Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հավատաց, թե պատերազմը կարող է լուծել իրենց խնդիրները»

Դեկտեմբեր 23,2022 13:30

Վերջին շրջանում աշխարհում մեծ հետաքրքրություն է առաջացրել սլովենացի գրող, պոետ, սցենարիստ եւ ռեժիսոր Գորան Վոյնովիչի «Հարավսլավիա, իմ հայրենիք» վեպը, որը թարգմանվել է 20 լեզվով։ Արդեն այս վեպը հասանելի է մեր ընթերցողին նույնպես։ Այս մասին «Առավոտին» հայտնեց «Էջ» հրատարակչության հիմնադիրներից Աննա Բաղրամյանը, նշելով, որ մեր երկրում առաջին անգամ է ներկայացվում գրողը, իսկ թարգմանիչն է Աստղիկ Սարգսյանը։ Նա ասաց, որ վեպը կարդացվում է իսկապես մեկ շնչով, ավելին՝ մեկ անգամ ընթերցելուց հետո իսկույն վերընթերցելու ցանկություն է առաջանում եւ կարծես ասվածի հավաստում մեջբերեց վեպից մի փոքր հատված.

«… Դու պետք է իմանաս, թե որն էր նրանց նպատակն ամենասկզբից։ Կոսովոյից սկսած։ Նրանց նպատակը միշտ էլ եղել է մասնատել Հարավսլավիան ու կոպեկներով գնել… Չէին կարող գնել ամբողջ Հարավսլավիան, որովհետեւ մենք շատ մեծ ու հզոր էինք, ուստի սկսեցին մասնատել, կտոր-կտոր անել։ Դրանից էլ հեշտ բա՞ն, մաս-մաս, կտոր-կտոր. նախ Կոսովոն, դրանից առաջ՝ Սլովենիան, վաղը՝ Մոնտենեգրոն, Վոյեվոդինան ու Բոսնիա-Հերցեգովինան։ Բաժանիր, որ տիրես՝ ի սկզբանե սա է եղել նրանց ծրագիրը։ Բայց Սերբիային, որն ամենաուժեղն ու ամենախոշորն էր, ու հրաժարվեց վաճառվել, նախ հռչակեցին ագրեսոր, հետո՝ ֆաշիստական պետություն, մեղադրեցին միլիոնավոր պատերազմական հանցագործությունների համար, առեւանգեցին նախագահին, իսկ վերջում, երբ խեղճ երկիրը փուլ եկավ, «ձրի վերցրին», բերեցին կեղծ վարչապետ, մի անբան Դինդիչից, եւ այդ ամբողջ ընթացքում ձեւացրին, թե փրկում են Սերբիան… Ինչպես տեսնում ես, մեզ փրկում են մեր ժողովրդից, օրինակ, ասենք՝ Նեդելկոյից, բայց դու, ես, Աստված ու մարդիկ գիտեն, որ նրա պես մարդկանցից փրկելու կարիք չկա, գիտեն, որ նա պայքարում էր իր երկրի համար, ինչպես ցանկացած իսկական զինվոր կաներ։ Գիտես, բոլորին կարելի է կռվել իրենց երկրի համար, բացի սերբերից։ Մեզ՝ մեր երկրի համար կռվողներիս, ագրեսորի, նվաճողի, հանցագործի պիտակ են կպցնում»։


Աստղիկ Սարգսյանի միջոցով կապ հաստատեցինք Գորան Վոյնովիչի հետ։

– Պարոն Վոյնովիչ, համոզված ենք, որ գիտեք Լեռնային Ղարաբաղի շուրջ 1988-94թթ. տեղի ունեցած տարածաշրջանային հակամարտության եւ 2020թ. պատերազմի մասին։ Կարելի՞ է զուգահեռներ տանել Հարավսլավիայի շուրջ կատարվածի հետ։

– Կոնֆլիկտները, իմ կարծիքով, դժվար է համեմատել, նույնիսկ եթե կան շատ զուգահեռներ։ Որովհետեւ, ինչպես ասում են՝ «սատանան մանրուքների մեջ է» եւ որովհետեւ ներքին ու արտաքին համատեքստը միշտ մի փոքր տարբերվում է, ինչպես հիմա Ուկրաինայում է, որտեղ մենք կարող ենք նաեւ շատ զուգահեռներ տեսնել Հարավսլավիայի պատերազմի հետ, հատկապես ազգայնական քարոզչության տեսանկյունից։ Բայց, ինչպես տեսնում ենք, աշխարհաքաղաքական իրավիճակը բոլորովին այլ է։

