Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է գործող օրենքով սահմանված առավելագույն արագությունը գերազանցելու իրավունք վերապահել շքախմբում ներգրավված ավտոմեքենաներին․ «Հրապարակ»

Դեկտեմբեր 23,2022 10:41

ՀՀ կառավարությունը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ` առաջարկելով որոշ փոփոխություններ կատարել կառավարական էսկորտների երթեւեկությանը վերաբերող կանոններում եւ «ապահովել հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման, էսկորտ ուղեկցման, ինչպես նաեւ ավտոտրանսպորտային շարասյուների երթեւեկության անվտանգության առավել արդյունավետ իրականացումը»։

Նշենք, որ կառավարական ավտոշարասյուների երթեւեկությունը կարգավորվում է 2006 թվականի օգոստոսի 18-ին կառավարության ընդունած «Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման եւ էսկորտ ուղեկցման, ավտոտրանսպորտային շարասյուների անվտանգ երթեւեկության ապահովման կարգը հաստատելու մասին» N 1467-Ն որոշմամբ։ Հենց այս որոշման մեջ էլ գործադիրը, իսկ ավելի կոնկրետ` Ազգային անվտանգության ծառայությունը, առաջարկել է կատարել հետեւյալ փոփոխությունները։ Մասնավորապես, հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման ժամանակ երթեւեկության անվտանգության համար պատասխանատվությունը դնել վարորդների վրա, մինչդեռ գործող կարգավորմամբ, նման դեպքերում պատասխանատվություն են կրում ուղեկցող շարասյան ղեկավարները (ուղեկցող խմբի ավագը):

Մեկ այլ կարգավորմամբ էլ առաջարկվում է գործող օրենքով սահմանված առավելագույն արագությունը (բնակավայրերում՝ մինչեւ 100 կմ/ժ, բնակավայրերից դուրս՝ 120 կմ/ժ) գերազանցելու իրավունք վերապահել շքախմբում ներգրավված ավտոմեքենաներին։ Դրա համար առաջարկվում է սահմանել բացառություն` «հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներով երթեւեկող անձանց կամ անվտանգությունն ապահովելու նպատակով ուղեկցման եւ էսկորտ ուղեկցման համար ներգրավված ավտոմոբիլներով եւ մոտոցիկլետներով երթեւեկող անձանց վրա հարձակման կամ դրա անմիջական սպառնալիքի դեպքերի» համար։ Նկատենք, որ առաջարկվող կարգավորումը չի հստակեցնում, թե ինչ հարձակման կամ սպառնալիքի դեպքում է ուղեկցողներին իրավունք վերապահվում սահմանված առավելագույն արագությունը գերազանցել։ Հետեւաբար, այս դրույթը եւս հետագայում կարող է մեկնաբանվել կամայականորեն, այն է՝ իր ստվերից վախեցող վարչապետն ու նրան ուղեկցողները կարող են ամեն վայրկյան կարծել, թե վտանգ կա, ու գերազանցելով արագությունը՝ սպառնալիք ներկայացնել քաղաքացիների կյանքին։

Մինչդեռ թվում էր, թե այս տարվա ապրիլին տեղի ունեցած դաժան ողբերգությունը պետք է սթափեցներ պատասխանատուներին, եւ կանոնակարգեին ուղեկցման գործողությունները, նաեւ նվազեցնեին հանրապետության փողոցներով սլանալու արագությունը, այլ ոչ թե օրինականացնեին այդ անհեթեթ ու վտանգավոր սլացքը:

Այժմ, փաստորեն, տեղի է ունենում ճիշտ հակառակը․ Նիկոլ Փաշինյանն իրեն ապահովագրում է նման միջադեպերից, որ եթե հետագայում եւս մեկն ընկնի մեքենայի տակ, ոչ մեկը դրա համար պատասխանատվության չենթարկվի, եւ անգամ հանրային աղմուկ չբարձրանա։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031