեխաների մայր, մասնագիտությամբ բժիշկ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, պաշարված արցախցիներին եւ համայն հայերին նորից ապտակեց… Սեւ ծովով դեպի ԵՄ անդամ Ռումինիա ծրագրված ստորջրյա էլեկտրահաղորդման մալուխը, որ ավելի է ամրապնդում Ալիեւի դիրքը, կունենա ավելի քան 1100 կիլոմետր երկարություն: Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի եւ Հունգարիայի ղեկավարները շաբաթ օրը համապատասխան համաձայնագիր ստորագրեցին՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գոհունակ ժպիտի ներքո: Եվրոպառլամենտի պատգամավոր Մարտին Զոննեբորնի գրասենյակի ղեկավար Դասթին Հոֆմաննի թվիթն առավել քան խոսուն է՝ Երբ Ադրբեջանը կտրում է ԼՂ ժողովրդին մնացած աշխարհից, ֆոն դեր Լայենը նշում է նոր գործընկերությունը Բաքվի բռնապետության հետ. Ֆոն դեր Լայենը եղել եւ մնում է բարոյական այլասերվածը, գրել էր իրավաբան Հոֆմաննը: Ինձ տանջում է հետեւյալը՝ դիտմա՞մբ են հայ մարդուն հեռացնում Եվրոպայից, բացահայտ ընտրում Օրբանի Հունգարիան, Ալիեւի Ադրբեջանը…

Դեկտեմբերի 18-ին գերմանական RND -ն հրապարակեց՝ «Բունդեսթագի ՔԴՄ-ՔՍՄ խմբակցության արտաքին քաղաքական հարցերի խոսնակ Յուրգեն Հարդտի եւ «Կանաչների» խմբակցության արտաքին քաղաքական հարցերի խոսնակ Յուրգեն Տրիրինի պահանջը՝ «դադարեցնել Ադրբեջանի կողմից ԼՂ շրջափակումը»: Ըստ Հարդտի «Շրջափակողներին սատարում են Բաքվից, տեղի կառավարությունը շրջափակումը պիտի դադարեցնի, այլապես հումանիտար աղետի սպառնալիք կա»: Տրիտինը հավելել էր նաեւ՝ «Ալիեւին Եվրոպայից Լաչինի միջանցքն ազատելու հստակ ազդանշան է պետք տալ: Ադրբեջանի նոր դերակատարումը՝ որպես Եվրոպայի համար էներգակիրների կարեւոր մատակարարի, չպետք է հանգեցնի նրան, որ Բրյուսելում ձայն չբարձրացնեն»: Բայց հիշյալ երկու քաղաքական գործիչներն էլ մի երկրի են դիմում՝ «խաղաղության երաշխավորի ինքնահռչակ առաքելություն ստանձնած Ռուսաստանն իր դերակատարման մեջ թերանում է: Հայաստանը պիտի ընդունի, որ Ռուսաստանը որպես պաշտպան երկիր հարմար չէ, ՀՀ-ն ու Ադրբեջանը ԵՄ-ին պիտի դիմեն որպես միջնորդի: Թուրքիան էլ իր դաշնակից Ադրբեջանի վրա պիտի ազդի՝ կյանքի կոչելու տեւական խաղաղ լուծումը: Ադրբեջանի մշտական սադրանքները տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության թուլացման արտահայտություն են, իսկ Պուտինի՝ ՌԴ-ի գերտերության երեւակայությունը ավելի կնպաստի կովկասյան տարածաշրջանի ապակայունացմանը»:

Դեկտեմբերի 18-ին գերմանական ntv-ին հարցազրույց էր տվել «Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի» հարավկովկասյան մասնաճյուղի ղեկավար Շտեֆան Մալերիուսը: «Հայաստա՛նը պետք է ԵՄ-ի գործընկեր լինի, ո՛չ Ադրբեջանը» վերնագրով ծավալուն հրապարակման մեջ ուշագրավ փաստեր կան, այն՝ որ Ադրբեջանն ի վիճակի չէ ԵՄ-ին խոստացած գազի ծավալները կրկնապատկել, այն՝ որ Եվրոպայի համար շահադիտական է թուրքմենական գազը Ադրբեջանի միջոցով ստանալը, այն՝ որ եվրոպացիները տեղյակ են Ադրբեջանի «Գազպրոմի» հետ կնքած պայմանագրից, ուստի ռուսական գազը Ադրբեջանի միջոցով հասնելու է իրենց: Խիստ ուշագրավ է մի բացահայտում. Այն, որ Ադրբեջանի՝ ԵՄ-ի վստահելի առեւտրային գործընկեր լինելու մասին կասկածը փարատված չէ: «Ադրբեջանը Եվրոպայի համար պրագմատիկ գործընկեր է, բայց ստրատեգիական (ռազմավարական) գործընկեր չի կարող լինել»,- ասում է Մալերիուսը: Ավտորիտար երկիր է, Հայաստանի հանդեպ խիստ ագրեսիվ, սեպտեմբերյան հարձակումից հետո գրավված է պահում ՀՀ տարածքի մի մասը: Հայաստանը ի հակադրություն Ադրբեջանի, ժողովրդավար երկիր է: Հայաստանը հետաքրքրություն ունի Եվրոպային մերձենալու, իսկ Ադրբեջանն ուզում է էներգակիրներ վաճառել Եվրոպային, բայց եվրոպական դեմոկրատական ստանդարտներին մերձենալու ցանկություն չունի»:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031