Լրահոս
Օրվա լրահոսը

Քիմիա, սպորտ եւ Սինատրայի հիթեր

Դեկտեմբեր 22,2022 14:00

Կամ՝ ինչպես Արմեն Խորոզյանը որոշում կայացրեց հաստատվել հայրենիքում

Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի համերգների, հատկապես ձայնագրությունների շնորհիվ, եթե չենք սխալվում՝ 1960-ականներից հայրենիքում առաջին անգամ ներկայացան, հայտնի դարձան սփյուռքահայ մեր երգիչների անունները, այդ թվում՝ ֆրանսահայ Ժակ Դուվալյան, Ռոզի Արմեն, Լիզ Սարյան, արգենտինահայ Արթուրո Կույումջյան… Կարելի է երկար թվարկել։ Ընդ որում, էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի կարծես որդեգրած այդ քաղաքականությունը շարունակվում է մինչ օրս։ Այս գործում մեծ դերակատարում ունի նվագախմբի 37 տարիների գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը։ Մաեստրոյի վերջին տարիների «հայտնագործություններից» է սիրիահայ երգիչ Արմեն Խորոզյանը, որի արվեստին կհանդիպենք նաեւ «Արամ Խաչատրյան» համեգասրահում դեկտեմբերի 24, 25-ին կայանալիք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) ամանորյա նախագծերից մեկում, որի ժամանակ կներկայացվեն Ֆրենկ Սինատրայի հիթերը։

«Առավոտին» հասած տեղեկություններով՝ Արմեն Խորոզյանը Հալեպում թողնելով եկամտաբեր բիզնեսը, 2019-ից ընտանյոք հաստատվել է հայրենիքում, ասում են, որ սպորտի ոլորտում էլ նա լուրջ հաջողություններ է գրանցել։ Մեզ հետքրքրող այս եւ այլ հարցերի պատասխանները ստանալու համար հյուրընկալել էինք երգչին։

«Հալեպում քիմիկոսի մասնագիտություն ստանալուց հետո, 1986թ. ուսումս շարունակեցի Երեւանի պետական համալսարանի ասպիրանտուրայում, անվանի քիմիկոս, պրոֆեսոր Վահե Դանիելյանի ղեկավարությամբ։ Ամեն ինչ սկսվեց Երեւանի համալսարանից։ Այն տարիներին սփյուռքահայ ուսանողներից բենդ էինք կազմել, հաճախ հանդես էինք գալիս։ Լավ եմ հիշում. 1988 թվականն էր, երբ մեր համերգներից մեկին ներկա Երվանդ Երզնկյանը ինձ հրավիրեց ռադիո եւ առաջարկեց մեկ-երկու երգ ձայնագրել։ Անկեղծ ասած՝ այդ տարիներին հայերենս այնքան էլ լավ չէր, փորձեցինք անգլերեն երգեր՝ Սինատրայի երգացանկից։ Այդ ժամանակից էլ սկսվեց գործունեությունս էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Անկեղծ ասած՝ արդեն 90-ականների սկզբից էի մտածում հայրենիք տեղափոխվելու մասին, բայց լավ գիտեք՝ դրանք ինչ տարիներ էին։ Հայաստանցիների ոչ մեկի վիճակը վիճակ չէր։ Հենց 91 թիվն էր, երբ հյուրընկալվել էի մաեստրոյի տանը, ծնվել էր նրա թոռը։ Պետք էր տեսնել այդ անլույս, անջուր, մի խոսքով՝ «չկա»-ների շրջանում ինչ էր տիրում մաեստրոյի տանը նույնպես։ Ես այդ տարիներին Զեյթունի հանրակացարանում էի, բնականաբար, այնտեղ էլ նույն վիճակն էր…»,- հիշեց մեր զրուցակիցը։

Հարցին, թե՝ այդ ամենը հավանաբար առիթ հանդիսացավ, որ մեկներ ծննդավայր, երգիչը պատասխանեց. «Ծնողներիս հորդորով հետ գնացի։ Իհարկե, երգ-երաժշտությունը, երեւանյան փորձերը, մաեստրոյի հետ հանդիպումները ինձ հանգիստ չէին թողնում։ Բայց ինչ արած։ Հալեպում քիմիկոսի մասնագիտությամբ էի աշխատում, մեկ-մեկ էլ ելույթ ունենում ակումբներում։ Նշեմ, որ Սիրիայի պետությունը հիանալի օրենքներ ուներ. ամեն հնարավորություն ընձեռում էր արտադրողին, որ վերջինս շատ շուտ ոտքի կանգնի… Ես էլ շատ շուտ գնեցի մեծ տարածք, 1995-ին հիմնեցի բիզնես եւ սկսեցի արտադրություն։ Արտադրում էինք վարսերի խնամքի միջոցներ։ Դա տեւեց մինչեւ Սիրիայում պատերազմի սկիզբը՝ 2012թ.։ Այդ ընթացքում, կրկնում եմ, կարոտում էի փորձերը, ձայնագրությունները էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի հետ, հատկապես մաեստրո Երզնկյանի խորհուրդները։ Կարճ ասած՝ 2004-ին որոշեցի ու առանց երկմտելու եկա Հայաստան։

