Լրահոս
Օրվա լրահոսը

Փողը դեռեւս երջանկության նշան չէ

Դեկտեմբեր 22,2022 14:30

Ասում են՝ փողը ամեն հարց լուծում է, թույլ տվեք չհամաձայնել, քանզի գոնե շատ հիվանդությունների բուժման եւ երջանկության հարցում փողը կարող է ընդամենը տեխնիկական հարցեր լուծել, իսկ բովանդակային՝ հիմնական մասով չի կարող լուծել: Անդրադառնանք փող-երջանկություն փոխհարաբերությանը եւ տեսնենք, թե դրանք իրար հետ որքանով են փոխկապակցված: Իհարկե, փողն այն միջոցն է, որով կարելի է բազմաթիվ եւ բազմապիսի հարցեր լուծել, սակայն դրանից դեռեւս չի բխում, որ հնարավոր է փողի միջոցով երջանկություն ձեռք բերել, չնայած հնարավոր է երջանկության համար որոշ անհրաժեշտ հիմքեր դնել, իսկ երջանկության մնացած տարրերի առկայությունը հնարավոր չէ փողի միջոցով լուծել: Մեկ ակնառու օրինակ. կարծում եմ, նորմալ մարդկանց պարագայում հնարավոր չէ փողի միջոցով զգացմունք առաջացնել կամ այն գնել: Փողով կարելի է միայն ապրանք, ծառայություն եւ աշխատանք գնել, որոնք, բնականաբար, չեն առնչվում մարդու ներաշխարհին, հետեւաբար փողով երջանկություն գնել հնարավոր չէ, քանզի այն չի մտնում վերը նշված երեք սուբյեկտների մեջ:

Երջանկությունը շատ ընդգրկուն հասկացություն է եւ այն որոշվում ու կախված է բազմաթիվ պարամետրերից եւ այն ստույգ սահմանելը չափազանց բարդ է, այնպես որ, մենք զգացմունք հասկացության մասին կխոսենք այնպես, ինչպես կյանքում ընդունում են այն: Կարծում եմ, ցանկացած մարդու մեծագույն երազանքը հենց երջանկությունն է, որը հաճախ չի տրվում եւ մեկ անգամ տրվող կյանքում բախտավոր են միայն այն մարդիկ, ում տրվում է այն, իսկ նրանք, ում չի տրվում, նվազագույնը՝ նրանք ոչ լիարժեք, թերի կյանք են ունենում:

Երջանկությունը մի շարք կարեւոր պարամետրերի համախմբություն է եւ դրանցից մեկի բացակայության դեպքում անգամ այն որոշակիորեն խամրում է՝ կերպարանափոխվում է ու նրանից ինչ-որ բան պակասում է ու այն կորցնում է իր լիարժեքությունը: Տարածված ասացվածք կա. «Այն, ինչ հնարավոր չէ գնել փողով, կարելի է գնել մեծ փողով», սակայն դրա հետ ես լիովին համաձայն չեմ, քանզի երջանկությունը, սերը կամ զգաղմունքները հնարավոր չէ փողով գնել: Սերը՝ դա զգացմունք է, որը կարող է ծնվել միանգամից կամ ժամանակի ընթացքում, սակայն լիովին անհասկանալի է, թե այն ինչպես կարող է ծնվել փողի գործադրմամբ: Կա նաեւ մարդու տեսակ, որ նրա վրա մեծ փող ծախսելիս, նա կարող է շատ շոյվել, գնահատել այն, շնորհակալ լինել, այլ խոսքով՝ դրանք եւս զգացմունքի տարրեր են, սակայն դրանց ամբողջությունը բավարար չէ այն լիարժեք զգացմունք կոչելու, քանզի զգացմունքը հիմնականում գալիս է մարդուց անկախ՝ առանց մտովի վերլուծության, եւ եթե անգամ փորձես արգելել՝ դիմակայել նրա մուտքին, միեւնույն է՝ այն գալու է եւ մարդու կյանքում զբաղեցնելու է իր կայուն տեղը: Իհարկե, մարդիկ տարբեր են, ունեն տարբեր ներքին աշխարհներ եւ նրանք զգացմունքը կրում են տարբեր կերպ ու այն, ինչը մեկ մարդու մոտ կարող է ծնել զգացմունք, մեկ ուրիշի մոտ կարող է եւ չառաջացնել, այնպես որ, որոշակի ստանդարտ գոյություն չունի, որի պարագայում բոլոր մարդկանց մոտ կարող է առաջանալ զգացմունք: Անգամ կարող է վատ արարք կատարող անձը դառնալ զգացմունքի առաջացման սուբյեկտ:

