Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի փակման կապակցությամբ:
«Ես ուշադիր հետևում եմ դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի փակումից հետո Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։ Ես անհանգստացած եմ, որ մարդկանց տեղաշարժի երկարատև խափանումը, որոշ մարդկանց թույլ չտալը հասնել իրենց տներ, ինչպես նաև հիմնական ապրանքների և ծառայությունների, ներառյալ սննդի մատակարարումների և շտապ բժշկական օգնության հասանելիությունը, սպառնում է Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից մարդու իրավունքների իրացմանը: Միջանցքի հասարակական կարգի և անվտանգության ապահովման համար պատասխանատու անձինք պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ այդ ճանապարհի երկայնքով շարժը հրատապ կարգով վերականգնելու և հումանիտար իրավիճակի վատթարացումը կանխելու համար։ Ավելին, բոլոր համապատասխան շահագրգիռ կողմերը պետք է խուսափեն լարվածության աճից։
Ներկա իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս մարդասիրական օգնության և մարդու իրավունքների միջազգային առաքելությունների ազատ և անխոչընդոտ հասանելիության ապահովման կարևորությունը բոլոր տարածքներ և բոլոր ժողովուրդներին, ներառյալ Լեռնային Ղարաբաղում բնակվողներին: Ինչպես ես նշել եմ իմ 2021թ. Հուշագրում, համապատասխան իշխանությունները պետք է մշակեն մուտքի արդյունավետ և ճկուն եղանակներ, որոնք հնարավորություն կտան բոլոր համապատասխան դերակատարներին, ներառյալ իմ գրասենյակին, առաջնահերթության կարգով դիմել մարդասիրական օգնության և մարդու իրավունքների պաշտպանության կարիք ունեցողներին:
Որպես մարդու իրավունքների հանձնակատար՝ ես կշարունակեմ ուշադիր հետևել Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների իրավիճակին։ Ես պատրաստ եմ ներգրավվել բոլոր համապատասխան զրուցակիցների հետ՝ աջակցելու առկա մարտահրավերների հաղթահարմանը»,- ասվում է Միյատովիչի հայտարարության մեջ։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