Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ինչ-որ մեկը սա դիտում է՝ որպես իշխանություն պահելու գործիք, չարաչար սխալվում է․ սա պետություն պահելու գործիք է»․ Անդրանիկ Քոչարյան

Դեկտեմբեր 22,2022 18:22

«Նախատեսվում է ստեղծել արտաքին հետախուզական ծառայություն՝ վարչապետին ենթակա մարմին։ Անհրաժեշտությունը բխում է հետախուզական արտաքին և հակահետախուզական բնույթի գործունեության արդյունավետության բարձրացումից»,- ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին։ Այն ներառվեց ՀՀ ԱԺ-ի՝ վաղը կայանալիք արտահերթ նիստի օրակարգում։ Արմեն Գրիգորյանը շեշտեց․ «Առկա է քաղաքական որոշում`ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն: Դրանով մենք հնարավորություն կստեղծենք այլ մասնագիտություն ունեցող մարդկանց, հատկապես` բարձր տեխնոլոգիական ոլորտում մասնագիտացված անձանց միանալ ծառայությանը»։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, քանի որ ՀՀ կառավարությունն այս նախագիծը բերել է անհետաձգելի ռեժիմով, և  առաջին ընթերցումից առաջ հանձնաժողովը նիստ չէր արել, դահլիճում իրենց գործընկերները շատ հարցեր էին ուզում տեսնել այս ծառայության ստեղծման և գործողությունների, իշխանությունների փոխհարաբերությունների նկատմամբ։ Սակայն հիշեցնելով, որ ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցում նիստին, ասաց, որ սա լավ հնարավորություն էր գալ ու հարցեր տալ։

Նա, կարևորելով այս մարմնի ստեղծումը, ասաց․ «Մենք այս մարմինը գուցե պիտի ունենայինք, երբ անկախություն ձեռք բերեցինք։ Գուցե, երբ ԿԳԲ-ից անցում կատարեցինք ԱԱԾ, հարմար պահ էր, որ առանձնացվեր արտաքին հետախուզությունը, բայց դա չեղավ։ Անջատելը տալու է միայն դրական հնարավորություն»։

ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հետաքրքրվեց՝ ովքե՞ր են կրթելու կադրերին, քանի որ գիտենք, որ մինչ այժմ այս ոլորտում կադրերը կրթվել են ոչ մեր երկրում և արդյոք այս ուղղությամբ տարվելո՞ւ է տարբերակված մեխանիզմ, փորձելո՞ւ ենք այլ երկրների փորձը օգտագործել, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Օրենքում կա հատուկ կետ այս ծառայության դպրոց ստեղծելու մասին։ Մեր երկարաժամկետ ցանկությունն է, որ այս ինստիտուտի կադրերի մեծամասնությունը պատրաստվեն ՀՀ-ում»։

Փաստմանը՝ կառույցը կսկսի գործել երեք տարուց, իսկ ե՞րբ կսկսվի կադրերի ընդունելությունը, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Նույնիսկ պատերազմի ժամանակ որևէ րոպե չենք դադարեցրել նաև այս գծով աշխատանքները։ Այդ փորձը եղել է 98-ից հետո, 2008-ից հետո, բայց կդժվարանամ ասել, թե ինչու վերջնական որոշում չի կայացվել։ Մեզ մոտ առաջին րոպեից էլ այդ քաղաքական կամքը եղել է, որ աշխատենք, ու ձևավորենք այդ աշխատանքը։ Այս պահին ավելի հստակ ենք պատկերացնում կառուցվածքը»։

Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց․ «Հիշում եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հրամանագիր ստորագրեց, որ արտաքին հետախուզությունը անջատվի սուպերնախարարությունից։ Եթե այն ժամանակ այդ խնդիրը լուծված լիներ, գուցե այսօր կրթության հետ կապված խնդիրները լուծվեին։ Եթե ինչ-որ մեկը չի հասկանում սրա կարևորությունը, դիտում են որպես իշխանություն պահելու գործիք, չարաչար սխալվում են։ Սա պետություն պահելու գործիք է, պետությունը ռիսկերից հեռու պահելու և ռիսկերը կառավարելու գործիք է, սրանով շատ անվտանգային խնդիրներից հեռու պահելու գործիք է, բարեկամներ ունենալու և բարեկամների միջոցով երկրի շահերը սպասարկելու գործիք է լինելու։ Պարտադիր է, որ դասընթացների միջավայրը լինի ՀՀ-ն, բայց հեչ պարտադիր չէ, որ միայն այստեղից մասնագետները դասավանդեն»։

Հանձնաժողովը նաև դրական եզրակացություն տվեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին։

 

Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031