Լրահոս
Օրվա լրահոսը

Հոտառության կորուստը՝ «ածխահանքում հայտնված դեղձանիկ»․ զարմանալի փաստեր հոտառության և առողջության կապի մասին

Դեկտեմբեր 23,2022 09:30

«Սովորաբար կանանց հոտառությունն ավելի զարգացած է, քան տղամարդկանցը, և այդ տարբերությունը տարիքի հետ ավելի նկատելի է դառնում»,-ասում է Փենսիլվանիայի համալսարանական հիվանդանոցի Համի և հոտառության կենտրոնի տնօրեն Ռիչարդ Դոտին։

Այդ տարբերության պատճառն այնքան էլ պարզ չէ, սակայն այն նկատելի է բարուրից սկսած. «Եթե դուք օրորոցի մեջ դնեք կերակրող մոր կրծկալը, ու հետևեք տարբեր սեռի նորածինների պահվածքին, կնկատեք, որ աղջիկներն ավելի արագ կարձագանքեն», -ասում է նա։ Բրազիլիայում անցկացված հետազոտությունը հաստատել է այդ պնդումը․ հետազոտվել է հոտառությունը սրող հանգամանքներում (օրինակ՝ ռեստորանի խոհանոցում) աշխատող 55-ից բարձր կանանց ու տղամարդկանց գլխուղեղը և բացահայտվել, որ կանանց մոտ հոտառական սոխուկներում բջիջները 43 տոկոսով ավելի շատ են, քան տղամարդկանց մոտ։

Սա մեր հոտառությանը վերաբերող հետաքրքիր փաստերից միայն մեկն է։ Քովիդ-19-ի բացասական ազդեցությունը հոտառության վրա հասարակության ու գիտնականների ուշադրությունը հրավիրեց հոտառության ուսումնասիրությանը վերաբերող խնդիրներին, մշակվեց հոտառության կորուստը որոշող արագ, պարզ ու մատչելի թեստ։

Քովիդ-19-ի ժամանակ հոտառության կորուստն առանձնացավ անսովոր դրսևորումներով, որը գիտնականներին մտածելու տեղիք տվեց վիրուսների՝ հոտառության վրա ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ ազդեցությունների վերաբերյալ։ Այժմ մենք գիտենք, որ մեր հոտառությունը սերտորեն կապված է մեր առողջության հետ, և օրերից մի օր այն անգամ հիվանդությունների ախտորոշման ու օրգանիզմի ընդհանուր վիճակի մասին տեղեկություններ հաղորդող միջոց կարող է դառնալ։

Ինչ է տեղի ունենում, երբ մենք բույրեր ենք զգում

Ամեն օր մենք հարյուրավոր հոտեր ենք շնչում՝ անգամ չմտածելով, թե ինչպես է դա տեղի ունենում։ Բույրը ենթադրում է մոլեկուլների արտազատում, մենք շնչում ենք այդ մոլեկուլները քթի ծայրով, որտեղ տեղակայված են 6 – 10 միլիոն հատուկ ընկալիչներ։ Ընկալիչներն ազդակներ են հաղորդում հոտառական սոխուկին ու տեղի է ունենում բույրի ճանաչումն ու արձագանքը։ Երբեմն դա շատ արագ է տեղի ունենում, երբեմն որոշ ժամանակ է անհրաժեշտ լինում, երբեմն էլ ընդհանրապես բույրը չի զգացվում (օրինակ՝ հարբուխի ժամանակ, երբ լորձը կարծես արգելակում է մոլեկուլի ճանապարհը)։

Նյարդակենսաբան, հետազոտող Ջոել Մեյնլենդը կարծում է, որ կան 40 միլիոն մոլեկուլներ, որոնք բույր ունեն, դրանցից որոշների բույրը միանման է, կամ ընկալելի չէ մարդու կողմից, սակայն ըստ Ռիչարդ Դոտիի մենք կարող ենք տարբերակել տասնյակ կամ անգամ հարյուր հազարավոր բույրեր։

