Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջարկել ենք ստեղծել խաղաղության պայմանագրի երաշխավորների ինստիտուտ»․ Արմեն Գրիգորյանը՝ խաղաղության պայմանագրի տեքստում ՀՀ-ի առաջարկությունների մասին

Դեկտեմբեր 22,2022 16:01

«Լաչինի միջանցքի մասով այս պահին ՀՀ-ն աշխատում է միջազգային հանրության հետ»,- հարցին՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև Լաչինի միջանցքը բացելու շուրջ բանակցություններ ընթանո՞ւմ են, ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա վստահեցրեց՝ ՀՀ-ն իր ամբողջ կարողությունները, գործիքներն օգտագործում է, որոնք առկա են, որ Լաչինի միջանցքը վերադառնա իր բնականոն հունին, աշխատի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, որտեղ հստակ նշված է, որ ԼՂ կապը ՀՀ-ի հետ անխոչընդոտ իրականացվում է Լաչինի միջանցքով։

Նա շեշտեց՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում հասցեական կոչեր են եղել, և պետք է շարունակել աշխատել այս ուղղությամբ․ «ՀՀ-ն կոչ է անում միջազգային հանրությանը՝ կլինի ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԱՀԿ ՄԽ, առաքելություններ ուղարկել Լաչինի միջանցք, որ կարողանանք հանգուցալուծել այս իրավիճակը։ Այն վտանգավոր է այն տեսանկյունից, որ 120 հազար հայ այս պահին Արցախում գտնվում է շրջափակման մեջ։ Հումանիտար ճգնաժամի առաջ ենք կանգնած»։

Հարցին՝ ՀՀ-ն ուղարկել է խաղաղության պայմանագրի հետ առաջարկներն Ադրբեջանին, դրանք ի՞նչ առաջարկներ են և հնարավո՞ր է արդյոք մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրում, ՀՀ ԱԽ քարտուղարը պատասխանեց․ «Եթե Ադրբեջանն այդ առաջարկներին դրական արձագանքի, հնարավոր է․ կախված է Ադրբեջանից։ ՀՀ-ն շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ։ ՀՀ-ն իր քայլը կատարել է։ Ստեղծված ճգնաժամը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի՝ կառուցողական դերը տարածաշրջանում, երբ խաղաղության շուրջ բանակցություններ են ընթանում, բայց Լաչինի միջանցքն Ադրբեջանը փակում է այսպես կոչված բնապահպանների միջոցով։ Չգիտեմ՝ բնապահպանների մեջ գեներալ, կապիտան պաշտոնով մարդիկ կա՞ն, բայց այն, որ այդ մարդիկ Ադրբեջանի պաշտպանության, կառավարության ներկայացուցիչներ են, միանշանակ է։ Այս առումով Ադրբեջանն է այդ շրջափակումը կազմակերպել՝ հենց իշխանությունը, այդ քայլը որևէ կապ չունի որևէ քաղաքացիական բնապահպանների հետ»։

Հարցին՝ որքանո՞վ իմաստ ունի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, եթե նա չի պահպանում նոյեմբերի 9-ի պարտավորությունները, նա պատասխանեց․ «Խաղաղության պայմանագրի տեքստում առաջարկել ենք այսպես կոչված գարանտորների ինստիտուտ, միջազգային կազմակերպությունների, պետությունների կողմից՝ որպես երաշխավոր, այսինքն՝ խաղաղության պայմանագրի երաշխավորների ինստիտուտ։ Դա կկարողանա ապահովել այդ պայմանագրի իրականացումը։ Մենք նաև առաջարկել ենք, որ մեխանիզմ ստեղծվի միջազգային դատարան դիմելու։ Եթե առաջանում է ճգնաժամ, և հնարավոր չէ այն լուծել, դիմենք միջազգային դատարան դա համաձայնեցնելու համար»։

Հարցին՝ ունի՞ բացատրություն, թե ռուս խաղաղապահներն ինչու չեն կատարում իրենց պարտավորությունները Լաչինի միջանցքի հետ կապված, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքն ամբողջությամբ ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ է, և նրանք են հանդիսանում պատասխանատուն միջանցքում անխափան երթևեկության իրականացման համար։ Բնականաբար, խոսվել է նաև դրա մասին, որ ՌԴ-ն կատարի իր պարտավորությունները, ապահովի անխափան երթևեկություն։ Իսկ թե ինչու չի կատարում, այդ հարցը ճիշտ է հղել ՌԴ-ի որևէ կառույցի։ Մենք այդ հարցը արդեն հղել ենք նրանց և´ հրապարակային, և´ ոչ հրապարակային»։ Հարցին՝ իսկ ՌԴ-ից ի՞նչ են պատասխանել, ՀՀ ԱԽ քարտուղարը պատասխանեց․ «Եթե միջանցքը շարունակում է փակ մնալ, նշանակում է՝ այդ ուղղությամբ բավարար քայլեր չեն կատարվել»։

Հիշեցմանը՝ ՀՀ ընդդիմությունը հակադարձում է՝ եթե ռուս խաղաղապահները բացեն ուժով Լաչինի միջանցքը, կսկսվի պատերազմ, Արմեն Գրիգորյանն արձագանքեց․ «Ընդդիմությունը նաև մեզ է կոչ անում, որ այդպիսի քայլեր անենք՝ չմտածելով, որ հնարավոր է նման պատերազմ․ ՀՀ ռազմաքաղաքական իրավիճակից կարծես թե տեղյակ չեն։ ՀՀ-ի դեպքում այդ հանգամանքը հաշվի չեն առնում։ Չեմ հասկանում՝ ընդհանրապես իրենք ՀՀ-ի հետ կապ ունե՞ն․ այլ երկրներին ավելի շատ են պաշտպանում, քան ՀՀ-ին»։

Հարցին՝ երաշխավոր ո՞ր երկրները կարող են լինել, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Այդ հարցը բաց ենք թողել։ Դա կախված է պետություններից, որոնք պատրաստակամություն կհայտնեն նման երաշխավորի դերակատարություն վերցնել»։

Հարցին հնարավո՞ր է Փաշինյան-Ալիև հանդիպում առաջիկայում, Արմեն Գրիգորյանը պատասխանեց՝ հենց նման հստակություն լինի, հրապարակային այդ մասին կիմանաք։

Հստակեցմանը՝ մինչև տարեվերջ Լաչինի միջանցքը կբացվի՞ Արմեն Գրիգորյանը պատասխանեց՝ իր հույսն այն է, որ հնարավորինս շուտ այդ հարցը կլուծվի։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031