Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Բարսեղյանն այցելել էր Լաչինի միջանցք․ ի՞նչ է պատմում նա

Դեկտեմբեր 22,2022 23:05

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը երեկ այցելել էր Լաչինի միջանցք՝ տեղում ստեղծված իրավիճակը ուսումնասիրելու, ճշտումներ անելու համար։

Սակայն Լաչինի միջանցքի սկզբնամասից, որտեղ գտնվել է հայ ոստիկանական պահակակետը, չեն թույլատրել առաջ շարժվել՝ պատճառաբանելով, որ չեն կարող անվտանգություն ապահովել։

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Բարսեղյանն ասաց․ «Թույլատրելի ասվածը վերաբերում է Հայաստանի Հանրապետության տիտղոսային տարածքին, նախկին Խորհրդային Միության ժամանակվա Գորիսի շրջանի ամենածայրակետին, որտեղից ճանապարհն այն ժամանակ մտնում էր Լաչինի շրջանի մեջ։

Այնտեղ եղել էի նաև 1988 թվականին մարտին, ադրբեջանցի ոստիկանները բռնել, տարել, մի քանի օր պահել էին, հարցաքննել, թողել էին։ Այդ կետում հիմա այն ցուցանակն է, որտեղ ռուսերենով հայտարարվում է՝ Մուտք եք գործում Լաչինի անվտանգ միջանցք, որը հսկում է Ռուսաստանի Դաշնությունը։ Այնտեղ մեր ոստիկանական պահակակետն էր՝ ուղեփակոցով, ասացին, որ չեն կարող մեզ թույլ տալ անցնել առաջ։

Բացատրեցինք, որ մեր պատասխանատվությամբ թույլ տան անցնենք, եթե որևէ բան լինի, մենք ենք պատասխանատուն, ասացին՝ ոչ։ Հրաման ունեն, անվտանգություն չեն կարող ապահովել։ Մի քանի անգամ պնդեցի, որ մենք ստանձնում ենք բոլոր հնարավոր ռիսկերը մեր կյանքի հետ կապված, ասացին՝ չէ, չենք կարող, բայց խոստացան զանգել վերադասին, ճշտել։ Զանգեցին, ասացին՝ սպասեք, կպատասխանենք։ Ահագին երկար սպասեցինք․ գնացինք նորից Գորիս, վերադարձանք։

Վերջիվերջո Հայաստանի իշխանությունները թույլ չտվեցին ոստիկանական ուղեփակոցից անցնել առաջ, որտեղից երևում էր ռուսական առաջին պահակակետը, աչքաչափով մոտ 1,5 կիլոմետր էր հեռու։

Այդ մեր վերջին պահակակետը Հայաստանի Հանրապետության Տեղ գյուղից մի 3 կիլոմետր վերև էր արդեն։ Ռուսական առաջին պահակակետից ինչ-որ մեքենաներ գնում-գալիս էին, բացում էին ուղեփակոցը, գնում էին Գորիս, վերադառնում էին»։

Լևոն Բարսեղյանը ոստիկաններին ասել է, որ Հայաստանից կազմակերպվում է երթ դեպի Արցախ, հնարավոր է խաղաղ մարդիկ գան-հասնեն այնտեղ։ Հայ ոստիկանները պատասխանել են՝ չգիտենք ինչ կլինի, գուցե ռուսներն էլ ասեն՝ անցեք, հնարավոր է և թույլ չտան։

Տեսնելով, որ ՀՀ իշխանություններից առաջ շարժվելու թույլտվություն չեն ստանում, հանդիպել են Գորիսում ապաստանած արցախցիների հետ, զրուցել են, բավական ժամանակ ձգձգել, որ ի վերջո թույլատրեն իրենց ոտքով գնալ, հասնել ռուսական առաջին պահակակետը, սակայն այդպես էլ չեն թույլատրեն։

Մեր հարցին՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի համար միայն ռուս խաղաղապահներն են պատասխանատո՞ւ, Լևոն Բարսեղյանն ասաց․ «Եթե ուսումնասիրում եք Փաշինյան-Ալիև–Պուտին փաստաթուղթը, որը ստորագրվել է Ռուսաստանի առաջարկությամբ, բովանդակությունը մշակվել է երեք կողմերով, ձևակերպումներն ասում են, որ միջանցքի անխափան գործունեությունը ռուսական խաղաղապահ խումբը պիտի ապահովի։ Ես այդպես էլ հասկանում եմ, մի քանի անգամ այս օրինակը բերել եմ, նորից պիտի բերեմ, ասենք՝ եթե ինչ-որ մի խումբ մարդիկ, կենդանիներ, այլմոլորակայիններ գալիս-փակում են այդ միջանցքը, ռուսական խաղաղապահ զորամասն այդ հայտարարությամբ պարտավոր է բացել այդ կյանքի ճանապարհը։

