Լրահոս
Օրվա լրահոսը

Հանքավայրերը վաճառելով՝ Բաքուն այդ ընկերությանը ներկայացնող պետությանը շահագրգռել է մասնակից դառնալ Արցախի ժողովրդի դեմ նախապատրաստվող ռազմական ագրեսիային. «Հայաստանի Հանրապետություն»

Դեկտեմբեր 22,2022 12:04

Բերձորի միջանցքի փակման կեղծ «բնապահպանական հիմնավորումների» տակ թաքնված են ոչ միայն Ադրբեջանի ցեղասպան նպատակները, այլեւ գլոբալ տնտեսական շահեր, որոնք Արցախը շրջափակելու պակաս կարեւոր շարժառիթներից չեն: Պարզվում է, որ Արցախի ժողովրդին հումանիտար աղետի առաջ կանգնեցրած Ադրբեջանի հատուկ եւ այլ ուժային կառույցների «բնապահպան» ներկայացուցիչները պաշտպանում են բրիտանական «Anglo Asian Mining PLC» հանքարդյունաբերական ընկերության շահերը: Թողնենք մի կողմ այն բացարձակ ճշմարտությունը, որ որեւէ բնապահպան չի կարող լինել հանք շահագործող ընկերության կողքին, ինչն ավելորդ անգամ փաստում է Բերձորում կատարվողի բեմական սցենարը, այստեղ էականն այն է, որ նման գործողությամբ, ըստ էության, կրկին ի հայտ է գալիս Արցախի ժողովրդի դեմ իրականացված ագրեսիայի պատվիրատուներից եւ հիմնական շարժառիթներից մեկը:

Բանն այն է, որ դեռ 20 տարի առաջ Ադրբեջանը բրիտանական այս ընկերությանը նվիրել է Արցախի Դրմբոնի եւ Կաշենի հանքավայրերի շահագործման իրավունքները: Տնտեսական նման խոշոր գործարքների կնքման պրակտիկային թեկուզ մակերեսային իրազեկվածություն ունեցողը կփաստի, որ բիզնեսի կանոններով խոշոր ընկերությունը չէր կարող նման ռիսկերի գնալ եւ փաստացի չճանաչված պետության օրինական իշխանությունների հետ որեւէ շփման չգնալով մեկ այլ պետությունից գնել հանքշահագործման իրավունք: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանից գնել հանքավայրեր, որոնք իրավաբանորեն վերջինիս չեն պատկանում, եւ օրինական հիմքերով ու միջազգային բոլոր նորմերին համապատասխան շահագործում են Արցախի Հանրապետության օրինական սեփականատերերը:

Վերոնշյալ հանքավայրերը վաճառելով անգլիական ընկերությանը՝ պաշտոնական Բաքուն ուղղակիորեն այդ ընկերությանը ներկայացնող պետությանը շահագրգռել է մասնակից դառնալ Արցախի ժողովրդի դեմ նախապատրաստվող ռազմական ագրեսիային: Հանքավայրերի պատճառով Արցախը լիակատար շրջափակելու պայմաններում բրիտանական ընկերությունը փաստում է Արցախի ժողովրդի դեմ 44-օրյա ագրեսիայում իր պետության առնվազն շահագրգռվածությունը: Բայց իրականությունն այն է, որ իրենց գործելաոճին համաձայն՝ հայր եւ որդի Ալիեւները փաստացի խաբել են խոշոր տնտեսավարողին: Նրանք լավ գիտեին, որ Արցախի տարածքում գտնվող հանքավայրերն ադրբեջանական կողմի միջոցով հնարավոր կլիներ շահագործել միայն այն դեպքում, երբ Արցախը լիովին հայաթափված լիներ:

Նաեւ Անգլիայի աջակցությամբ իրականացված ագրեսիայից հետո, երբ կոալիցիոն հակաարցախյան զինված ուժերին չհաջողվեց ամբողջությամբ հայաթափել եւ ցեղասպանության ենթարկել Արցախի ժողովրդին, բրիտանական ընկերությունն առերեսվեց ճշմարտության հետ՝ տեսնելով, որ որեւէ իրավական ու փաստացի հիմքեր չկան այդ հանքավայրերին մոտենալու համար: Այս իրավիճակում նրան մնում է միայն խաբվածի կարգավիճակում բողոքներ ներկայացնել միջազգային տարբեր կառույցներ եւ Բաքվի հետ միասին իր նպատակին հասնել Արցախի ժողովրդին հումանիտար տեռորի ենթարկելու միջոցով:

Այս ամենն ավելորդ անգամ փաստում է այն ճշմարտությունը, որ ժամանակակից աշխարհում պատերազմների պատճառները հիմնականում գլոբալ տնտեսական շահերն են, Երկիր մոլորակի վրա առկա բնական ռեսուրսների՝ օրեցօր չբավարարող քանակը: Տնտեսական շահի հետեւից վազելով՝ խոշոր համաշխարհային խաղացողները ոտնահարում են արցախցիների նման փոքր ժողովուրդների՝ սեփական բնօրրանում կյանքի հիմնարար իրավունքը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031