Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ պատիժ է նախատեսված ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածողի համար

Դեկտեմբեր 22,2022 14:08

Հսկող դատախազի որոշմամբ՝ ահաբեկչության վերաբերյալ սուտ տեղեկություններ տարածելու համար քաղաքացի Ա.Ղ.-ի նկատմամբ 2022 թվականի դեկտեմբերի 5-ին հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական վարույթով փաստվել է, որ 2022 թվականի հոկտեմբերի 18-ին, Երևան քաղաքի Գայի պողոտայում գործող բանկի մասնաճյուղում, Ա.Ղ.-ն 11 հազար 700 ռուբլի գումար է փոխանցել Ռուսաստանում բնակվող իր կնոջը՝ Ն.Խ.-ին: Օրեր անց՝ հոկտեմբերի 22-ին, տեղեկանալով, որ գումարը չի փոխանցվել, ժամը 21:25-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի տարածքից իր հեռախոսահամարից զանգահարել է Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և սպառնալիքներ հնչեցրել՝ բանկի մասնաճյուղը նռնակներ նետելու եղանակով պայթեցնելու վերաբերյալ՝ տարածելով ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ:

2022 թվականի դեկտեմբերի 9-ին քրեական հետապնդման մասին որոշումը ներկայացվել է Ա.Ղ.-ին, որն իրեն մեղավոր է ճանաչել ներկայացված մեղադրանքում: Որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

2022 թվականի դեկտեմբերի 16-ին քրեական վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ ներկայացնելը քրեորեն հետապնդելի արարք է, որը նախատեսված է Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով: Նշված հոդվածի 1-ին մասը որպես պատիժ նախատեսում է տուգանք՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներ՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Ելնելով վերը նշվածից՝ Գլխավոր դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելուց:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031