Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՂ խնդիրը անձերից չի ծագել, անձերով չի ավարտվելու». ինչո՞ւ ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը անդրադարձավ Ռուբեն Վարդանյանին

Դեկտեմբեր 22,2022 15:25

Aravot.am-ի զրուցակիցն է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը

-«Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Իհարկե, նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներկայության առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա և մասնավորապես՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը». այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախօրեին էլ խորհրդարանում, իշխող ուժը կրկին սլաքներն ուղղեց ՌԴ-ի կողմը: Արդյոք հայկական կողմը, որը եռակողմ հայտարարության ստորագրողներից եւ պատասխանատուներից մեկն է, բավարար ջանքեր ներդրել է, ի՞նչ քայլեր են արվել եւ դրանք ինչո՞ւ արդյունք չեն տվել, որ հիմա ՌԴ-ին ենք մեղադրում:

-Ձեր հարցի պատասխանը, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ կա գրված. դրա համար պետք չի ոչ մեկից հարցնել, հայտարարությունը եռակողմ է եւ այդ երեք կողմերից յուրաքանչյուրը պետք է պարտավոր լինի ապահովել իր մասը:

-Մենք մեր մասով ի՞նչ ենք արել:

-Նայած ո՞ր կետով:

-Բերձորի միջանցքի մասով:

-Եթե խոսում ենք Լաչինի միջանցքից, հստակ գրված է հայտարարության մեջ հստակ՝ թե ո՞ւմ վերահսկողության տակ է Լաչինի միջանցքը: Եթե գտնվեր հայկական զինված ուժերի վերահսկողության տակ, հարցը, բնականաբար, կուղղվեր ՀՀ կառավարությանը, եթե գտնվեր Արցախի ՊԲ վերահսկողության տակ, ուրեմն՝ Արցախի իշխանություններին, բայց, քանի որ գտնվում է ՌԴ խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ, շատ տրամաբանական է, որ հարցն էլ պետք է ուղղվի ռուսական կողմին:

-Այսինքն, այդ հատվածի մասով, հայկական կողմը չունի՞ անելիք:

– Իհարկե, ունի անելիք եւ անում է. տեսաք՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրվեց: Այսինքն, Հայաստանն անում է այն, ինչը պատշաճում է տվյալ իրավիճակում եւ ինչը կարող է անել, բայց, մյուս կողմերն էլ պետք է անեն այն, ինչը որ իրենք կարող են եւ պարտավոր են անել: Ի՞նչ պիտի անի, որ չի անում, եթե դուք գիտեք մի տարբերակ, որը Հայաստանը կարող է անել եւ չի անում, միգուցե դուք դա նշեք:

-Իսկ ձեր բացատրությունը ո՞րն է, ինչո՞ւ ռուսական կողմը չի ապահովում՝ չի՞ ցանկանում, չի՞ կարողանում, թե՞ պահանջներ ունի Հայաստանից:

-Ես չեմ կարող ասել: Ուղղակի մենք փաստն ենք արձանագրում, որ այդ ճանապարհը գտնվում է իր վերահսկողության տակ՝ ոչ միայն փաստացի, այլեւ իրավականորեն: Իհարկե, ոչ միայն փաստացի, այլ ըստ փաստաթղթի, իրավականորեն արձանագրված է, որ ՀՀ սահմանից սկսած մինչեւ Արցախ՝ միջանցքը, 5 կմ լայնությամբ, որ պետք է շրջանցի Շուշի քաղաքը, հիմա արդեն շրջանցում է, ամբողջությամբ գտնվում է իրենց վերահսկողության տակ, կամ պիտի գտնվի, կամ պիտի գտնվեր:

-Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն ասել էր. «Հայաստանը, ստորագրելով եռակողմ հայտարարություն Ադրբեջանի և Ռուսաստանի հետ, չի պահանջում դրա կատարում: Ադրբեջանը, համապատասխանաբար, խախտում է դրա դրույթները, իսկ Ռուսաստանը Հայաստանի լռության ֆոնին չի կատարում իր պարտավորությունները: Բոլորը հանգիստ հետևում են կատարվողին»:

-Բայց ինչպե՞ս չի պահանջում: Բա ՄԱԿ-ի ԱԽ նիստն ո՞վ է հրավիրել: Դրանից ավելի բարձր ատյան կա՞ միջազգային հարաբերությունների, մենք ենք հրավիրել, այնտեղ էլ բոլորն արտահայտվել են եւ ցանկացած կողմ հնարավորություն է ունեցել տեսնել՝ ցանկացած պետության դիրքորոշումը:

