Աննա Հակոբյանը երիտասարդ գրող է։ Նա արցախցի է, բայց սովորում է Երեւանում։ Նա երազում է, որ օր առաջ բացվի իր տան ճանապարհը ու կարողանա տեսնել Արցախում ապրող իր ընտանիքի անդամներին։ Այդ մասին նա հայտնել է մեզ հետ փոքրիկ զրույցում:
– Աննա, ի՞նչ զգացողություններ ունես այսօր, երբ Արցախի համար բարդ ժամանակներ են:
– Անչափ ցավում եմ, որ թշնամին իմ հայրենիքում է, այն համարում է իրենը, տոնում է իր «փառահեղ» հաղթանակը, ճանապարհ է փակում։ Բնապահպանության կեղծ քողի ներքո թուրք-ադրբեջանական դաշինքը ցանկանում է հայաթափել Արցախը, իսկ արցախցին այլ երկրում ապրելու մասին չի մտածում…
– Ի՞նչ են պատմում Բերձորի միջանցքի փակ լինելու պատճառով պաշարված արցախցիները:
– Արցախում երկու քույրերս են իրենց ընտանիքներով, մորաքրոջս ընտանիքը եւ շատ ընկերներ։ Բոլորս էլ անհանգիստ ենք այս իրավիճակից, բայց իրար սիրտ ենք տալիս, չենք ուզում մտածել սովի, պատերազմի մասին։ Գիտեմ, որ շատերը մնացել են առանց աշխատանքի, հիվանդանոցներում կան ծանր վիճակում գտնվող հիվանդներ, որոնք կես ճանապարհից հետ են դարձել՝ տեսնելով, որ ճանապարհը փակ է։
– Ինչպե՞ս է լուծվում սննդի հարցը Արցախոմ։
– Թշնամին փորձում է հումանիտար աղետ ստեղծել Արցախում, բարի ձեւանալով՝ թույլ տալով, որ ռուս խաղաղապահների սնունդով բեռնված մեքենաներն անցնեն, բայց երկու մեքենա սնունդը 50 ընտանիքի էլ չի հերիքի…
– Ըստ ձեզ՝ ճանապարհը ե՞րբ կբացվի, կամ ինչի՞ դիմաց։
– Կարծում եմ, թեկուզ ճանապարհը բացվի, թշնամին կսկսի մեր դիրքերը կրկին հրետակոծել։ Սա նոր պատերազմի սկիզբ է, պատերազմ, որտեղ Հայաստանն ու Արցախը միայնակ են իրենց դարավոր խնդրի առջեւ։ Ադրբեջանն ուզում է ճանապարհը բացել, բայց պայմանով, որ պարենք իր դուդուկի տակ։ Ռուս խաղաղապահներն այս պահին ժողովրդին թողել են շրջափակման մեջ եւ, գուցե ինչ-ինչ պայմանավորվածություններ կան ադրբեջանցիների հետ, իսկ մյուս երկրները բավարարվում են կոչերով։ Եվ թող Աստված տա այն խաղաղությունը, որի համար պայքարում է հայ ազգը, եւ բացվի ինձ տուն տանող ճանապարհը։
Զրույցը՝ Ալբինա ՀՈՎՍԵՓՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.12.2022