…Զգացմունքը տարբեր դրսեւորումներ ունի եւ այն տարբեր նկարագիր ունի տարբեր մարդկանց մոտ: Զգացմունքի վրա տարբեր իրողություններ կարող են տարբեր ազդեցություն, տարբեր հետեւանքներ թողնել: Իհարկե, փողը եւս կարող է տարբեր մարդկանց զգացմունքի վրա տարբեր ազդեցություն ունենալ, սակայն փողը զգացմունք ծնել՝ երջանկություն պարգեւել չի կարող:

Չեմ կարող ասել, թե աշխարհի մնացած ժողովուրդները որքան են փող սիրում, սակայն իմ ապրած կյանքի ընթացքում համոզվել եմ, որ հայերը փող շատ-շատ են սիրում: Ավելին, կան շատ հայեր, ովքեր փողը պաշտում են, իրենց կյանքի գերնպատակը փող դիզելն է եւ դա այն դեպքում, եթե նրանց հարցնես, թե ինչու են փողն այդքան սիրում ու այդքան փողն ինչ պետք է անեն, ինչ նպատակների համար պետք է ծախսեն, այդ հարցին նրանց ճնշող մեծամասնությունը լուրջ պատասխան չունի, որն արդեն աբսուրդի ժանրից է: Փող պաշտող հայեր, դուք ոչնչի առջեւ կանգ չառնելով միայն փող եք դիզում, այդ մեծ փողերը դուք նաեւ թալանի միջոցով եք ձեռք բերում, բա չե՞ք հասկանում, որ այդ փողերն անձրեւի հետ չեն թափվել, դրանք ուրիշների փողերն են եւ դուք ուղղակիորեն թալանում՝ գողանում եք ուրիշների փողերը՝ նաեւ նրանց ապրուստի վերջին միջոցը, չէ՞ որ այդ մարդիկ էլ ձեզ նման մարդ են ու զուտ գոյատեւման համար նրանց էլ է փող հարկավոր: Դուք միլիարդներ եք կուտակում, բարդացնում եք եւ ձեր կյանքը, եւ այն մարդկանց կյանքը, որոնց թալանում եք, թողնելով նրանց առանց ապրուստի տարրական միջոցների: Գոնե մեկ անգամ ձեր մտքով անցե՞լ է, որ նրանք էլ ձեզ նման Աստծո զավակներ են եւ Տերը նրանց եւս արարել է ապրելու համար: Էլ չեմ ասում, որ ինչպես բոլորին, այնպես էլ ձեզ մի ակնթարթ կյանք է տրված, այդ պարագայում ի՞նչ պետք է անեք այդքան փողը, ձեր կողքի մարդուն սոված թողնելով: Մի՞թե Տերը ձեզ խիղճ չի տվել, որ խոնարհվում եք փողի առջեւ: Եթե, ըստ ձեզ, դուք դա անում եք երջանիկ ապրելու համար, ապա չարաչար սխալվում եք, քանզի՝ անգամ մեծ փողը դեռեւս երջանկության երաշխիք չէ, ավելին՝ եթե հարցում անենք մեծ փողեր դիզած մարդկանց եւ նրանց հետ անկեղծ խոսենք, ապա կպարզվի՝ նրանք խաբված են եւ նրանց մեծամասնությունն իրեն համարում է շատ դժբախտ, քանզի կասեն, որ մեկ անգամ տրվող կյանքում իրենք սխալ են ապրել, իրենք շեղվել են իրենց տեսակից եւ ապրել են՝ որպես այլ մարդ, փաստացի այդ մարդիկ չեն էլ ապրել …

Աշխատեք մեկ րոպե շուտ փոխվել, որպեսզի արժանանաք Տիրոջ ներողամտությանը: Փողը զուտ ապրուստի միջոց է եւ ոչինչ ավելին:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
21.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031