Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելի հետ քննարկել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը:
Ինչպես հաղորդվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ, կողմերը քննարկել են տարածաշրջանում ընթացիկ իրավիճակը, «Ադրբեջանի քաղհասարակության բողոքի ցույցի պատճառները», Հայաստանում ԵՄ առաքելությունը, ինչպես նաև Բաքվի և Բրյուսելի միջև երկկողմ օրակարգի արդիական հարցեր:
Բայրամովն ասել է, որ Լաչինի «խաղաղ ակցիան կրում է օրինական բնույթ», և իրականացվում է «Ադրբեջանի տարածքում օգտակար հանածոների անօրինական շահագործման» և դրա հետ պայմանավորված բնապահպանական խնդիրների դեմ: Նա նաև ասել է, որ Լաչինի միջանցքը նախատեսված է բացառապես մարդասիրական նպատակների համար, իսկ հայկական կողմը չարաշահում է դա և այն օգտագործում այլ նպատակներով:
Բայրամովը նաև հերքել է «անհիմն մեղադրանքներն» այն մասին, որ ադրբեջանական կողմը փակել է Լաչինի միջանցքը: Նա ընդգծել է, որ «ամեն օր մշտապես մի շարք տրանսպորտային միջոցներ օգտագործում են այն, չկա որևէ խոչընդոտ, որպեսզի տեղի բնակչությունն օգտագործի այն մթերք տեղափոխելու կամ բուժական ծառայությունների նպատակով»:
Կարդացեք նաև
Բորելն իր հերթին մտահոգություն է հայտնել ստեղծված լարվածության կապակցությամբ՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