Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին հերթին՝ հայ

Դեկտեմբեր 22,2022 10:00

ՄԱԿ–ի անվտանգության խորհրդում քննարկման փաստն ինքնին դրական է. եթե Արցախի շրջափակման խնդիրը դարձել է բարձր միջազգային ատյանի քննարկման առարկա, իսկ այդ ատյանի լիիրավ անդամը նաեւ Հայաստանն է, ուրեմն մեր դիվանագիտությունն այստեղ անելիք ունի: Օրինակ, երբ Ադրբեջանի ներկայացուցիչը ստում է, թե Բերձորի միջանցքով մարդիկ եւ բեռները ազատորեն կարող են տեղաշարժվել, դա, իհարկե, ոչ ոք լուրջ չի ընդունում: Բայց այդ մակարդակով ասված սուտը հնարավորություն է տալիս պահանջելու կամ, առնվազն, առաջարկելու, որ ՄԱԿ-ի համապատասխան կառույցների ներկայացուցիչները գան ու ստուգեն՝ անցնո՞ւմ են այդ տեղով բեռներն ու մարդիկ, թե՞ չեն անցնում:

Քննարկման ժամանակ ելույթները մեզ համար, ընդհանուր առմամբ, բարենպաստ էին: Եվ այս հարցում պետք է արժանին մատուցել մեր դիվանագետներին: (Ի դեպ, իրենց գործը լավ են արել ՄԻԵԴ-ի հետ աշխատող մեր իրավաբանները): Չնշել մեր պետության ներկայացուցիչների ծառայությունները՝ ելնելով ինչ-ինչ քաղաքական նախասիրություններից, սխալ է: Իհարկե, դիվանագետները, որքան էլ արհեստավարժ լինեն, չեն կարող փոխել արտաքին քաղաքական վեկտորը (մանավանդ՝ երբ այն գոյություն չունի), բայց կոնկրետ, սահմանափակ տարածքում նրանք ի վիճակի են աշխատել Անվտանգության խորհրդի անդամների հետ՝ հնարավորինս բարենպաստ ելույթներն ապահովելու համար: Հիմնականում այդպես էլ եղավ. բոլոր ելույթ ունեցողները (բացի Ռուսաստանից) միանշանակ պահանջեցին բացել միջանցքը: Ռուսաստանն ընդհանուր «թրենդից» փոքր-ինչ դուրս էր, որովհետեւ այդ երկիրն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ «առեւտուր» ունի: Բայց Ռուսաստանի եւ այլ պետությունների դիրքորոշման մասին պետք է խոսել սառնասիրտ՝ առանց էմոցիաների, չփորձելով որեւէ մեկի նկատմամբ ատելություն բորբոքել:

Էմոցիաները պետք է «միացվեն», երբ խոսվում է շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցների մասին: Բայց դրանք նույնպես պետք է առնչվեն պրագմատիկ նպատակների հետ: Վստահ եմ, որ մենք օգնած կլինենք փորձանքի մեջ հայտնված հայերին, եթե աշխարհին եւ թշնամուն ցույց տանք, որ որոշակի հարցերում միասնական ենք, ոչ թե բաժանված ենք «ռուսամետների» եւ «արեւմտամետների», «հակա-ներկաների» եւ «հակա-նախկինների»: Օրինակ, հնարավո՞ր չէ, արդյոք, որ այս հարցով Ազգային ժողովի հայտարարություն ընդունելիս, խմբակցությունները նախօրոք բանակցեն եւ ձեւակերպեն այնպիսի մի տեքստ, որը կընդունվի միաձայն: Կամ՝ լավ կլիներ, կարծում եմ, որ ՔՊ-ն կամ իշխանամետ հ/կ-ներն իրենք ցույց կազմակերպեին՝ ի նշան համերաշխության Արցախի ժողովրդի հետ:

Այդ ամենն այսօր ֆանտաստիկա է թվում: Բայց, քանի որ ես 1988 թվականին իմ աչքերով եմ տեսել, թե ինչպես են կոմունիստը եւ հակակոմունիստը, ոստիկանը եւ օրենքի հետ խնդիր ունեցողը, բանվորը եւ ակադեմիկոսը՝ բոլորը դարձել էին առաջին հերթին հայ, ես հավատում եմ, որ դա հնարավոր է: Մանավանդ, որ այն ժամանակ մարդիկ համախմբվել էին նույն խնդրի շուրջ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայ says:

    ՄԱԿ ի ներկայացուցիչները արդեն մի շաբաթ է սահմանին են եւ ամեն բան շատ լավ տեսնում են եւ բնականաբար Ադրբեջանի ստերին չեն հավատում:

  2. Լավատես says:

    առաջին հերթին հայ
    Շնորհավորում եմ իսկական հային:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031