Ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը, թե ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը չի կատարում նաեւ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը, եւ դրան անմիջապես հետեւած ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի պատասխանին՝ ասաց. «Այս ազգակործան պատուհասները ի սկզբանե իշխանության գալով՝ իրենց բոլոր ձախողումները, դիտավորությամբ իրականացրած դավաճանական բոլոր քայլերը գցում էին ընդդիմության վրա, մեղադրում նախկիններին:
Հիմա Նիկոլ Փաշինյանը անցել է արդեն խաղաղապահ ուժերի վարկաբեկման գործընթացին: Նա բավականին երկար ժամանակ, այլ ոչ թե կառավարության վերջին նիստում, ամեն առիթն օգտագործում է, որպեսզի վարկաբեկի ռուսական խաղաղապահ ուժերի գոյությունն ու նրանց միսիան:
Ստացվում է, որ Նիկոլն ու իր արբանյակներն են նսեմացնում ռուսական խաղաղապահ ուժերի գոյությունը եւ Ադրբեջանը: Այսինքն, սրանք համատեղ գործում են ընդդեմ Ռուսաստանի, որպեսզի կարողանան Արցախից եւ Հայաստանից ընդհանրապես դուրս բերել ռուսական ուժերին: Եվ դա իրականացվում է եվրոպական, ամերիկյան տանդեմի մտադրություններն իրականացնելու համար:
Կառավարության վերջին նիստում էլ նա գտնում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակներում, լինելով Լաչինի հատվածում եւ Արցախի ամբողջ տարածքում, այսպես կոչված բնապահպան սուբյեկտների կողմից փակված Լաչինի հատվածը խաղաղապահները պետք է բացեն: Լավ, իսկ դո՞ւք ինչ եք անում: Եվ փառք Աստծո, որ կան խաղաղապահ ուժերը, որոնք կանխում են թուրքերի գլոբալ քաղաքականության իրականացումը:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանի նպատակն ամբողջությամբ Ալիեւի կողմից պլանավորված եւ թելադրված գործողություններն են: Եվ կարելի է ուղղակիորեն ասել, որ Լաչինի միջանցքը, Բերձորի հատվածը այս պահին շրջափակված է նրանց համատեղ գործունեության արդյունքում: Բնապահպան կոչեցյալները արդեն քաղաքական հայտարարություններ էլ են անում, թե պետք է քայլելով մտնեն Կաշենի եւ Դրմբոնի հանքավայրեր, Ստեփանակերտ, Արցախ: Եվ եթե դրանք վաղը, մյուս օրը մուտք ունենան հանքավայր, Նիկոլ Փաշինյանը հիմա էլ Արցախի իշխանություններին է մեղադրելու, թե նրանք են թույլ տվել, որ Արցախի իշխանությունները կատարեցին Ադրբեջանի իշխանությունների հանձնարարությունները: Նա կարողանում է մանիպուլյացիաներ անել եւ յուրաքանչյուր դավաճանական քայլ իր վրայից հեռացնել ու գցել ուրիշների՝ նախկինների, հիմա՝ ռուս խաղաղապահների, վաղը՝ Արցախի իշխանությունների վրա»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Այսինքն թող խաղաղապահները ոչինչ չանեն ու թույլ տան այն ինչ տեղի է ունենում իսկ մենք լուռ մնանք։ Սա է գեներալի կամքը։ Իդեպ գնդապետ չի, Թաթուլը գեներալ մայոր է, ուղղեք վերնագիրը։