Ոչ ավել, ոչ պակաս առանց ավելորդության դա կյանքի ճանապարհ է, ուրիշ հաղորդակցություն չունի արցախահայությունն աշխարհի հետ։ Եվ ռուսական խաղաղապահ առաքելությունն իր պարտականություններից այդ մեկը չի կատարում ։ Անցած երկու տարիների ընթացքում էլի ենք ականատես եղել, որ չի կատարում, երբ ասում ենք չի կատարում, մարդկանց թվում է, թե դա ինչ-որ հակառուսական տրամադրություն տարածելու համար է։ Ձեզ մարդավարի պահեք, ձեր պարտականությունները կատարեք, ասենք մարդավարի եք պահում, պարտականությունները կատարում եք։

Երկու տարի առաջ այս օրերին ռուսական պատասխանատվության գոտում գերեվարվեցին 76 հայ մարտիկներ, այնինչ գրված էր այդ հայտարարության մեջ, որ զորքերը մնում են այնտեղ, որտեղ գտնվում են նոյեմբերի 9-ի գիշերվա 24․00-ին։

Ինչո՞ւ պիտի գերեվարվեին, այդ արանքում պիտի կանգնեին ռուսական զորքերը, ինչպես գրված է թղթի մեջ։ Դրանից հետո գյուղերը՝ Փառուխը, Քարագլուխը, Աղավնոն այս ամբողջ պատմությունների մեջ․․․ Ռուսական խաղաղապահ ուժերի անգործությունը՝ դիտավորյալ, թե թուլությունը, ինձ համար տարբերություն չկա,իրենք թող ասեն՝ դա մեր թուլությունից է կամ մենք դիտավորյալ ենք արել, ուժեղ ենք, բայց թույլ ենք տվել, որ այս, այս բնակավայրերը զավթեն հրադադարից հետո»։

Լևոն Բարսեղյանի համոզմամբ, Ռուսաստանն իր նախկին զորությունն ու կարողությունները չունի իր քաղաքական նպատակները պաշտպանելու համար։

«Ռուսաստանը շատ էր ուզում, որ այդտեղ զորքերի լինեին, Խորհրդային Միություն է ուզում կամ ռուսական կայսրություն է ուզում վերականգնել, բայց ուկրաինական պատերազմն, ըստ իս, ամբողջովին ջարդել է ռուսական քաղաքական մեքենայի մեջքը։

Իրենց պրոպագանդան նայելիս՝ այդ տպավորությունը դեռ չկա, բայց փաստն այն է, որ 10 ամիս կռիվ ես անում տարածք զավթելու համար, որը գրավելու հույս ունեիր 3-7 օրում։ Եվ փաստացի չկարողացար Ուկրաինային ծնկի բերել և դրանից բխած բոլոր հետևանքներով՝ պատիժների արժանացար, առևտրային կապերդ աշխարհը զգալիորեն խզեց։

Հիմա Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով ուզում է շրջանցել այդ պատժամիջոցները՝ նավթը, գազը ծախել Ադրբեջանի միջոցով։ Գնորդը համարելու է, որ գնում է Ադրբեջանից, ռուսից չի գնում հա՞, բայց դե հասկանալի է, որ Ադրբեջանն այպիսի պաշարներ չունի, որ այդ ծավալի մատակարարումներ անի։ Եվ այդ կախումները ստիպում են կատարել Ադրբեջանի կամքը։ Ադրբեջանի կամքը ո՞րն է, ըստ իս՝ Արցախը հայթափելն է։

Ես չեմ մտածում՝ Ալիևը կամ որևէ մեկը մտածում է, թե Արցախում կլինեն մարդիկ, որոնք կհամաձայնեն ադրբեջանական անձնագրով ապրել այդ տարածքում։ Իբր թե այնտեղ կան մարդիկ, որոնք համարում են , թե Ադրբեջանն իրենց անվտանգությունը կապահովի։ Չկան այդպիսի մարդիկ, չեմ էլ կարծում, որ Ադրբեջանը մտածում է, որ այդպիսիք կան այնտեղ։ Թեև Ադրբեջանն ասում է՝ դուք կօգտվեք բոլոր իրավունքներից, ինչ ադրբեջանցիները, մեկը լինի հարցնի՝ մարդկանց գլխատելու իրավունքի՞ց էլ կկարողանան արցախցիները օգտվել»։

Լևոն Բարսեղյանը կարծում է, որ Ռուսաստանը տևական ժամանակ ավելի շատ շահեր ունի Ադրբեջանից, քան Հայաստանից։ Այդ պատճառով էլ չի ուզում ապահովել ստանձնած պարտավորությունները։ Նրանց համար բարդ չէ ցուցարար կոչված բնապահպաններին հեռացնել, սակայն Ադրբեջանի կամքն է կատարում։

«Հայաստանից ինչ կարողացել, պոկել է, իսկ Ադրբեջանից ահագին պոկելիք ունի», -ասում է Լևոն Բարսեղյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031