Ավարտվեց «The Artfor’s — արվեստ հանուն ավելիի. նկարիչները փրկում են կյանքեր» առցանց բարեգործական աճուրդը՝ հօգուտ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (ԶԱՀ) և Վահե Մելիքսեթյան հիմնադրամի, որը մեկնարկել էր դեկտեմբեի 11-ին։ Մեկ շաբաթ շարունակ մեր հայրենակիցները Հայաստանից և սփյուռքից ուշի-ուշով հետևում էին օնլայն հարթակին, նոր գին առաջարկում իրենց սիրելի արվեստի գործը ձեռքից բաց չթողնելու և բարեգործություն անելու համար։
Արդյունքում վաճառվեց 30 նկար $7,850 (3,111,662 ՀՀ դրամ) ընդհանուր արժողությամբ, որից $4,100 (1,625,199 ՀՀ դրամ)՝ հօգուտ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի և $3,750 (1,486,463 ՀՀ դրամ)՝ Վահե Մելիքսեթյան հիմնադրամի, որից վերջինս 300,000 ՀՀ դրամը կփոխանցի ԶԱՀ–ին։
Շնորհակալություն ենք հայտնում The Artfor’s-ի հայրենասեր երիտասարդների թիմին, ում նախաձեռնությամբ կյանքի կոչվեց բարեգործական աճուրդը։
Շնորհակալություն ենք հայտնում նաև Վահե Մելիքսեթյան հիմնադրամին՝ իր նկարների վաճառքից ստացված գումարի շուրջ 20%-ը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրաբերելու համար։
Կարդացեք նաև
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում բոլոր նկարիչներին, ովքեր նվիրեցին իրենց արվեստի գործերը և մաս դարձան այս կարևոր և հայրենանվեր նախաձեռնության։
Աճուրդի ողջ հասույթն ուղղվելու է Հայաստանում և Արցախում պատերազմի հետևանքով տուժած զինծառայողներին և նրանց ընտանիքներին․ ավելի քան 4,400 զոհված և անհայտ բացակայող հերոսների ընտանիքների և ավելի քան 600 զինհաշմանդամություն ստացած զինծառայողների։
Չնայած աճուրդն ավարտվել է, սակայն նկարները դեռևս հասանելի են հարթակում, և Դուք հնարավորություն ունեք ձեռք բերել արվեստի յուրահատուկ գործեր։ Ամբողջական կատալոգը հասանելի է աճուրդի կայքում՝ theartfors.com։
Միասին՝ զինվորիս կողքին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մասին
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (ԶԱՀ) ստեղծվել 2017թ-ին հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքներին և առաջին ու երկրորդ կարգի զինհաշմանդամություն ձեռք բերած զինվորներին կայուն, արդար ֆինանսական հատուցումներ տրամադրելու նպատակով։ ԶԱՀ յուրահատուկ հիմնադրամ է տարածաշրջանում, որին պարտադիր վճարներ են կատարում Հայաստանի և Արցախի բոլոր ռեզիդենտ ֆիզիկական անձինք։ Սփյուռքի մեր հայրենակիցները ԶԱՀ-ին սատարում են նվիրաբերությունների միջոցով։ ԶԱՀ-ի արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը և բարեվարքությունը։ ԶԱՀ-ի կայքում արտացոլվում են ստացված բոլոր պարտադիր վճարները և նվիրաբերությունները, ինչպես նաև կատարված հատուցումները։ Այս պահի դրությամբ ԶԱՀ-ը տրամադրել է ավելի քան 70․9 միլիարդ ՀՀ դրամի հատուցում 5,077 շահառուների, որոնցից 4,661-ը՝ 2020թ. պատերազմից հետո։
Վահե Մելիքսեթյան հիմնադրամի մասին
Վահե Մելիքսեթյան հիմնադրամը հիմնադրվել է ի հիշատակ 2020 թվականի արցախյան պատերազմում զոհված կլինիկական դեղագետ Վահե Մելիքսեթյանի՝ Հայաստանում կլինիկական դեղագիտության զարգացմանը նվիրված նրա աշխատանքը շարունակելու նպատակով։ Երկու տարվա ընթացքում հիմնադրամը 7 մլն դրամի անվանական կրթաթոշակներ է տրամադրել դպրոցականներին և ապագա կլինիկական դեղագետներին։ Աճուրդից ստացված ողջ գումարն ուղղվելու է «Վ.Մելիքսեթյանի անվան դեղագիտության զարգացման կենտրոնի» ստեղծմանը։ Կենտրոնի ստեղծման առաջին փուլի համար անհրաժեշտ է 20 միլիոն ՀՀ դրամ, որից հավաքագրվել է 9 միլիոնը։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