Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 21,8% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը կառավարման են հանձնվում պետգույքի կառավարման կոմիտեին։ Այս մասին որոշման նախագիծը ներառված է գործադիրի այսօրվա նիստի օրակարգում՝ որպես չզեկուցվող հարց։
Հիշեցնենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պետական բաժնետոմսերը 2021 թվականից կառավարում էր Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ԱՆԻՖ-ը։ Նշենք, որ 2021-ի սեպտեմբերին 30-ին կառավարությունը կոմբինատից որպես նվիրատվություն էր ստացել 15%-ը եւ կառավարումը հանձնել ԱՆԻՖ-ին, իսկ 2022 թվականի մարտի 24-ին կրկին որպես նվիրատվություն ստացել է բաժնետոմսերի եւս 6.8%-ը, որի գործարքը գաղտնի է տեղի ունեցել։
Որոշման նախագծով սահմանվում է, որ պետգույքին անցած բաժնետոմսերի կառավարման իրականացման շրջանակներում քննարկվող բոլոր որոշումների նախագծերի մասին պետք է նախապես տեղեկացնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ, եւ ընկերությունից ստացված ֆինանսական եւ այլ տեսակի հաշվետվությունները, բաժնետերերի ընդհանուր (արտահերթ) ժողովների արձանագրությունները ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է՝ ընկերության կորպորատիվ կառավարմանը առավել ինստիտուցիոնալ մոտեցմամբ մասնակցելու անհրաժեշտությունից ելնելով, նպատակահարմար է, որ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվեն պետական գույքի կառավարման կոմիտեին։ Մինչդեռ հիշեցնենք, որ կոմբինատի բաժնետոմսերի կառավարումն ԱՆԻՖ-ին հանձնելիս կառավարությունն ասում էր, որ այդպ կերպ կառավարումն ավելի արդյունավետ կլինի։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