Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Կրոնները ազգերի խաղաղ համագոյակցության երաշխիք» խորագրով համաժողովի բանախոսներին

Դեկտեմբեր 22,2022 21:21

Դեկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան կապերի ու մշակույթի կազմակերպության համատեղ կազմակերպած «Կրոնները ազգերի խաղաղ համագոյակցության երաշխիք» խորագրով համաժողովի բանախոսներին և Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը, գոհունակություն հայտնելով համաժողովի կազմակերպման առիթով, ընդգծեց, որ նմանօրինակ համաժողովներն ու միջկրոնական երկխոսություններն իրենց նպաստն են բերում ազգերի միջև խաղաղության հաստատման ու ամրապնդման միջավայրի ձևավորմանը։ Վերջինիս վառ վկայություն Ամենայն Հայոց Կաթողիկոսը նկատեց երկու հարևան ժողովուրդների համերաշխ գոյակցության և փոխհարաբերությունների բազմադարյա պատմական փորձը։

Հանդիպմանն անդրադառնալով աշխարհում տիրող բարդ իրավիճակին և առկա հակամարտություններին՝ Հայոց Հովվապետը հորդորեց ականջալուր լինել խաղաղության կոչին, որը հնչելու է բոլոր քրիստոնեկան Եկեղեցիների խորաններից առաջիկա Սուրբ Ծննդյան տոնին․ «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, և երկրի վրա խաղաղություն և հաճութո՜ւն՝ մարդկանց մեջ» (Ղուկ․ Գ,14․)։

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձ կատարեց  նաև արցախյան հակամարտությանը՝ տեղեկացնելով, որ տարածաշրջանի հոգևոր առաջնորդների կողմից ևս ջանքեր են ներդրվում հակամարտության հանգուցալուծման և ազգերի միջև խաղաղության հաստատման գործում։

Իր հերթին դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին վստահություն հայտնեց, որ միջկրոնական երկխոսությունը կարող է ամուր կամուրջ հանդիսանալ տարբեր ոլորտներում ազգերի փոխգործակցային հարաբերությունների զարգացման համար։

Վերջում Նորին Սրբությունը, իր գնահատանքը բերելով համաժողովի բանախոսներին, բարի և արդյունավոր ընթացք մաղթեց համաժողովի աշխատանքներին։

 

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031