Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ազատվել մաշկի պիգմենտային բծերից

Դեկտեմբեր 22,2022 09:30
kin

Օրգանիզմում մելանինի հավասարակշռության խանգարումների պատճառով ժամանակի ընթացքում մաշկի գույնը սկսում է փոփոխություններ կրել, ինչի արդյունքում տարիքի հետ մարմնի առանձին հատվածներում, ավելի հաճախ ձեռքերի, պարանոցի, ուսերի ու դեմքի վրա պիգմենտային բծեր ու պեպեններ են առաջանում։
Որոշ գործոններ նպաստում են այդ փոփոխություններին, օրինակ՝ պարբերաբար և երկարատև արևի տակ մնալը, գենետիկ նախատրամադրվածությունը, ճիշտ խնամքի բացակայությունը, ջրազրկումը, ալկոհոլն ու ծխելը, դիմահարդարման չարաշահումն ու մաքրող որոշ միջոցների օգտագործումը, դաշտանադադարը, հղիությունը, որոշ դեղամիջոցների ընդունումը և այլն։

Ինչ անել պիգմենտային բծերի ու պեպենների առաջացումից խուսափելու համար

Այս դեպքում նույնպես ավելի ճիշտ է կանխարգելել խնդրի առաջացումը, քան պայքարել դրա դեմ, քանի որ իրականում մաշկի պիգմենտային բծերից ազատվելը բավականին բարդ գործընթաց է։ 

  • Խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից հատկապես ամռանը, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթումը նպաստում է բծերի առաջացմանը։
  • Օգտագործեք արևապաշտպան միջոցներ՝ չմոռանալով դրանք քսել նաև ձեռքերին։ Սպիտակ մաշկի դեպքում ընտրեք պաշտպանության ավելի բարձր մակարդակ ունեցող միջոցները։
  • Հաճախ խոնավացրեք դեմքն ու ձեռքերը՝ նոր բծերի առաջացումից խուսափելու համար։
  • Բավականաչափ ջուր խմեք օրգանիզմի ջրային հավասարակշռությունը պահպանելու համար։ Դա կօգնի օրգանիզմից տոքսինների դուրսբերմանն ու կնպաստի բջիջների երիտասարդության պահպանմանը։
  • Հարստացրեք սննդակարգը հակաօքսիդանտներով հարուստ մթերքներով։ Հակաօքսիդանտները կօգնեն պահպանել մաշկի առողջ տեսքը՝ կանխարգելելով պիգմենտային նոր բծերի առաջացումը։
  • Խորհրդակցեք մաշկաբանի հետ, եթե պիգմենտային բծերը շատ մուգ գույն ունեն։

Պիգմենտային բծերից ազատվելու մի շարք միջոցներ կան, որոնք կարող են կիրառվել մաշկաբանի նշանակմամբ։

Սպիտակեցնող կրեմներ, որոնք հիդրոքինոն ու ռետինոիդներ են պարունակում։ Դրանք մի քանի ամսվա ընթացքում բավականին լավ արդյունք են ապահովում, բայց կարող են ժամանակավորապես մաշկի քոր, կարմրություն և չորություն առաջացնել։

Լազերային թերապիա- լազերային թերապիայի որոշ տեսակները քայքայում են մելանին արտադրող բջիջները՝ չվնասելով մաշկի մակերեսը։

Դերմաբրազիա․ այս միջամտությունը հարթեցնում է մաշկի մակերեսն արագ պտտվող խոզանակի օգնությամբ, սակայն ունի կողմնակի ազդեցություններ՝ կարող է մաշկի կարմրություն, այտուց առաջացնել։

Միկրոդերմաբրազիա, որը համեմատաբար ավելի մեղմ միջամտություն է, քան դերմաբրազիան, սակայն այն նույնպես ունի հակացուցումներ և խորհուրդ չի տրվում կիրառել, եթե մարդն ունի ռոզացեա կամ դեմքի արտահայտված մազանոթներ։

Քիմիական պիլինգ, որի ժամանակ հեռացվում են մաշկի վերին շերտերը, ինչից հետո մաշկն ակտիվորեն վերականգնվում է։ Մի քանի միջամտությունից հետո արդյունքը բավականին նկատելի է լինում, սակայն քիմիական պիլինգը նույնպես ունի կողմնակի ազդեցություններ, օրինակ՝ մաշկի կարմրություն, որը կարող է երկար պահպանվել։

Ինչպես ազատվել ձեռքերի պիգմենտային բծերից տնային պայմաններում

  • Օրական երկու անգամ ձեռքերին կարող եք ալոե վերայի հյութ քսել։
  • Ձեռքերին դնել կաթնային շիճուկով թրջոցներ կամ մի քանի րոպե ձեռքերը պահել կաթնային շիճուկի մեջ։
  • Քնելուց առաջ ձեռքերին կարող եք թեթևակիորեն ջրածնի պերօքսիդ քսել։
  • 1/3 բաժակ մանրացված սիսեռին ավելացրեք մի փոքր ջուր՝ թողնելով 12 ժամ։ Երեկոյան այդ խառնուրդը քսեք ձեռքերին ու սպասեք մինչև չորանալը, այնուհետև լվացրեք ձեռքերը։
  • Խատուտիկի թուրմ պատրաստեք (1 բաժակ ջրին 1 ճաշի գդալ հարաբերակցությամբ) և քսեք ձեռքերին օրական 2-3 անգամ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուրներ՝ 1, 2

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031