Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի կողմից քայլեր չենք էլ ակնկալում: Ցավոք, գործիքակազմն ունի սահմանափակումներ»․ Եղիշե Կիրակոսյան

Դեկտեմբեր 22,2022 17:09

Եվրոպական դատարան դիմել էինք դեռեւս դեկտեմբերի 15-ին, դրանից հետո Եվրոպական դատարանին երևի ամենօրյա ռեժիմով նոր թարմացումներ էինք տրամադրում, տեղեկատվություն, որը վերաբերում էր հենց Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին ու զարգացումներին, քանի որ հասկանալի պատճառներով իրավիճակն անընդհատ փոփոխվում էր: Այս մասին, այսօր «Արմենպրես» մամուլի սրահում նշեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով նախօրեին ՄԻԵԴ-ի կայացրած որոշմանը:

«Մեր դիմումի մեջ շեշտադրումներ արվել էին հատկապես առողջական խնդիրներ ունեցող անձանց, ինչպես նաև անօթևան մնացած և կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների տրամաբանության տակ: Երկրորդ հոդվածը կյանքի իրավունքն է, երրորդ հոդվածը դաժան, անմարդկային վերաբերմունքի արգելքի նորմն է: Ինչու եմ սա շեշտում, քանի որ Եվրոպական դատարանը հրատապ միջանկյալ միջոցները կիրառում է հստակ շրջանակներում: Բնականաբար, ՄԻԵԴ-ը այս իրավիճակը պետք է կապի այդ երկու իրավունքների հետ, բացառիկ դեպքերում նաև մասնավոր կյանքի անձեռնմխելիության մասին կարող է խոսք լինել, որը 8-րդ հոդվածն է: Դատարանը պետք է այդ կապը տեսնի, որ իրավիճակն այնպիսին է, որ շարունակվելը կարող է անդառնալի վնաս հասցնի այս երկու հոդվածներով պաշտպանվող արժեքներին, այսինքն` խոսքը՝ կյանքի մասին է խոսքը՝ անձի ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության մասին է:

ՄԻԵԴ-ը երեկ ուշ երեկոյան ծանուցեց մեզ իր կայացրած որոշման մասին, իհարկե ստացել էինք նաև Ադրբեջանի պատասխանը: Եվրոպական դատարանն իր որոշումը ձևակերպեց հետևյալ կերպ. նախևառաջ հղում է կատարել 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետին, որով Ադրբեջանը ստանձնել էր պարտավորություն երաշխավորել Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների, ընդհանրապես տրանսպորտային միջոցների անվտանգ տեղափոխումը: Դատարանը նաև Ադրբեջանին հիշեցրեց նաև իր կոնվենցիոն պարտավորությունների մասին: Դատարանի որոշման եզրափակիչ մասում նշվում է՝ ապահովել «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծայրահեղ ծանր հիվանդ անձանց տեղափոխումը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը:

Դրա վերաբերյալ Ադրբեջանը պետք է դատարանին ծանուցի իր ձեռնարկած միջոցառումների մասին: Նաև դատարանը մի կարևոր արձանագրում էլ արեց, տվեց առաջնություն մեր ներկայացրած գանգատին»,-ասաց Կիրակոսյանը՝ տեղեկացնելով, որ հրատապ միջոց ներկայացնելու պահանջը ներկայացրել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի թիվ 4 միջպետական գանգատի շրջանակում:

Նրա խոսքով, Միջազգային դատարանը փաստացի բավարարել է Հայաստանի խնդրանքը. «Մեր ակնկալիքները դատարանից շատ բարձր չէին, որովհետեւ գիտենք, որ դատարանն ունի հստակ շրջանակներ իրավական տեսանկյունից այսպիսի միջոցներ կիրառելիս: Երկրորդը, նմանատիպ բարդ կոնֆլիկտային գործերի մեջ մտնելուց Դատարանը սովորաբար խուսափում է: Եթե իրավիճակը չհանգուցալուծվի, մենք շարունակելու ենք ներկայացնել լրացուցիչ փաստարկներ, ապացույցներ, որպեսզի հետագա ընթացքը կարողանանք ապահովել»:

Եղիշե Կիրակոսյանը նաև տեղեկացրեց, որ իրենք Արդարադատության միջազգային դատարանի միջոցով նամակ էին հղել Ադրբեջանին՝ պահանջելով ներկայացնել փաստարկներ. «Մենք ստացել ենք Ադրբեջանի պատասխանը թե Արդարադատության միջազգային դատարանի, թե ՄԻԵԴ-ի միջոցով. իրենք այդ պատասխաններում փորձում են պատասխանատվությունն իրենց վրայից գցել՝ փորձելով ներկայացնել, թե խոսքը «ակտիվիստների» մասին է, ինչն աբսուրդ է»,-ընդգծեց նա:

Պատասխանելով այն հարցին, եթե Ադրբեջանը շարունակում է փակ պահել ճանապարհը, ապա ինչ գործիքակազմեր կարող են կիրառվել՝ Եղիշե Կիրակոսյանն ասաց. «Ադրբեջանի կողմից քայլեր չենք էլ ակնկալում: Ցավոք, գործիքակազմն ունի սահմանափակումներ: Ֆորմալ առումով Եվրոպայի կոնվենցիայի շրջանակներում հետևյալ քայլերի հնարավորություն կա: Նախ` գոյություն ունի Նախարարների կոմիտեի հարթակ, որին Դատարանը կարող է ծանուցել կիրառած միջոցների մասին, իսկ Նախարարների կոմիտեն, լինելով Եվրոպայի խորհրդի հիմնական քաղաքական մարմինը, հետևում է նաև Դատարանի վճիռների և որոշումների կատարման ընթացքին: Նախարարների կոմիտեն անհրաժեշտության դեպքում պետք է քննարկի և միջամտի այս հարցերին, հասկանա, թե ի՞նչ քայլեր են անհրաժեշտ քաղաքական առումով, որպեսզի ավելի ուժեղացնի Ադրբեջանի նկատմամբ ճնշումը: Բնականաբար, այստեղ ևս ընթացակարգեր կան, ընդհուպ մինչև Եվրոպական դատարանում Ադրբեջանի կողմից իր պարտավորության խախտման վերաբերյալ հարցի բարձրացում, ԵԽ անդամության զրկման հարց, բայց դրա համար շատ երկար ճանապարհ դեռ կա»:

Հիշեցնենք, դեկտեմբերի 21-ին Եվրոպական դատարանը ուսումնասիրել է ՀՀ կառավարության ներկայացրած` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջը: Նշելով, որ այս պահին վիճելի է «Լաչինի միջանցքի» նկատմամբ Ադրբեջանի կողմից վերահսկողության առկայության հարցը, ինչպես նաև հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունները, մասնավորապես, «երաշխավորելու Լաչինի միջանցքով երկկողմ ուղղությամբ տեղաշարժվող անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը», և հիշեցնելով Եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները՝ Եվրոպական դատարանը որոշել է Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի հիման վրա պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031