-Իսկ ՄԱԿ-ԱԽ-ում ինչո՞ւ հետամուտ չեղանք հայտարարության կամ բանաձեւի ընդունման, մանավանդ, որ Հայաստանի համար բարենպաստ մթնոլորտ էր:

-Ընթացակարգերի մասին, անկեղծ ասած, չեմ կարող մեկնաբանություն անել, միգուցե ժամկետների, ընթացակարգերի հետ կապված հարցեր կային, համենայնդեպս, կարծում եմ, արվել է առավելագույնը, այն, ինչը հնարավոր է եղել այդ պահին անել:

-ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի ելույթի ձեր գնահատականը ո՞րն է:

-Իմ գնահատմամբ, ելույթը թույլ էր՝ թույլ փաստարկներով, թույլ հիմնավորումներով: Իրենք սկզբում փորձում էին ասել, թե ճանապարհը փակ չէ, հետո, սկսեցին հիմնավորել, թե ինչո՞ւ է ճանապարհը փակ: Ընդ որում, սկզբում այդ իբրեւ թե հիմնավորումները այն էին, ինչ մինչ այդ պաշտոնապես բերվում էր՝ իբրեւ թե բնապահպանական, հետո էլ սկսեցին խոսել ինչ-որ ականներից՝ հակահետեւակային, որոնք իբրեւ թե Հայաստանից տեղափոխվել են Արցախ: Ինչ-որ աբսուրդ ձեւակերպումներ, պատճառներ ու պատրվակներ, որոնք երբեք չէին հնչեցվել ու դա, կարծում եմ, որ միանգամայն անհասկանալի էր ներկաների համար եւ դա միանգամայն այլ հարթության հարց է՝ այլ ձեւաչափում, այլ համատեքստում պետք է քննարկվի, դրա համար էլ չհամակարգված, իրարամերժ արձագանք եղավ:

-«Հայաստանը եւ որոշ երրորդ պետություններ ավելի ու ավելի են լարվում՝ տեսնելով տեղի դրական զարգացումները եւ պատրաստ են սադրանքների գնալ՝ սասանելու համար նորմալացման գործընթացը։ Վերջերս հայտնի մի գործարար է ներդրվել Ղարաբաղի շրջանում, Ռուբեն Վարդանյան անունով, որը ոչ մի կապ չունի այդ շրջանի հետ եւ ներգրավված է բնական պաշարների շահագործման մեջ ու ինտենսիվացնում է արտաքին օբյեկտների ապակայունացնող գործողությունները». մեջբերումը Յաշար Ալիեւի ելույթից է, այս դրվագի մասին ի՞նչ կասեք:

-Ի՞նչ ասեմ, շատ ասելու բան չեմ տեսնում: Եթե ասել է, ուրեմն իրենց մտահոգում է, եթե մտահոգում է՝ չգիտեմ, ասելիք չկա:

-Եթե մտահոգված են, մտահոգվելու տեղ կա՞…

-Ես դա որպես լուրջ փաստարկ չէին ընդունի, դա ևս մի պատրվակ է: Խնդիրը շատ ավելի խորքային է, անձերի խնդիր չէ: ԼՂ խնդիրն անձերի մասին չէ: Անուն-ազգանունները խնդրի ընթացքի մեջ… խնդիրն այլ ծագումնաբանության եւ բովանդակության է:

-ՄԱԿ-ի բարձր ամբիոնից շեշտադրելով հենց անուն-ազգանուն, Ադրբեջանի ներկայացուցիչը կարծես հստակ ակնարկներ էր անում:

-Ակնարկ չի, բաց տեքստով ասվեց, թե իրենց իբր ինչն է մտահոգում: Թե ինչքանո՞վ է դա իրականություն եւ ինչքանո՞վ է դա իրենց մտահոգում, այլ ոչ թե, ընդհանրապես, ԼՂ հայերի գոյությունը, ինչը, բնականաբար, մտահոգում է, դա այլ հարց է: Էլի եմ ասում, ԼՂ խնդիրը անձերի մասին չէ, ԼՂ խնդիրը շատ ավելի խորն է, անձերից չի ծագել, անձերով չի ավարտվելու:

-Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում այսօր արած հայտարարությունը, կարո՞ղ է հիմք դառնալ միջազգային խաղաղապահ ուժերի ներգրավման համար:

-Չեմ կարող ասել, դա կախված կլինի միջազգային ուժերի բալանսից: Ես չեմ կարող ասել՝ վաղն աշխարհում ի՞նչ տեղի կունենա, որովհետեւ, հիմա աշխարհը շատ արագ է փոխվում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031