Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ռուբեն Վարդանյանը, մեր ենթադրությամբ, իր անձնական ցանկության, կամքի եւ հայրենասիրության հաշվին է, որ այսօր գտնվում է Արցախում». Սեյրան Օհանյան

Դեկտեմբեր 22,2022 16:50

 Aravot.am-ի զրուցակիցն է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը

-«Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Իհարկե, նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներկայության առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա և մասնավորապես՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը». այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հավանական համարո՞ւմ եք, որ վերջին իրադարձություններով՝ Բերձորի միջանցքի փակում եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակ, հող է նախապատրաստվում ռուս խաղաղապահների տեղակայումը փոխարինել միջազգային խաղաղապահներով եւ ի՞նչ կտա դա մեզ:

-Նախ պետք է հասկանանք՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմը կանգնեցրել է ՌԴ-ն եւ նաեւ եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ ՌԴ-ն խաղաղապահ ուժեր պետք է տեղադրի, տեղադրել է ու երկար ժամանակ իր առաքելությունն իրականացրել է: Սա խոսում է նրա մասին, որ իրական հողի վրա, միակ երաշխավորն այսօր ՌԴ-ն է՝ իր ներկայությամբ Արցախում, նաեւ ՀՀ-ն Արցախի հետ կապող միջանցքում: Ստեղծված իրավիճակը նաեւ նրանից է, որ ՀՀ իշխանությունները ոչ լիարժեք են աշխատում ՌԴ-ի հետ՝ հասկանալով, որ ՌԴ-ն իր խաղաղապահ առաքելության հիմքում նաեւ իր ազդեցությունը պետք է ընդլայնի Ադրբեջանի վրա, նույն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման խաղաղապահ առաքելությունում: Այդ առումով, մենք ամեն ինչ պետք է անենք եւ ընդդիմության խոսքի մեջ էլ նշվում է, որպեսզի աջակցենք ՌԴ-ին, խաղաղապահ ուժերին՝ առաքելության մեջ, խնդիրների ամբողջական իրականացման համար:

Մենք այստեղ պետք է հասկանանք նաեւ, թե ի՞նչ մարտավարություն, ի՞նչ տերմինաբանություն կա, որը որ օգտագործում է ՌԴ-ն, երկու կողմերի հետ հարաբերություններ ձեւավորելու եւ երկու կողմերի վրա ազդելու խաղաղապահ առաքելության շրջանակներում: Միանշանակ, ամեն ինչ պետք է անել, որ ՌԴ-ն իր հնարավորություններն ընդլայնի եւ այս հակառուսական հիստերիան, որը որ գոյություն ունի Հայաստանում, նաեւ համացանցում, միանշանակ չի նպաստելու դրան: Եթե ուզում ես, որ քեզ աջակցեն, ապա պետք է պատշաճ հարաբերություններ ձեւավորել, իսկ պատշաճ հարաբերություններ ձեւավորելու համար, ՀՀ-ն իր արտաքին քաղաքականության մեջ պետք է ընդունի ընդունված բանակցային քայլեր, հարաբերություններ, պետք է հասկանա՝ ո՞վ է մեր ռազմավարական գործընկերը եւ ինչպիսի՞ անվտանգային համակարգում ենք մենք գտնվում: Ի վերջո, մենք նաեւ մեր աշխարհագրությունից, որը որ անմիջական կապ ունի նաեւ ՌԴ-ի հետ, այսօր չենք կարող հեռանալ: Նաեւ՝ պետք է ֆիքսենք՝ ո՞ւմ կատարած աշխատանքի արդյունքում է, որ մենք այսօր այս իրավիճակում ենք գտնվում. ի վերջո, փաստաթուղթը ստորագրել է ՀՀ իշխանությունը՝ հանձինս Նիկոլ Փաշինյանի եւ ամեն ինչ կախված է նաեւ նրանից, թե ինչպիսի՞ ակտիվություն է ինքը ցուցաբերում եւ երկկողմ հարաբերություններում, եւ նաեւ միջազգային հարթակում՝ բազմակողմ հարաբերություններում:

