Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Իրանում մոլորություն են համարում Ալիեւի հաշվարկը, թե Լաչինը փակելով կարող է ստիպել Հայաստանին՝ միջանցք տրամադրել Ադրբեջանին. «Ազգ»

Դեկտեմբեր 23,2022 11:00

Մինչ պաշտոնական հայտարարության շրջանառումը, Իրանը  նպատակահարմար էր համարում  իր տեսակետներն ու մտահոգություններն արտահայտել այլ խողովակներով՝ Իրանի ազգային շահերի նկատմամբ զգայուն վերաբերմունք ունեցող իրանցի վերլուծաբանների  միջոցով, որոնք այս օրերին հաճախ են անդրադառնում Լաչինի թեմային ու դրա հումանիտար հետեւանքներին:

Այս առիթով ուշագրավ հոդված է հրապարակել Արցախն Իրանի տարածքային ամբողջականության տեսակետից «կարմիր գիծ» համարող  իրանցի երիտասարդ վերլուծաբան Մոհամմադ Հոսեին Մասումզադեն: Ըստ հեղինակի, ժամանակին Թեհրանը Արցախի հարցում մեծ ներդրումներ է կատարել եւ, ինչպես վերլուծաբանն է արձանագրում, որոշակի դեր խաղացել Հայաստանի արտաքին քաղաքականության «ղարաբաղիզացման» հարցում: Մասումզադեն, որն իր նյութի հրապարակման համար ընտրել է «IRANIAN DIPLOMACY» էլեկտրոնային կայքի հարթակը, ղարաբաղյան «կարմիր գծերը» չխախտելու միակ ելքը տեսնում  է տարածաշրջանային հարցերում Իրանի որդեգրած պաշտպանական կեցվածքից հարձակողական գործելաոճին անցնելու մեջ:

Կովկասյան անցուդարձերին ուշի-ուշով  հետեւող իրանցի հայտնի  վերլուծաբան Բեհեշթիփուրը, որի հայացքները հաճախ համընկնում են Իրանի պաշտոնական տեսակետներին, «khabaronline» էլեկտրոնային կայքին տված հարցազրույցում, Լաչինի միջանցքը փակելու Ադրբեջանի որոշումը  համարել է ի վնաս Բաքվի, որն ավելի է խորացնելու Ադրբեջանի միջազգային մեկուսացումը: Վերլուծաբանը մոլորություն է համարում Ալիեւի այն  հաշվարկը, թե Լաչինը փակելով  կարող է ստիպել Հայաստանին՝ իր տարածքում միջանցք տրամադրել Ադրբեջանին:

Հայտնի են նաեւ Լաչինի միջանցքը փակելու առիթով այլ վերլուծաբանների, այդ թվում՝ Էհսան Մովահեդիանի արտահայտած տեսակետն առ այն, որ  ներկա իրավիճակից ելնելով, Թեհրանը պետք է դիտարկի դիվանագիտական ու ռազմական քայլեր ձեռնարկելու հնարավորությունները:

Էհսան Մովահեդիանը «IRANIAN DIPLOMACY» կայքի հարթակից անդրադարձել է «բնապահպանների» կեղծ քողածածկույթով հանդես եկող Ադրբեջանի անվտանգության ծառայության ներկայացուցիչների կողմից  Արցախի բլոկադային, ու զուգահեռներ անցկացրել այդ հակամարդկային ակցիայի, ու բլոկադայի օրերին Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի Երեւան այցելության միջեւ: Վերլուծելով Արցախի ու Հայաստանի շուրջ ընթացող իրադարձությունները, Մովահեդիանը հանգել է որոշ եզրակացությունների: Մասնավորապես, հեղինակի կողմից տեսակետ է ներկայացվում,  որ   արցախյան ճգնաժամի երկարաձգման հետեւանքով, ինչը անհնարին է դարձրել լիարժեքորեն իրագործել ավելի քան 60 մլրդ. դոլար արժողությամբ ոսկու, պղնձի եւ մոլիբդենի հանքերով հարուստ տարածքներ ներթափանցելու Ադրբեջանի, Թուրքիայի ու Իսրայելի համատեղ ծրագրերը, որոշում է  կայացվել այս անգամ խաղալ   բաց  խաղաքարտերով,  եւ Երեւան գործուղել Մեծ Բրիտանիայի ներկայացուցչին:

Գրիգոր ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031