Միանգամից զանգեցի մաեստրոյին ու գնացի փորձի։ Նա ինձ տեսնելով, դիմեց խմբի երաժիշտներին՝ Սինատրայի երգի պարտիաները դրեք։ Մարտին Վարդազարյանն էլ ուղղակի վազելով եկավ, դիմելով դաշնակահար Նունե Արզումանյանին, սիրալիր ասաց՝ ես եմ ուզում զբաղեցնել քո տեղը։ Նման վերաբերմունքը տեսնելով, դարձյալ որոշում կայացրի, այն է՝ այլընտրանք չկա, պետք է հաստատվեմ հայրենիքում։ Հենց այդ տարին էր, երբ վերադարձա Հալեպ, ամուսնացա։ Արդեն հավանաբար պարզ է, որ միանգամից չէր ստացվի կնոջս հետ տեղափոխվել Հայաստան։ Հետո ծնվեցին զավակներս։ Պիտի նշեմ, որ ուսման որակը Սիրիայում ընկել էր եւ երբ որդիս ավարտեց դպրոցը, նրա հետ երկուսով եկանք Հայաստան ու տղաս դարձավ բժշկական համալսարանի ուսանող։ Մի քանի տարի անց, 2019-ին դուստրս էլ կնոջս հետ եկավ Հայաստան, նա էլ ընտրեց ճարտարապետի մասնագիտությունը եւ ընտանիքը վերջնական միավորվեց ու հաստատվեցինք այստեղ։ Դրանից հետո սկսվեց իմ մշտական համագործակցությունը մաեստրո Երզնկյանի ղեկավարած էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Իսկապես պարտական եմ ե՛ւ մաեստրոյին, ե՛ւ Մարտին Վարդազարյանին։ Նրանք ինձ համար երաժշտարվեստում հանդիսացան մեծ դասախոսներ»։

Արմեն Խորոզյանը նաեւ հավելեց. «Աշխատել եմ հնարավորինս երկար ստեղծագործական դադար չլինի իմ եւ մաեստրո Երզնկյանի միջեւ։
Օրինակ, 2010-ին, երբ մաեստրոն հյուրախաղերով Բեյրութում էր, ինձ էլ հրավիրեց, հաճույքով վազեցի (ժպտում է- Ս. Դ.): Մի անգամ էլ բարեգործականի հետ կազմակերպեցինք մաեստրոյի հեղինակային երեկոն Հալեպում եւ այլն։ Հիշում եմ՝ 1989-ին, երբ Կոնստանտին Օրբելյանն իր նվագախմբով մեկ ամսով հյուրախաղերի էր մեկնելու Ռուսաստան, Երզնկյանից էր խնդրել, որ թույլ տա ես էլ մասնակցեմ։ Այդ ժամանակ Օրբելյանի նվագախմբում էին ճանաչված երգիչներ Գայանե Հովհաննիսյանը, Նառան, Շահեն Հայրումյանը, Արամոն եւ այլն»։ Հետաքրքրությանը՝ մազերի խնամքի միջոցների ձեր բիզնեսը, ինչն ակտուալ է բոլոր ժամանակներում եւ անհամեմատ եկամտաբեր, քան երգչի աշխատանքը, ինչո՞ւ չտեղափոխեցիք Հայաստան կամ ուղիղ ասած՝ ո՞րն է այսօր ձեր ապրուստի միջոցը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Անկասկած, ուզում էի բիզնեսը տեղափոխել Հայաստան, բայց ինչու այն չիրականացրի, թույլ տվեք պատճառների մասին չխոսել։ Որպես քիմիկոս այսօր աշխատում եմ Մատենադարանում, սիրում եմ իմ աշխատանքը, որն անչափ հետաքրքիր է…»։ Մանրամասնեց, որ դեռեւս 2016-ին Մատենադարանը ստացել է սարքեր, որոնք, իր ձեւակերպմամբ՝ անալիզի են ենթարկում, ստուգում, թե հին ձեռագրերը ինչ թղթի վրա, ինչ ներկով կամ ինչ նյութով են գրված. «Այդ աշխատանքն իրականացնում են 25 վերականգնող, ես նախապես ստուգում եմ ձեռագրերը՝ ինչ նյութից, ինչ թանաքով են արված եւ այլն, որ հնարավոր լինի վերականգնման գործընթացը։ Չէ՞ որ ամեն ձեռագիր իր պատմությունն ունի, իսկ այդ ողջ աշխատանքի ղեկավարն է մեր հրաշալի քիմիկոս, գիտությունների թեկնածու Գայանե Էլյազյանը։ Եվ այդ ամենն, իհարկե, զուգահեռում եմ էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթներով, ձայնագրություններով եւ տեսահոլովակներով»։

Իսկ թե ինչ կապ ունի սպորտի հետ քիմիկոսը, երգիչը, մեր զրուցակիցը «գնաց» 1988 թվական։ «Երեւանում ասպիրանտուրայում սովորելու տարիներին մարզվում էի «Սպարտակ» ակումբում։ Երկու տարի հետո՝ 1988-ին, եռացատկում գրանցեցի չեմպիոնի արդյունք՝ 15մ 13 սմ, ինչը ըստ էության ռեկորդային ցուցանիշ էր։ Բայց ես Հայաստանի քաղաքացի չէի։ Վերադառնալով Սիրիա, մասնակցեցի միջազգային մրցաշարի, փորձելով ռեկորդը կրկնել, բայց չհաջողվեց։ Ցատկեցի ընդամենը 14մ 87սմ եւ գրավեցի 3-րդ տեղը»,- պատասխանեց Արմեն Խորոզյանը։
Հարցրինք՝ հիմա իր ներսում ավելի շատ քիմիկո՞սն է, թե՞ երգիչը, մեր զրուցակիցը վայրկենապես արձագանքեց. «Չեմ կրնա զատել»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031