Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Փամբուխչյանը Լաչինի միջանցքի մասին․ «Մենք ոչ մեկի վրա պատասխանատվությունը չենք գցում»

Դեկտեմբեր 22,2022 13:52

«Մենք ոչ մեկի վրա պատասխանատվությունը չենք գցում, մենք ընդամենը պայմանագրից բխող կետերն ենք մեջբերում, եւ ըստ կետերի պարզ է յուրաքանչյուրի անելիքը եւ յուրաքանչյուրի գործառույթը»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին եւ ՀՀ իշխանության քայլերին։

Նրա խոսքով՝ իշխանությունը մեծ հնչեղություն է տվել գործընթացին․ «Հետեւողականորեն գնալու ենք նրան, որպեսզի Ադրբեջանը բացի Լաչինի միջանցքը եւ մեր 120 հազար հայրենակիցներ դուրս գան շրջափակումից»։

Նա ասաց, որ Լաչինի միջանցքում Արցախի ներքին գործերի նախարարության հերթապահող անցակետեր կան:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից մի խումբ ադրբեջանցիներ, որոնք ներկայանում են բնապահպաններ, փակ են պահում Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը՝ պահանջելով մուտք գործել Կաշենի եւ Դրմբոնի հանքավայրեր՝ մշտադիտարկման։

ՄԻԵԴ-ը, քննելով ՀՀ դիմումը, որոշել է պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը:

Մինչ այդ ՄԱԿ ԱԽ նիստում ՀՀ դիմումի հիման վրա քննարկվել է Լաչինի միջանցքը՝ ադրբեջանցիների կողմից փակելու հարցը, անվտանգության խորհրդի անդամ երկրները պահանջեցին ապաշրջափակել Լաչինի միջանցքը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031