Լրահոս
Օրվա լրահոսը

Շուրջ 406 000 աշակերտներ ստանում են ֆինանսական անհրաժեշտ գիտելիքներ. ԿԳՄՍ նախարար

Դեկտեմբեր 22,2022 21:12

ՀՀ կենտրոնական բանկում այսօր տեղի է ունեցել ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 20-րդ նիստը:

Ծրագիրը մեկնարկել է 2014 թվականից: Այն համակարգում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Կենտրոնական բանկը: Նիստին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարար  Ժաննա Անդրեասյանը:

«Կարևոր է նշել այն ձեռքբերումները, որոնք այս տարիների  ընթացքում գրանցել ենք, և դրանք քիչ չեն: ՀՀ-ում ձևավորվել է ֆինանսական կրթության մի մոդել, որը կարող է օրինակելի լինել նաև մյուս երկրների համար: Ես առիթ եմ ունեցել նաև նմանօրինակ արձագանքներ լսել միջազգային տարբեր հարթակներից: Այս ամենի վկայությունն են նիստին ներկա յուրաքանչյուր կառույցի և կազմակերպության ներդրած ջանքն ու իրականացրած աշխատանքները: Մեր ձեռքբերումներն իրոք շատ կարևոր են: Ինչպես գիտեք, 2015 թ. համատեղ ջանքերով «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիրը ներդրեցինք դպրոցներում, և չորս առարկաների շրջանակում արդեն ունենք բավականին որակյալ ու կարևոր ուսումնական նյութեր: Այսօր շուրջ 406 000 աշակերտներ ստանում են ֆինանսական անհրաժեշտ գիտելիքներ: Այս մասին փաստում են տարաբնույթ հետազոտությունները, որոնք իրականացրել են Կենտրոնական բանկի մեր գործընկերները և ներկայացրել հանձնաժողովի անդամներին»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանը նշել է նաև, որ ըստ հետազոտությունների՝ «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի շրջանակում երեխաների ստացած գիտելիքները տարածվում են և դառնում նաև նրանց ընտանիքների իրազեկման ու գրագիտության բարձրացման միջոց, ինչը խիստ կարևոր է՝ հաշվի առնելով այսօրվա աշխարհն ու իրականությունը:

«Մենք նաև վերապատրաստումների մեծ շղթա ենք իրականացրել, ընդ որում՝ համավարակի պայմաններում ցուցաբերեցինք ճկունություն և դրանք նորարար մոտեցումներով տեղափոխեցինք հեռավար հարթակ: Այսօր արդեն քննարկում ենք հետագա քայլերը, որոնք ուսուցիչների համար էլեկտրոնային կրթական հարթակի ձևավորման և շարունակական կրթության, ինչպես նաև ծրագրի մշտադիտարկման հնարավորություն են ընձեռում: Մեր սեղաններին դրված է «Ֆինանսական կրթություն և մաթեմատիկա․ խնդիրների և առաջադրանքների» ժողովածուն, որն ուսուցիչների և աշակերտների համար դառնալու է ֆինանսական կրթության դասավանդման լավագույն ու որակյալ նյութերից մեկը»,- մանրամասնել է  Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը, կարևորելով գործընկերների հետ համագործակցությունը, այն նաև հեռանկարային է համարել:  Մասնավորապես առանձնացրել է ուսուցիչներին քոուչինգի հմտություններ փոխանցելու փաստը. «Այս տարի առիթ ենք ունեցել այս թեմայով հանդիպումներ և քննարկումներ ունենալ Կենտրոնական բանկի մեր գործընկերների հետ և ունենք փորձարկման գործընթաց Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում: Այս աշխատանքներն իրականացվում են ԿԲ-ի և Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի հետ, զուգահեռաբար նաև ստեղծվում է ուսուցիչների համար մեթոդական ձեռնարկ, և կարծում եմ, որ փորձարկման արդյունքներով մենք հնարավորություն կունենանք մեր դպրոցներում ներդնելու կարևորագույն  հմտություններ, որոնց արդյունավետությունը փաստում են հետազոտությունները»:

Ժաննա Անդրեասյանը, ամփոփելով խոսքը, անդրադարձել է ծրագրի շրջանակում 100-ից ավելի դպրոցներում 2021 և 2022 թթ.  իրականացված քանակական ու որակական հետազոտությունների արդյունքներին, ըստ որոնց՝ չափելի են դառնում ծրագրի շրջանակում արված աշխատանքները: ԿԳՄՍ նախարարը նաև կարևորել է այն, որ ծրագիրը մեկնարկել է դպրոցներից և այսօր ավելի շատ շահառուներ կարող են ընդգրկվել:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ողջունելով նիստի մասնակիցներին, բարձր է գնահատել ներկաների ջանքերը և մեծ հաջողություն է  մաղթել բոլոր նախաձեռնություններում:

Նա հավելել է, որ հատկապես կարևորվում է ֆինանսական կրթությունը դպրոցից սկսելը, քանի որ մարդիկ հասուն կյանք են մտնում կյանքի առաջին հատվածում ստացած գիտելիքներով ու հմտություններով. «Հատկապես այս հարցում մենք շատ դրական և արդյունավետ ենք գնահատում ԿԲ և ԿԳՄՍՆ համագործակցությունը»։

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է նախարարությունների, կրթական գերատեսչությունների, ֆինանսական միությունների, կառույցների, կազմակերպությունների ու ասոցիացիաների, կրթական կազմակերպությունների ու հիմնադրամների համագործակցությամբ, իսկ հանձնաժողովը ղեկավարում է Կենտրոնական բանկը։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031