Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բայդենը` Զելենսկիին. «Պարոն նախագահ, մի՛ անհանգստացեք. մենք կկանգնենք Ուկրաինայի կողքին, քանի դեռ այն կա»

Դեկտեմբեր 22,2022 14:56

«Ամերիկայի ձայն». Ընթանում Ուկրաինայի առաջնորդ նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի այցը Վաշինգտոն, ուր նա ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է Ուկրաինայի պաշտպանողականության մեծացման հնարավորությունները: Առաջնորդները նաև անցկացրել են համատեղ ասուլիս:

«Ուրախ եմ, որ կարողացաք իրականացնել այս այցը»,- հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը՝ Սպիտակ տանը հյուրընկալելով Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկիին:

Նախագահ Զելենսկին Վաշինգտոն է ժամանել դեկտեմբերի 21-ին: Սա Ուկրաինայի առաջնորդի առաջին օտարերկրյա այցելությունն է Ռուասաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ սանձազերծած պատերազմից ի վեր:

Վաշինգտոն ժամանելուն պես Զելենսկին ասել է, որ իր այցի նպատակն է երախտագիտություն հայտնել Միացյալ Նահանգներին՝ Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու համար, ինչպես նաև բանակցություններ վարել՝ երկրի պաշտպանողական կարողությունը ուժեղացնելու համար։

Երկու նախագահների հանդիպումը Սպիտակ տանը սկսվել է ժամը 14:00-ին, որին հաջորդեց համատեղ մամլո ասուլիսը: Հանդիպման մեկնարկին նախագահ Բայդենը կրկին վերահաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը աջակցելու Կիևին Ռուսաստանի ագրեսիայի դեմ պայքարում:

Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին ասել է, որ ցանկանում էր ավելի շուտ այցելել ԱՄՆ և երախտագիտություն հայտնել ԱՄՆ-ի նախագահին իր և բոլոր ուկրաինացիների անունից։ Նա շնորհակալություն է հայտնել նախագահ Բայդենին, ԱՄՆ-ի Կոնգրեսին և բոլոր ամերիկացիներին աջակցության համար։ Զելենսկին նաև Բայդենին է փոխանցել ուկրաինական մարտական խաչ շքանշանը ՌԴ-ի ագրեսիայի դեմ պատերազմի մասնակից հերոս ուկրաինացի զինվորականի անունից:

Ասուլիսիս մեկնարկին նախագահ Բայդենն ասել է, որ իր հանդիպումը Ուկրաինայի նախագահի հետ տեղի է ունենում սանձազերծած պատերազմի 300-րդ օրը, երբ Ռուսաստանի նախագահը «ուժեղացրել է իր դաժան հարձակումները» Ուկրաինայի դեմ: ԱՄՆ նախագահը նման գործողություններն որակում է սարսափելի և ընդգծում, որ Մոսկվան օգտագործում է ձմեռը որպես զենք ընդդեմ Ուկրաինայի։

Բայդենը նշել է, որ ամերիկյան ժողովուրդը և ամերիկյան իշխանությունները երբեք չեն լքի Ուկրաինային, որը պայքարում է իր ազատության համար։ Նա հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը Ուկրաինային կփոխանցի այն ամենը, ինչ վերջինիս անհարժեշտ է պաշտպանվելու և մարտի դաշտում հաջողության հասնելու համար»։

«Պարոն նախագահ, մի անհանգստացեք, մենք Ուկրաինայի կողքին ենք, քանի դեռ Ուկրաինան կա»,- ասել է Բայդենը ասուլիսիս ավարտին:

Բայդենն ընդգծել է, որ իրենք չեն ցանկանում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ առճակատման և երրորդ համաշխարհային պատերազմի բռնկում։ Դրա հետ մեկտեղ, նախագահը շեշտել է ՆԱՏՕ դաշինքի միասնականությունը ՌԴ-ի ագրեսիային դիմակայելու հարցում:

Սպիտակ տան ղեկավարը ևս մեկ անգամ հորդորել է ԱՄՆ Կոնգրեսին շարունակել աջակցել Ուկրաինային բոլոր ոլորտներում։ Նա նաև հայտարարել է Ուկրաինային 1,8 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը ներառում է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր։ Դա պաշտպանողական զինատեսակ է, շեշտել է ԱՄՆ-ի նախագահը ի պատասխան լրագրողների հարցին, որ դրանց տրամադրումը կարող է հանգեցնել լարվածության աճին:

Իր հերթին Վոլոդիմիր Զելենսկին ևս մեկ անգամ ջերմորեն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ վարչակազմին այս պատմական այցի հնարավորության և օժանդակության համար։ Ընդգծելով այս աջակցության կարևորությունը՝ Զելենսկին նշել է, որ ԱՄՆ-ի նոր ռազմական օգնությունը կնպաստի Ուկրաինայի երկնքի և ուկրաինական քաղաքների պաշտպանությանը:

Նախագահ Զելենսկին վստահություն է հայտնել, որ անկախ նրանից, որ ԱՄՆ Կոնգրեսում փոխվել է ուժերի հարաբերակցությունը երկու կուսակցությունների միջև, աջակցությունը Ուկրաինային և նրա ազատության համար պայքարը կշարունակվի։ Այս հայտարարությունը նախագահ Զելենսկին հնչեցրել է ԱՄՆ Կոնգրեսում նախատեսված ելույթից առաջ:

Այնուհետև Ուկրաինայի առաջնորդն այցելել է ԱՄՆ Կոնգրես, ուր նրան է ողջունել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Համատեղ կարճատև ճեպազրույցի ընթացքում, խոսնակ Փելոսին շեշտել է՝ Ձեր այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ Կոնգրեսը պատրաստվում է մոտակա 48 ժամվա ընթացքում ընդունել անվտանգության, տնտեսական և հումանիտար օգնության վերաբերյալ նոր փաթեթ: Խոսնակ Փելոսին հույս է հայտնել, որ այն կընդունվի:

Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսին՝ Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու համար: Այդ զինամթերքը կօգնի մեզ մարտի դաշտում, նշել է Զելենսկին: Ուկրաինայի նախագահը ելույթով հանդես է եկել նաև ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում:

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031