Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Նաիրա Այվազյանը

Դեկտեմբեր 22,2022 17:00

Սույն թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց կենսաբանական գիտությունների դոկտոր Նաիրա Այվազյանը:

Ներկայացնելով ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գործունեությունը՝ Նաիրա Այվազյանը նշեց, որ ինստիտուտն ընդլայնել է իր գիտական ուղղվածությունը։ «Բացի նեյրոֆիզիոլոգիայից, որը մեր ավանդական գիտական ուղղվածությունն է, ներկայում ինստիտուտը զբաղվում է նյարդաֆիզիոլոգիայով, նյարդային համակարգի ինտեգրատիվ, պլաստիկ հատկությունների հետազոտություններով, կենտրոնական կարգավորման մեխանիզմների շարժողական և վեգետատիվ ֆունկցիաների հետազոտությամբ, գործնական առաջարկությունների զարգացմամբ։ Մեր կողմից նաև իրականացվում են մի շարք դրամաշնորհային ծրագրեր», – ասաց Նաիրա Այվազյանը։

Ինստիտուտին կից գործում է Հայկական ֆիզիոլոգիական ընկերությունը և Ուղեղի հետազոտությունների միջազգային միության Հայաստանյան մասնաճյուղը: Ըստ Նաիրա Այվազյանի՝ «Հորիզոն Եվրոպա» գիտական ծրագրի շրջանակներում ինստիտուտում հիմնվելու է գերազանցության կենտրոն:

Նաիրա Այվազյանը ծնվել է 1973 թվականին՝ Երևանում: 1995 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը: 2002 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, 2015 թվականին՝ դոկտորական ատենախոսությունը: Նաիրա Այվազյանի մասնագիտական հետաքրքրություններն ընդգրկում են կենսաֆիզիկան, կենսաքիմիան, ֆիզիոլոգիան, ռադիոկենսաբանությունը: Նա 140 տպագիր աշխատանքի, այդ թվում 1 ուսումնամեթոդական գրքի հեղինակ է:

1996-2011 թվականներին նա աշխատել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկայի ամբիոնում՝ լաբորանտից մինչև ավագ գիտաշխատող: 2010-2012 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտության տեղեկատվության վերլուծության և մոնիտորինգի կենտրոն-լաբորատորիայի վարիչը: 2011-2012 թվականներին ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի Թունաբանական հետազոտությունների լաբորատորիայի ղեկավարն էր: 2012 թվականին ընտրվել է ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում:

Նաիրա Այվազյանը Թունաբանության միջազգային միության Եվրոպական սեկցիայի նախագահն է, Համահայկական կենսաֆիզիկական ասոցիացիայի փոխնախագահը: Անդամակցում է Եվրոպական կենսաքիմիական կազմակերպությունների ֆեդերացիային, Եվրոպական կենսաֆիզիկական կազմակերպությունների ասոցիացիային: Նա Toxicon (Elsevier) միջազգային հանդեսի խմբագրական կազմի և Երևանի պետական համալսարանում գործող ՀՀ ԲՈԿ-ի Կենսաֆիզիկայի 051 մասնագիտական խորհրդի անդամ է:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031