Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ձախողված, պարտված դիվանագիտություն

Դեկտեմբեր 23,2022 12:00

Այսպիսի թույլ, «անողնաշար» քաղաքականության պայմաններում միջազգային հանրությունից մենք դատապարտված ենք լսել նույնանման տեքստեր՝ «խորը մտահոգությունների», «անհանգստությունների» ու ձեւական «կոչերի» մասին

Հայաստանի պահանջով ՄԱԿ Անվտանգության խորհուրդը քննարկեց Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։ Հայաստանը կոչ արեց ՄԱԿ-ի կառույցներին փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ տեղում ստեղծված իրավիճակին ծանոթանալու համար։ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նշեց. «Ստեղծված իրավիճակում մենք կոչ ենք անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին քայլեր ձեռնարկել՝ պահանջելով, որպեսզի Ադրբեջանը լիարժեք հարգանք ցուցաբերի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների հանդեպ եւ անմիջապես ու առանց նախապայմանների ապաշրջափակի Լաչինի միջանցքը՝ վերացնելով անվտանգ եւ անարգել տրանսպորտային երթեւեկության բոլոր խոչընդոտները։ Կոչ ենք անում նաեւ փաստահավաք առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք եւ Լեռնային Ղարաբաղ՝ տեղում ստեղծված հումանիտար կացությունը գնահատելու եւ ՄԱԿ-ի մարդասիրական կառույցների անարգել մուտքը ապահովելու համար»։

Լաչինի միջանցքում ստեղծված կացությանն իրենց ելույթներում անդրադարձան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի տասնյակից ավելի երկրների դիվանագետները՝ այդ թվում՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի բոլոր մշտական անդամները։ Ֆրանսիայի ներկայացուցիչը պահանջեց անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը եւ հնարավորություն տալ ՄԱԿ-ի կառույցներին մուտք գործել տարածաշրջան։ Միացյալ Նահանգների ներկայացուցչի ելույթը նվիրված էր Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող ճանապարհի փակման թե՛ մարդասիրական եւ թե՛ քաղաքական հետեւանքներին։ «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի օգտագործման հարցում խոչընդոտների շարունակական առկայության եւ աճող մարդասիրական հետեւանքների առթիվ։ Թույլ տվեք շատ հստակորեն արտահայտվել՝ Լաչինի միջանցքի օգտագործման հարցում հարուցվող խոչընդոտները խաղաղ գործընթացում հետընթացի են հանգեցնում։ Դրանք խաթարում են այս գործընթացի հանդեպ առկա միջազգային վստահությունը։ Նման գործողությունները ծանրագույն մարդասիրական խնդիրների կարող են հանգեցնել։ Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը եւ միջանցքի անվտանգության համար պատասխանատու մյուս ուժերին՝ շուտափույթ կերպով վերականգնել ազատ տեղաշարժը՝ այդ թվում մարդասիրական եւ առեւտրային նպատակներով», – նշեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին մասնակցող Միացյալ Նահանգների ներկայացուցիչը։

Ռուսաստանի ներկայացուցչի խոսքով՝ ճգնաժամի սկզբից ի վեր Ռուսաստանն է, որ ակտիվորեն աշխատում է դրա հաղթահարման ուղղությամբ։ «Ակնկալում ենք, որ լիարժեք տրանսպորտային հաղորդակցությունը կվերականգնվի ամենամոտ ապագայում։ Ռուսական կողմը՝ Պաշտպանության նախարարության, խաղաղապահ զորախմբի, նաեւ ԱԳՆ ներգրավմամբ վերջին օրերին գործադրում է բոլոր անհրաժեշտ ջանքերը Լաչինի միջանցքում իրավիճակի շուտափույթ կարգավորման համար։ Ադրբեջանցի եւ հայ գործընկերների հետ պարբերական շփումներ են կազմակերպված։ Այդ աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել հասնել Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման վերականգնմանը եւ Լաչինի միջանցքի մասնակի ապաշրջափակմանը։ Համաձայնեցվում են Ադրբեջանի բնապահպան փորձագետների՝ Լեռնային Ղարաբաղի հանքավայրեր այցելությունների չափանիշները»,-ասաց Ռուսաստանի ներկայացուցիչը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում հնչած ամենահասցեական հայտարարության հեղինակը Իռլանդիայի ներկայացուցիչն էր, որը նշեց. «Իռլանդիան կոչ է անում ադրբեջանական իշխանություններին առանց նախապայմանների վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան։ Կոչ ենք անում նաեւ շարունակել հաշտեցման գործընթացը, ինչը թույլ կտա խուսափել մարդկային կյանքերի հետագա անիմաստ կորստից։ Իռլանդիան կողմ է հարցի բանակցությունների միջոցով ձեռք բերված, համապարփակ լուծմանը՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղի երկարաժամկետ կարգավիճակի հստակեցմանը։ Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը բանակցությունների միջազգային ձեւաչափին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին, որն էլ պետք է հասնի վերը նշված նպատակի իրագործմանը»։

