Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հերոս կերպար նկարելն ամեն մարդու բան չէ»

Դեկտեմբեր 22,2022 13:30

Զինծառայողի եւ նկարչի խաչուղին

Կապիտան Գեւորգ Սահակյանը, մեկտեղելով աշխատանքն առաջին մասնագիտության հետ, շարունակում է հասարակությանը ներկայանալ ոչ միայն ԶՈՒ-ի սպա, այլ նաեւ նկարիչ: Նրա ոճն ինքնատիպ է. նկարում է ապակու վրա, որից հետո հատուկ տեխնոլոգիայով պատկերն արտատպում թղթին: Այն հարցին, թե դժվար չէ՞ արդյոք երկու մասնագիտություն մեկտեղելը, պատասխանում է. «Իմ առաջնային մասնագիտությունը նկարչությունն է։ Ժամկետային ծառայության ընթացքում հասկացա, որ պիտի շարունակեմ ծառայությունը ու մինչեւ օրս ծառայում եմ: Շատ դժվարությամբ, բայց կարողանում եմ նկարչության հետ մեկտեղել»։

Մեկը մյուսին լրացնել կարողանում են, իսկ խանգարել՝ ոչ։ Գեւորգ Սահակյանի դիմանկարների հերոսները սովորաբար կանայք են լինում: Նա ոգեշնչվում է բնությունից եւ կանանց գեղեցկությամբ: Այնուամենայնիվ, դիմանկարներում լինում են բացառություններ… Նկարել է նաեւ 44-օրյա պատերազմի հերոսներ Ալբերտ Հովհաննիսյանին եւ Արթուր Սուքիասյանին: Բայց կարծում է՝ այլեւս չի շարունակի հերոսներ նկարելը. «Հերոս կերպար նկարելը ամեն մարդու բան չէ, այդ գաղափարը իր մեջ շատ խորություններ է պարունակում»:

Երիտասարդ նկարիչը նշում է, որ 2016 թվականից որոշեց փոխել նկարչության ուղղությունը դեպի դիմանկարչություն։ Հետաքրքիր է նաեւ, որ նա ոչ միայն ապակու վրա է նկարում, այլ նաեւ գրքերի, ամսագրերի եւ թերթերի էջերին:

«Մի քանի տասնյակ դիմանկարներ սպիտակ եւ գունավոր թղթերի վրա անելուց հետո որոշեցի, որ կարելի է գրքի թերթեր կպցնել իրար ու դրա վրա նկարել. նկարեցի եւ ստացվեց: Ասեմ նաեւ, որ այդպես գրքին երկրորդ կյանք եմ տալիս, չնայած օգտագործում եմ հիմնականում ռուսալեզու գրքեր ու այն գրքերը, որոնցից երկու օրինակ ունեմ»,-նշում է մեր զրուցակիցը։ Իր ցուցահանդեսների ժամանակ հետեւելով այցելուներին, նշում է, որ դիմանկարներով հետաքրքիր հույզեր է առաջացնում դիտորդների մոտ: Գեւորգը նշում է, որ այցելուների մեծ մասն ասում է, որ դիմանկարներին նայելիս երեւում է մարդու բնավորությունը, բարությունն ու պարզությունը։

Մինչեւ 2021 թվականի անհատական ցուցահանդեսը, նկարիչն ունեցել է եւս երեք անհատական ցուցահանդես, որոնք, ինչպես ինքն է նշում, տարբերվել են մեկը մյուսից. «Առաջին ցուցահանդեսս եղել է 2008 թվականին, ցուցադրվել են ուսանողական եւ պլեներային աշխատանքներ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում։ Երկրորդ ցուցահանդեսս եղել է 2018 թվականին: «10տարի անց» խորագրով ցուցադրվել են ինչպես հին, այնպես էլ նոր նկարներ՝ բնանկար, դիմանկար, աբստրակտ աշխատանքներ… Երրորդ ցուցահանդեսս եղել է Արտ Կաֆե սրճարանում 2019 թվականին։ Ցուցադրվել են միայն գրաֆիկական դիմանկարներ, մասնավորապես՝ թերթերի վրա»։

Գեւորգն ամփոփելով խոսքը ապագա նկարիչներին խորհուրդներ հղելով՝ ասաց, որ շատ-շատ աշխատեն, երբեք ոչնչից չհուսահատվեն, ունեցածով չբավարարվեն եւ ձգտեն ավելիին:

Հեղինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031