Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, որը անժամկետ նստացույց էր անում Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ, հայտարարել էր, որ այսօրվանից քարոզչական աշխատանքը կընթանա այլ ձեւաչափով, նույն վայրում` յուրաքանչյուր օր ժամը 19:00-ից, մտքերի փոխանակման եւ ազատ զրույցի ձեւով: Նշված վայրում եւ ժամին Aravot.am-ը զրուցեց Արտակ Բեգլարյանի հետ:
-Ո՞րն է լինելու պայքարի նոր ձեւաչափը:
-Դեռեւս ժամը 19:00-ից սկսած ամեն օր հավաքվելու ենք, շփվենք, նորություններով կիսվենք, նաեւ մտքեր փոխանակենք, թե առաջիկա օրերին համատեղ ի՞նչ կարող ենք անել: Նաեւ խորհրդանշական է, որ հավաքը շարունակում ենք ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ, որպեսզի ցույց տանք, որ մենք մեր պահանջները շարունակում ենք:
-Նախատեսվող քննարկումները ծավալվելու են սովորակա՞ն քաղաքացիների մասնակցությամբ, թե՞ հատուկ հրավիրված մարդիկ էլ են լինելու:
Կարդացեք նաև
-Ովքեր կցանկանան: Երբեմն կոնկրետ մարդիկ, այսպես ասած, խոսնակներ էլ կարող են գալ, իրենց դիտարկումները կամ կոնկրետ հարցի շուրջ իրենց մոտեցումները ներկայացնել: Ազատ ոճ է:
-Նշեցիք, որ հավաքները շարունակում եք ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ: Բայց եղավ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ, քննադատություններ հնչեցին Ադրբեջանի հասցեին: Բայց դրանից ոչինչ չի փոխվում: Մենք հերթական բարոյական հաղթանակն ենք արձանագրում, իսկ Ադրբեջանը շարունակում է տոտալ շրջափակման մեջ պահել Արցախը: Այսինքն, ոչինչ չի փոխվել:
-Փոխվել է: Ավելի վատ է եղել: Դրանից հետո Թուրքիայի դեսպանն է Շուշի այցելել: Ամեն դեպքում շարունակվում է նույն ձեւով: Ադրբեջանը հետ չի քաշվել, դրա համար ես ասում եմ, որ միջազգային հանրությունը պետք է կիրառի գործնական մեթոդներ: Այսինքն, պատժամիջոցներ, հստակ ճնշումներ եւ առնվազն, կոնկրետ պատժամիջոցների սպառնալիքներ:
Դրանք կլինեն քաղաքական, ռազմական, տնտեսական, խորհրդանշական առումով` բնապահպանական եւ, իհարկե, անհատական կամ անձնական, որն ամենաաշխատող մեթոդն է ալիեւյան ռեժիմի պարագայում: Իրենք տարբեր երկրների օրինակներով ձեւերը լավ գիտեն եւ երբ իրենց պետք է լինում, լավ էլ պատժամիջոցներ են կիրառում:
-Մինչեւ այս պահը Հայաստանի կատարած քայլերը, ձեռնարկած միջոցները բավարար համարո՞ւմ եք:
-Ես այդ հարցին անդրադառնալու առիթ ունեցել եմ ու հիմա էլ կասեմ: Որպես Արցախի պաշտոնյա կոռեկտ չեմ համարում լրիվ գնահատական տալ մինչեւ այս պահը Հայաստանի իշխանության իրականացրած գործողություններին: Այո, որոշակի գործողություններ կատարվել է: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկումը Հայաստանի նախաձեռնությունն էր, Հայաստանի դիմումի հիման վրա էր, Եվրոպական դատարանում հայցը եւ միջանկյալ միջոցի կիրառումը Հայաստանի կառավարության գործողությունների արդյունքն էր ու մի շարք այլ բաներ: Բայց խոշոր առումով քանի որ արդյունք չկա, ես կարծում եմ, որ եւ Հայաստանի իշխանությունը, եւ Հայաստանի հանրությունը, տարբեր կազմակերպություններ, եւ սփյուռքի համայնքներն ու կազմակերպությունները արդյունավետ չեն աշխատում: Մենք բոլորս արդյունավետ չենք աշխատում: Նաեւ իմ պարագայում: Այսինքն, մենք բոլորս պատասխանատու ենք այս իրավիճակի համար, ամեն մեկը իր չափով: Արցախի եւ Հայաստանի իշխանությունները անհամեմատ ավելի շատ, տարբեր անձինք, խմբեր ու կազմակերպություններ` ավելի քիչ: Բայց ես տեսնում եմ, որ հիմնականում անտարբերություն է կամ անարդյունավետ աշխատանք է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Երբ բոլորն են պատասխանատու նշանակում է ոչ մեկը պատասխանատու չէ, պետք է իրական պատասխանատուներին կաննգնեցնել արդարադատության առաջ ու միայն դրանից հետո կլինի արդարության զգացում և միասնություն։ Առանց արդարության հաղթանակի մարդիկ չեն հավատա ոչ մեկի ու ոչ մեկի հետևից չեն գնա