Ասածս այն է, որ անկախ նրանից, որ օրինակ, ՄԱԿ-ում բոլորը աջակցել են, բոլորը դատապարտել են՝ ասելով, որ միջանցքը պետք է բացվի եւ Արցախի ժողովուրդը, իր իսկ պատմական տարածքում, որ ժամանակին ինքնորոշվել է, իրավունք ունի անվտանգ ապրելու եւ կայուն կերպով իր զարգացումն ապահովելու, ՀՀ իշխանությունների բացը, կրավորական կեցվածքը կայանում է նրանում, որ իրենք իրենց գործողություններով ամեն ինչ անում են, նաեւ այդ հանդիպումների ժամանակ ասել են, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն իրենց համար կարեւոր է եւ, ըստ էության, Արցախը Ադրբեջանի մաս է կազմում: Սա է գործող իշխանության եւ ընդդիմության տարբերությունը եւ սա ապացուցելու բան չի, աքսիոմա է, որովհետեւ այսօրվա իշխանություններն են, որ ազատ, անկախ, Հայաստանի հետ կուռ անվտանգային համակարգում զարգացող Արցախի ճակատագիրը բերել հասցրել այս վիճակին:

Ինչ վերաբերվում է ՄԱԿ-ի մանդատին, իշխանությունն ինքն է ավելի լիարժեք տիրապետում, թե ինչպիսի հարաբերություններ կան. եթե ինքը գիտի պետություններ, եթե ինքը հասկանում է, որ կարող է միջազգային մանդատ տրվել, ապա ոչ ոք դրան դեմ չի լինի: Մենք, ի վերջո, բոլորս մտածում ենք, որ Արցախի ժողովրդի անվտանգությունը եւ Արցախի ինքնորոշման գաղափարը չոտնահարվի:

-Հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 19-ին ադրբեջանցիները թույլ չեն տվել, որ ռուս խաղաղապահների ավտոշարասյունն էլ անցնի. այսինքն, իրավիճակը գնալով սրվում է, հանգուցալուծումները տեսնո՞ւմ եք:

-Հանգուցալուծումը մեկը պետք է լինի. մենք պետք է հասկանանք, որ Արցախի ժողովուրդն իր տարածքում ապրել է եւ պետք է ապրի հավերժ: Այլ տարբերակը մեզ բոլորիս համար անընդունելի է: Ամեն ինչ պետք է անել՝ հարաբերություններում, բանակցային գործընթացում հաջողությունների հասնելու համար: Իհարկե, միջազգային հանրության, միջազգային մեծ ընտանիքի հետ աշխատելը, նրանց դատապարտումը, ընդ որում, նաեւ միակողմանի դատապարտումն այն գործելաոճին, որն այսօր իրականացնում է Ադրբեջանը, պետք է մեր աշխատանքի հիմքում լինի:

-«Հայաստանը եւ որոշ երրորդ պետություններ ավելի ու ավելի են լարվում՝ տեսնելով տեղի դրական զարգացումները եւ պատրաստ են սադրանքների գնալ՝ սասանելու համար նորմալացման գործընթացը։ Վերջերս հայտնի մի գործարար է ներդրվել Ղարաբաղի շրջանում, Ռուբեն Վարդանյան անունով, որը ոչ մի կապ չունի այդ շրջանի հետ եւ ներգրավված է բնական պաշարների շահագործման մեջ ու ինտենսիվացնում է արտաքին օբյեկտների ապակայունացնող գործողությունները». ՄԱԿ ամբիոնից Արցախի պետնախարարին հատուկ հիշեց Ադրբեջանի ներկայացուցիչ Յաշար Ալիեւը: Ի՞նչն են Ադրբեջանի մտահոգությունները:

-Միանշանակ է, որ Ռուբեն Վարդանյանը, մեր ենթադրությամբ, իր անձնական ցանկության, կամքի եւ հայրենասիրության հաշվին է, որ այսօր գտնվում է Արցախում: Ես հնարավորություն չեմ ունեցել իր հետ խոսելու եւ գնահատելու, բայց բավական բարձր եմ գնահատում Ռուբեն Վարդանյանի գործունեությունն Արցախում, որ փորձում է իր ունակությունները, հմտությունները, կառավարման փորձը ներդնել Արցախում, այս դժվար իրավիճակից Արցախի ժողովրդին դուրս հանելու համար: Միանշանակ է, որ յուրաքանչյուր քայլ, որը որ կատարվում է Արցախի ժողովրդին աջակցելու, Արցախում գտնվելու, միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է գտնվում եւ այն քայլերը, որոնք որ ուղղված են Արցախի ժողովրդին Արցախում պահելուն, նրանց համար անվտանգային եւ կայուն զարգացման իրավիճակ ստեղծելուն, գտնվելու են նաեւ Ադրբեջանի ուշադրության կենտրոնում: Այդ պատճառով, հիմա իրենք ցանկացած մեթոդ փորձելու են իրականացնել, որպեսզի այդպիսի մարդկանց եւ չեզոքացնեն, եւ նրանց դերակատարությունն իջեցնեն:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031