«Մենք շարունակելու ենք, որ ՀՀ կառավարությունը ձեռնարկի այնպիսի գործողություններ, որոնք կտան իրական արդյունք. Արցախը կապաշրջափակվի, հումանիտար աղետն Արցախում կկանխվի, մեր համաքաղաքացիները Արցախում կկարողանան անխոչընդոտ երթեւեկել, իրացնել իրենց մարդկային իրավունքները»,- այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց «Համախմբում» նախաձեռնության համակարգողներից Ավետիք Չալաբյանը: Բանախոսի պնդմամբ, եթե ՀՀ կառավարությունը չկարողանա ապահովել այդ ամենը արցախցիների համար, իրենք կդիմեն հաջորդ քայլին, որն ավելի կոշտ կլինի:
Ավետիք Չալաբյանի պնդմամբ, այս 10-ն օրերի ընթացքում, կառավարությունն, այնուհանդերձ, որոշակի քայլեր ձեռնարկել է, որոնք, սակայն, բավարար արդյունքների չեն բերել եւ Բերձորի միջանցքը դեռ մնում է փակ:
«Համախմբում» նախաձեռնության անդամներն այսօր նամակ-պահանջագիր փոխանցեցին ՀՀ կառավարություն, որում, մասնավորաբար, ասված է. «Հաշվի առնելով ստեղծված ծայրահեղ սպառնալից իրավիճակը՝ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունն Արցախի Հանրապետության առջև ունի սահմանադրական անբեկանելի պարտավորություններ, ուստի ՀՀ իշխանությունից պահանջում ենք․
1.ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկման անմիջական հետքերով սեղմ ժամկետում պաշտոնական միջնորդություն ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ ձեռնարկելու վերջինիս կանոնադրությունից բխող հստակ կանխարգելիչ միջոցներ, մասնավորապես, կիրառելու համապատասխան պատժամիջոցներ Ադրբեջանի Հանրապետության և նրա քաղաքական ղեկավարության դեմ։
Կարդացեք նաև
2.Զուգահեռաբար դիմել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին՝ Արցախում ներկայումս իրականացվող խաղաղապահ առաքելությունն ընդլայնելու, նրան անժամկետ միջազգային մանդատ տրամադրելու պահանջով, ինչպես նաև Արցախում ՄԱԿ -ի ներկայացուցչություն հիմնելու առաջարկով։
3.Դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ առաջարկելով վերականգնել համանախագահության բանակցային գործընթացի ձևաչափը։
4.Վերահաստատել ՀՀ անկախության հռչակագրով և ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությամբ ամրագրված՝ Արցախի Հանրապետության երաշխավորի պարտականությունները, Ադրբեջանի կողմից 2020 թ․ նոյեմբերի 9- ի հայտարարության կոպիտ խախտման պայմաններում ՀՀ Զինված ուժերի և ոստիկանության ստորաբաժանումների միջոցով ապահովել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի անխափան գործունեությունը։
5.Հիմք ընդունելով 1991 թ. դեկտեմբերի 10-ի Արցախի անկախության հանրաքվեի որոշումը՝ ձեռնամուխ լինել Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացին, ՀՀ Ազգային ժողովի օրակարգ ներկայացնելով Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրենքի նախագիծ»:
Ավետիք Չալաբյանի գնահատմամբ, իրավիճակն օր-օրի սրվում է եւ իրադարձությունները բավական արագ են զարգանալու:
Ավետիք Չալաբյանն իրատեսական չի համարում Նիկոլ Փաշինյանի՝ դեռ 2018-ին բարձրաձայնած տեսակետը, որն օրերս նաեւ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը բարձրաձայնեց՝ Արցախ-Ադրբեջան ուղիղ բանակցություններ վարելու մասին, այն պատճառով, որ Ադրբեջանը պարզապես չի բանակցելու Արցախի իշխանության հետ. «Եթե ՀՀ-ն հրաժարվի Արցախի հանրապետության երաշխավորից եւ նրա անվտանգության երաշխավորից, ես կարծում եմ, այդ ամեն ինչը կբերի փակուղու եւ ԱՀ վերացմանը»:
Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը Ավետիք Չալաբյանը տեսնում է դիվանագիտական եւ ուժային քայլերի համակցմամբ՝ ՀՀ-ի կողմից, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 5-րդ կետի հիման վրա: Պատասխանելով լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե Հայաստանն անգամ սեփական անվտանգությունն ապահովելու ռեսուրս չունի, ուր մնաց Արցախի անվտանգությունն ապահովի, Ավետիք Չալաբյանն ասաց, որ սկսած 44-օրյա պատերազմից՝ մեր պարտությունների պատճառները պետք է տեսնել ոչ թե բանակի մեջ, այլ հենց քաղաքական իշխանության եւ մի իշխանություն, որը հրապարակային խոսում է անվտանգային խնդիրներում իր անկարողությունների մասին, այլ տարբերակ չունի, քան հեռանալն է:
Քաղաքական գործիչը չի բացառում, որ Բերձորի միջանցքի հետ կապված այս ճգնաժամի տակ թաքնված է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցը:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
«Համախմբում» նախաձեռնության անդամ Էդգար Ղազարյանն էլ ասաց, որ ասուլիսի վայրը պատահական չեն ընտրել, քանի որ իրենց կարծիքով, իրավիճակի պատասխանատուն ՀՀ կառավարությունն է եւ եթե մինչ օրս ռուս խաղաղապահների հասցեին քննադատություններ էին հնչում, այսօր կառավարության ղեկավարը ուղղակի մեղադրել է ռուս խաղաղապահներին՝ իրենց պարտականությունները չկատարելու մեջ, ինչը պատասխանատվությունից խուսափելու անիմաստ, անհաջող փորձ է:
«Ես տպավորություն ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը դեռ չի կարդացել նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստը, որովհետեւ այդ հայտարարության առաջին կետով ամրագրված է, որ հայտարարության կողմեր են հանդիսանում ՀՀ-ն եւ Ադրբեջանի հանրապետությունը եւ այդ հայտարարության իրագործման պատասխանատուները՝ պարտավորությունների կատարման կամ չկատարման իմաստով, այդ երկու կողմերն են»,- ասաց Էդգար Ղազարյանը՝ հայտարարելով, որ իր ներքին համոզմամբ, ճանապարհը փակվել է Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ ներքին համաձայնությամբ: Նա հիշեցնում է, որ միջանցքի փակմանը մի շարք իրադարձություններ են նախորդել:
Էդգար Ղազարյանը տարակուսած է նաեւ, որ Հայաստանում գտնվող եւ բողոք արտահայտող Արցախի իշխանության ներկայացուցիչները՝ ԱԳ նախարարը, պետնախարարի խորհրդականը, ՄԻՊ-ը «վախենում» են ՀՀ իշխանությունների հասցեին քննադատական խոսք հնչեցնել:
Մանրամասները՝ տեսանյութում
«Համախմբում» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանն էլ ասաց. «120 հազար մարդու կյանքի իրավունքին արդեն 11 օր վտանգ է սպառնում եւ այդ 120 հազար մարդը կրում են ՀՀ կապույտ անձնագրեր, այսինքն, Հայաստանի իշխանության հովանու տակ են: ՀՀ իշխանությունների այս լռակյաց վիճակը մենք համարում ենք գործարք՝ Իլհամ Ալիեւի հետ»: Շրջափակման 11 օրերի ընթացքում, ըստ բանախոսի, Նիկոլ Փաշինյանն ընդամենը երկու անգամ է խոսել թեմայի մասին՝ «ես մեղք չունեմ, ՌԴ-ն է մեղավոր» մոտիվներով, ՄԱԿ-ի ԱԽ նիստում զուտ քննարկում է եղել՝ առանց որեւէ պարտավորեցնող հանձնարարականի, ՀՀ ԱԺ-ի բարեկամական խմբերը խնդրի լուծման ուղղությամբ որեւէ բան չեն անում:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