Դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակման շուրջ քննարկում ծավալվեց, հնչեցին հայտարարություններ: Մինչ այս նաև բազմաթիվ գրություններ, նամակներ են ուղարկվել միջազգային կառույցներին: ՀՀ-ն նաև դիմում է ներկայացրել ՄԻԵԴ՝ պահանջելով Ադրբեջանի նկատմամբ կիրառել միջանկյալ միջոցներ և պարտավորեցնել ապաշրջափակել Բերձորի միջանցքը: Ադրբեջանին այս առումով վերջնաժամկետ էր տրվել:
«Ցանկացած միջազգային իրավական հարց կարող է լուծվել միայն քաղաքական ուժի պայմաններում: Եթե քաղաքական ուժ ու կամք չկա, մնացածը թղթի վրա գրված զուտ խոսքեր են և իրենցից ոչինչ չեն ներկայացնում: Սա քաղաքականության այբուբենն է: Ու եթե մենք հենց քաղաքական տեսանկյունից դիտարկենք, Հայաստանի իշխանություններն իրենց բազմիցս արված հայտարարություններով հրաժարվել են Արցախից, ինչը բացահայտ է: Այդ մասին բազմիցս ասել է վարչապետ կոչեցյալը, Պրահայի համաձայնության մեջ ևս հստակ ասված է այդ մասին: Նաև քպական պատգամավորներն են բացահայտ խոսում այն մասին, որ Արցախի հարցն իրենցից կախված չէ: Ասում են՝ դիմեք ռուս խաղաղապահներին: Այս քաղաքական որոշումը հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ այստեղ չի կարող որևէ իրավական հարց գործել»,-վերոնշյալ թեմայի համատեքստում անդրադառնալով միջազգային կազմակերպություններից, հանրությունից ունեցած ակնկալիքներին՝ «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը:
Շեշտելով, որ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ունի նաև բանավոր պայմանավորվածություններ՝ Ավետիք Իշխանյանը նշեց. «Դրանք էին Գորիս-Կապան ճանապարհի և բազմաթիվ բնակավայրերի հանձնումն Ադրբեջանին: Ու եթե այս տեսանկյունից ենք դիտարկում, ապա պատերազմի պատահականությունը ես բացառում եմ: Ես համոզված եմ, որ սա եղել է նպատակադրված, պատերազմով Արցախը հանձնելու նպատակ է եղել: Վարչապետ կոչեցյալի նպատակն էլ հետևյալն է եղել՝ «Արցախը հանձնեմ, ինձ թողեք ձեր հովանու ներքո հանգիստ իշխել Հայաստանում»:
Մինչդեռ չի պատկերացրել, որ իրեն հանգիստ չեն տա, որ շարունակելու են իրենց նպատակը՝ այն, ինչ տեսնում ենք նաև հիմա: Ընդհանուր առմամբ, քանի դեռ Հայաստանում այս վարչակարգն է իշխում, Հայաստանը վերանալու է: Եթե մենք չկարողանանք հեռացնել նրանց, մեղքը միայն նրանց վրա գցելը ճիշտ չի լինի: Դա կնշանակի, որ մեր ժողովուրդը, հասարակությունը, մեր ընդդիմադիր ուժերը համակերպվեցին պարտության ու Հայաստանի վերացման հետ: Իսկ եթե ուժ հավաքենք ու հեռացնենք այս իշխանությանը, համոզված եմ, որ ամբողջ միջազգային հանրության վերաբերմունքը կփոխվի մեր նկատմամբ: Նրանք կհասկանան, որ մենք արժանապատվություն ունենք: Մեր դաշնակիցների, իրենց շահերից ելնելով մեզ համակրող երկրների վերաբերմունքը ևս կփոխվի մեր նկատմամբ, ինչպիսին Իրանն է, Ռուսաստանը և այլ երկրներ: Այս դեպքում շատ արագ իրադրությունը կփոխվի: Մեծ հաշվով, խնդիրը Հայաստանում է՝ Հայաստանի իշխանությունն է, որևէ այլ տեղ խնդրի լուծում պետք չէ փնտրել»:
Կարդացեք նաև
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։