Լրահոս
Օրվա լրահոսը

Կարծրատիպերը պատերազմի մասնակիցներին խանգարում են դիմել անհրաժեշտ հոգեբանական աջակցության. JAMnews

Դեկտեմբեր 22,2022 12:16

JAMnews. Հերոսացումն ու կարծրատիպերը պատերազմի մասնակիցներին խանգարում են դիմել անհրաժեշտ հոգեբանական աջակցության։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի մասնակից Միքայելին (անունը փոխված է) հաճախ են տանջում մղձավանջները։

«Նյարդային է դարձել, երբեմն՝ ագրեսիվ։ Մեկուսացել է, դարձել է ինքնամփոփ, բարձր ձայներից վեր է թռնում, գիշերները պատերազմի հետ կապված մղձավանջային երազներ է տեսնում։ Առաջվա Միքայելը չի, շատ է փոխվել։ Մինչև հիմա չի կարողանում հետ գալ, վերադառնալ խաղաղ կյանքի», — ասում է Միքայելի մայրը՝ Ալվինան (անունը փոխված է)։

Ըստ Ալվինայի, չնայած գանգատներին, որդին կտրականապես մերժում է հոգեբանական աջակցության դիմելու հորդորները։

«Չենք կարողանում համոզել, ընդհանրապես էդ թեմայով չի ուզում խոսել և վերջ։ Եթե իմանա, որ ձեզ հետ խոսել եմ իր խնդիրների մասին, չգիտեմ էլ, թե ոնց կարձագանքի, դրա համար խնդրում եմ մեր անունները փոխել»։

Պատերազմի հիմնական հոգեբանական հետևանքները մասնագետներն ամփոփում են մեկ ախտորոշման մեջ՝ հետտրավմատիկ սթրեսային խանգարում (ՀՏՍԽ)։ Այն բնորոշ է պատերազմ վերապրած հասարակություններին և առավել ընդգծված է արտահայտվում պատերազմական գործողությունների մասնակիցների և ականատեսների շրջանում։ Չնայած նման գանգատներին՝ պատերազմի մասնակիցները երբեմն հրաժարվում են դիմել հոգեբանական աջակցության։

Հոգեբան, հոգեթերապևտ Տաթևիկ Հովհաննիսյանը, որն աշխատում է զինհաշմանդամություն ունեցող անձանց հետ, ընդգծում է, որ չնայած տղաներն ունեն ՀՏՍԽ և դրան բնորոշ մի շարք գանգատներ՝ գիշերային մղձավանջներ, կրկնվող մտապատկերներ, բարձր տագնապայնություն, դեպրեսիվ բազմաթիվ դրսևորումներ, անուժություն, խուճապային գրոհներ, ոչ բոլորը, բայց մի մասը սկզբում մերժում են հոգեբանի հետ խորհրդատվությունը, քանի որ նրանց վրա միանգամից հերոսի կնիք է դրվել։

«Եթե տղան մասնակցել է պատերազմին, միանգամից կնիք ենք դնում հերոսի, իսկ հերոսը իրավունք չունի լինել թույլ, տխուր, ապրել պատերազմի բնական հետևանքները։ Ինչպե՞ս կարող է հերոսը գնալ բժշկի մոտ ու ասել՝ վատ եմ», — ասում է Հովհաննիսյանը։

«Իրականում պետք է զգույշ լինենք պիտակավորելուց, որովհետև գուցե հերոս են, բայց մարդ են։ Իսկ մարդուն, մանավանդ հոգեբանական տրավմա ապրած մարդուն, հատուկ են նաև անուժության, անզորության, տխրության, տագնապայնության, քնի մղձավանջների և քրոնիկ հոգնածության վիճակները»,- ասում է մասնագետը։

Գերությունից վերադարձած անձանց դեպքում պատկերը մի փոքր այլ է։ Կլինիկական հոգեբան Սիրանույշ Դավթյանը, որն աշխատել է Ադրբեջանից վերադարձած գերիների հետ ընդգծում է, որ այս դեպքում մասնագիտական աջակցության կարիքը շատ ակնհայտ է լինում․

«Պատերազմն այնպիսի տրավմա է, առհասարակ, գումարած դրան՝ գերեվարությունը, որ չես կարող ասել՝ դե լավ, սա ի՞նչ խնդիր է, որ ես գնամ մասնագետի մոտ։ Այս տեսակ տրավմատիկ իրողություններն ուղղակիորեն ազդում են կյանքի որակի վրա՝ ուսումնական պրոցես, աշխատանք, միջանձնային հարաբերություններ և այլն։ Սրանք հստակ ցուցիչներ են, որ կարիք կա մասնագետի դիմելու։ Այլ հարց է, թե ինչ կարծիք ունեն հոգեբանական աջակցության, հոգեբանի կերպարի մասին»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031