Հայաստանը դիմում էր ներկայացրել, որպեսզի ՄԱԿ Անվտանգության խորհրդում քննարկվի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը: Արցախը մոտ է հումանիտար աղետին, իսկ պաշտոնական Երեւանին չհաջողվեց ՄԱԿ-ի ԱԽ-ում Ադրբեջանին ներկայացնել որպես ագրեսոր պետություն: Եթե պետությունը այսպիսի իրավիճակում նախաձեռնում է ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկում, ապա նա պետք է ձգտեր ապահովել Հայաստանի գործընկեր երկրների միջոցով՝ կոշտ ու հասցեական ելույթներ պաշտոնական Բաքվի ուղղությամբ:

Հայաստանի կառավարության թիվ մեկ գերխնդիրը արցախահայությանը պաշտպանելը պետք է լինի՝ բացի հայտարարելուց, որ՝ «Լաչինի միջանցքի անվտանգության ապահովողը Ռուսաստանն է», որովհետեւ, եթե ըստ պաշտոնական Երեւանի՝ Մոսկվան պատշաճ չի կարողանում ապահովել արցախահայության անվտանգությունը, ուրեմն, միջազգային հանրությանը պետք է դրդել այլ լուծումների, առաջարկել, նախաձեռնել ու դիվանագիտական բոլոր գործիքները աշխատեցնել այս ուղղությամբ՝ չմոռանալով Ադրբեջանին պատժամիջոցների ենթարկելու անհրաժեշտության մասին:

Բայց ի՞նչ ենք տեսնում… Արցախը շրջափակման մեջ է, սակայն մենք պարբերաբար լսում ենք Հայաստան-Ադրբեջան հնարավոր նոր բանակցությունների կազմակերպման հնարավորությունների մասին հայտարարություններ: Պաշտոնական Երեւանը պետք է բանակցի թշնամի պետությունների հետ, բայց արդյոք Արցախի շրջափակման փաստը բավարար չէ, որպեսզի գոնե իշխանական պատգամավորների մակարդակով հայտարարվի, որ Հայաստանը կդադարեցնի բոլոր միջնորդների ջանքերով կազմակերպած հանդիպումները Ադրբեջանի ու Թուրքիայի ներկայացուցիչների հետ՝ քանի դեռ չի բացվել Լաչինի միջանցքը: Այսպիսի հայտարարություն, ի դեպ, չարվեց անգամ այն բանից հետո, երբ ադրբեջանական ստորաբաժանումները ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք:

Այսպիսի թույլ, «անողնաշար» քաղաքականության պայմաններում միջազգային հանրությունից մենք դատապարտված ենք լսել նույնանման տեքստեր՝ «խորը մտահոգությունների», «անհանգստությունների» ու ձեւական «կոչերի» մասին՝ առանց համարժեք գործողությունների ու քայլերի:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ոչ թե միայն պետք է քննարկեր Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակը, Հայաստանի ու Արցախի բնակչությունը ոչ թե պետք է լսեր՝ «երկու կողմերին» ուղղված ստանդարտ կոչեր, այլ՝ այդ քննարկումների արդյունքում Ադրբեջանի պատժամիջոցների հարցը պետք է դառնար օրակարգային հարց: Մինչդեռ այդ ուղղությամբ ոչինչ, ակնհայտորեն, չի արվել:

Հետեւաբար, Հայաստանի կառավարությունն իր ողջ կազմով, եւ մասնավորապես՝ ՀՀ Անվտանգության խորհրդի ղեկավարը, ԱԳՆ-ն, ԱԺ-ի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, բոլորն իրենց ղեկավարներով տեղում չեն: Տպավորություն ստեղծվեց, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստի կազմակերպման դիմում Հայաստանի իշխանությունները ներկայացրել էին, որպեսզի ընդամենը արդարանան՝ «սա էլ փորձեցինք», «կներեք, ոչինչ չստացվեց»:

Հետեւաբար, պետք չէ զարմանալ, որ Արցախի նկատմամբ պաշտոնական Բաքվի ահաբեկչական քաղաքականության պայմաններում ԵՄ-ից հայտարարում են, որ՝ «Ադրբեջանը Եվրոպայի վստահելի գործընկերն է էներգետիկայի ոլորտում»: Հիշեցնենք, օրերս նման հայտարարությամբ հանդես եկավ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բուխարեստում, որտեղ Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան ու Հունգարիան համաձայնագիր կնքեցին` վերականգնվող էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ: Փաստաթուղթը ստորագրեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկեն եւ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, եւ դրանով նախատեսվում է ենթակառուցվածքների ստեղծում՝ Ադրբեջանից Վրաստանի եւ Սեւ ծովի տարածքով Ռումինիա եւ Հունգարիա էլեկտրաէներգիայի տեղափոխման համար:

Հայաստանի իշխանությունների գովազդած «ժողովրդավարությունն» աշխարհը գործնականում չի պաշտպանելու, եթե մենք չենք պաշտպանում արցախցու ապրելու իրավունքը ու այդ իրավունքի իրացման հարցում հաջողություններ չենք կարողանում գրանցել:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 22.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031