Այնուամենայնիվ, ինձ համար կա մի հետաքրքիր զուգահեռ, որը կարելի է նաեւ դիտարկել Սիրիայում եւ Աֆղանստանում պատերազմների դեպքում։ Այդ բոլոր հակամարտությունները բնորոշ էին տեղայինին, սակայն, միեւնույն ժամանակ, գլոբալ էին։ Այս բոլոր պատերազմները մտել են մեր բոլորի տներն ու ընտանիքները, համայնքները, միեւնույն ժամանակ քննարկվել ամենաբարձր աշխարհաքաղաքական մակարդակներում, բազմաթիվ քաղաքական ու կապիտալիստական շահերի ներգրավվածությամբ։ Նման թունավոր խառնուրդը շատ դժվար է ընկալել եւ ավելի դժվար է լուծել։

Չնայած այս ամենին, ես իսկապես հավատում եմ, որ յուրաքանչյուր հակամարտություն համանման հարցեր է ենթադրում, եւ որ գրականությունը հենց այդ հարցերի մասին է. ինչպե՞ս է ստացվում, որ մարդիկ վերածվում են զինվորների կամ նույնիսկ մարդասպանների։ Ինչպե՞ս է լինում, որ հարեւանները, ընկերներն ու նույնիսկ հարազատները դառնում են թշնամիներ, որ բարի մարդիկ պատերազմական հանցագործներ են դառնում։ Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հավատաց, թե պատերազմը կարող է լուծել իրենց խնդիրները։ Սրանք այն հարցերն են, որոնք գրեթե նույն կերպով ենթադրում է յուրաքանչյուր պատերազմ։

– Դուք՝ որպես գրող, կինոռեժիսոր, հավատո՞ւմ եք արվեստի, ասենք՝ հետպատերազմյան տրավմաները մեղմելու ուժին։ Դուք հավատո՞ւմ եք, որ արվեստի ուժը կարող է կասեցնել պատերազմները։ Ուրիշ ի՞նչ կարող է անել արվեստը կամ, այլ կերպ ասած՝ ինչո՞ւ է անհրաժեշտ նմանատիպ պատմությունները պատմել։ Ըստ ձեզ՝ ինչո՞ւ ձեր գիրքը հաջողություն ունեցավ աշխարհում։

– Ես չեմ հավատում, որ արվեստը կախարդական ուժ ունի։ Այն միանշանակ չի կարող կանգնեցնել պատերազմը կամ բուժել հետպատերազմյան տրավմաները։ Բայց այն կարող է այդ գործընթացի մի մասը կազմել։ Պատմություններ պատմելով մենք փորձում ենք մեր անցյալի խնդիրներին լուծում գտնել։ Մենք փորձում ենք ամբողջ ցավը, տառապանքն ու անհեթեթությունները դնել ինչ-որ հերթականության մեջ։ Մեզ պե՛տք են պատմություններ, որպեսզի ավելի լավ հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել մեզ հետ։ Այդ է պատճառը, որ ես ինձ չեմ հարցնում, թե ինչու են մեզ պետք այսպիսի պատմություններ։ Պարզապես գրում եմ այն, ինչ պետք է գրեմ, կարդում այն, ինչ պետք է կարդամ։ Ես պետք է պատմեի այսպիսի պատմություն, որպեսզի կարողանայի գտնել այն հարցերի պատասխանները, որոնք ունեի պատերազմի տարիներից ի վեր։ Ես պետք է դրանք կարգավորեի, դնեի որոշակի հարթության մեջ, եւ ես արեցի դա։ Եվ կարծես շատ մարդիկ կան, ովքեր կարիք ունեն կարդալու նման պատմություն։ Որոշ ընթերցողներ, հավանաբար, պարզապես ցանկանում են տեղեկանալ պատմական նման բարդ իրադարձության մասին, մինչդեռ մյուսները գուցե փնտրում են այն հարցերի պատասխանները, որոնք ես եմ փնտրում։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031