«Գիտեմ, որ հոգեբանական վիճակը շատերիդ մոտ ծանր է, զգացմունքներ են կուտակվել։ Շատերի մոտ, որոնք հույս ունեին, որ սա արագ կվերջանա, դեպրեսիա է, եւ դա հասկանալի է։ Աշխարհում լինում են նման իրավիճակներ»-այսօր` Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի փակման 11-րդ օրը «ֆեյսբուքյան» ուղիղ եթերում հայտարարեց Արցախի հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Գիտեմ, որ իսկապես իրավիճակը ծանր է` եւ սննդի հետ կապված, եւ բենզինի։ Հավատացեք, որ ամեն ինչին հետեւում ենք ու փորձում լուծումներ գտնել։ Այսօր հանդիպելու եմ այն ծնողների հետ, որոնց երեխաները մնացել են ՀՀ-ում։ Հասկանանք, թե ինչ կարող ենք անել։ Ցավոք, մի քանի անձինք մահացել են, եւ մարմինները չեն կարողանում բերել Արցախ։ Կան ընտանիքներ, որոնք բաժանված են իրարից»,-նշեց Ռուբեն Վարդանյանը։
Նա արցախցիներին վստահեցրեց, որ ամեն ինչ անում են ու աշխատում են. «Չենք թողնելու, որ այս ամենը վերածվի քաոսի։ Երեկ Երեւանից հայտնի գործարար զանգեց, ասեց ո՞նց եք։ Ասեցի, որ ոչինչ, աշխատում ենք, պայքարում ենք։ Հարցրեց` ե՞րբ ես գալիս Երեւան, 25-26-ին կլինե՞ս։ Ասեցի` լո՞ւրջ ես ասում, չեք հասկանո՞ւմ, որ մենք շրջափակման մեջ ենք։ Ասում է` դե չես կարո՞ղ մի հատ գաս-գնաս։ Ասեցի՝ ընկեր ջան, շրջափակումը շրջափակում է… մի կողմից զայրանալու է, որ Երեւանում գտնվող մարդուց նման վերաբերմունք կա, մյուս կողմից էլ հասկանում ենք, որ իրենց մոտ իրավիճակն այլ է, տեղեկատվությունն այլ կերպ են ստանում։ Իրենք ոչ թե մեղավոր են, այլ իրավիճակում ճիշտ չեն կողմնորոշվում։ Մեկ այլ ընկերս զանգեց, վատ զգաց, որ որեւէ բանով չի կարողանում օգնել։ Ասացի, որ ես երջանիկ մարդ եմ ու իմ կյանքի երջանիկ ժամանակն եմ ապրում 54 տարեկանում։ Այս ծանր իրավիճակում պետք է գիտակցենք, որ սերունդների համար անելիք ունենք»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