Ընդ որում, մասնագետներն ընդգծում են համի և հոտառության ընկալիչների կապը․ «Շատ բաներ, որոնք մենք ընկալում ենք որպես համ, իրականում կապված է հոտառության հետ», – նշում է Ռիչարդ Դոտին։

Հետաքրքիր է, որ այն ընկալիչները, որոնք կան քթում, հայտնաբերվել են նաև երիկամներում, սրտում և թոքերում։ Մեյնլենդը կարծում է, որ այդ բջիջները մի քանի գործառույթներ են իրականացնում, օրինակ դրանք կան քներակի շրջանում և «կարծես թե ընդունակ են ընկալելու թթվածնի և ածխաթթու գազի քանակը»։

Բույրերը նաև կարող են հիշողություններ արթնացնել, օրինակ՝ օծանելիքի բույրը կարող է ստիպել մտածել այն մարդու մասին, որը կրում էր այդ օծանելիքը կամ հիշել տատիկին՝ նոր թխվող կարկանդակի բույր զգալիս։ «Հոտառական այդ հիշողությունները» տեղի են ունենում, քանի որ գլխուղեղի՝ բույրերի մշակման կենտրոնը կապված է զգացմունքների և հիշողության կենտրոնի հետ։ Օրինակ՝ Արևմտյան Վիրջինիայի համալսարանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ դարչինի հոտը բարելավում է գլխուղեղի աշխատանքը՝ հիշողությունը, և կարող է օգտակար լինել թուլամտության բուժման ժամանակ։

Ինչ կարող է պատմել հոտառությունը ձեր առողջության մասին

Բ․գ․թ․, Չիկագոյի բժշկական համալսարանի պրոֆեսոր Ջայանթ Պինտոն հոտառության կորուստը համեմատում է ածխահանքում հայտնված դեղձանիկի հետ․ «Անմիջական մահ դա չի առաջացնում, բայց նախանշում է այն»։

Կան մի շարք հետազոտություններ, որոնք հոտառական դիսֆունկցիան կապում են նեյրոդեգեներատիվ հիվանդությունների (Ալցհեյմերի, Պարկինսոնի հիվանդություններ) և աուտոիմունային խանգարումների (ցրված սկլերոզ, Կրոնի հիվանդություն) հետ։

«Հոտառական խանգարումները կարող են այս հիվանդությունների շատ վաղ նախանշանները լինել», -նշում է Դոտին՝ խորհուրդ տալով դիմել մասնագետի հոտառական խանգարումներն ի հայտ գալուն պես։

Հիվանդության հոտը նույնպես հնարավոր է տարբերակել։ «19-րդ դարում բերանից եկող ացետոնի բույրը դիաբետի նշան էր համարվում», -ասում է Դոտին։ «Նյութափոխանակության խանգարում կա, որն անվանվում է  թխկու օշարակի հիվանդություն, որի դեպքում մեզը քաղցր հոտ ունի։ Բժշկական գրականությունում բազմաթիվ են օրինակները, երբ մաշկի հոտը կապվում է որոշակի հիվանդությունների հետ»։

Ինչպես լսողությունը և տեսողությունը, այնպես էլ հոտառությունը տարիների ընթացքում թուլանում է։ Ներկայումս լայնորեն հետազոտվում է այն հարցը, թե հնարավոր է արդյոք բարելավել հոտառությունը կամ դանդաղեցնել, թեկուզ և կանգնեցնել հոտառության տարիքային կորուստը, սակայն հայտնի է, որ ընկալիչների բջիջները վիրուսների կամ դժբախտ պատահարների ազդեցությամբ վնասվելով այլևս չեն վերականգնվում։

Սակայն հնարավոր է ավելի լավ տարբերակել բույրերը։ «Հոտառության մարզում» կոչվող նորաձև հասկացությունը մի քիչ մոլորության մեջ է գցում, քանի որ իրականում մենք մարզում ենք գլխուղեղը՝ սովորելով ճանաչել ու տարբերակել նորանոր բույրերը, այնպես, ինչպես սոմելյեն է անընդհատ փորձում գինու տարբեր տեսակները՝ դրանց բույրերի նրբերանգները տարբերակելու համար։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031