Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զասը, Կորոտչենկոն, Ալիեւի քաղաքականությունը քննադատած եւ МГИМО-ից ազատված Ալեքսանդրովը

Դեկտեմբեր 22,2022 12:00

Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի սպառնալիքներն ուժգնանում են արդեն ռուսաստանցիների նկատմամբ

Պաշտոնական Մոսկվան երկրորդ անգամ, արդեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մակարդակով, անդրադարձավ Լաչինի միջանցքի փակ լինելու փաստին:

«Անհրաժեշտ է ազատություն տալ տեղաշարժվող մարդկանց եւ մարդասիրական բեռներին։ Զրկանքները հասարակ մարդկանց համար անթույլատրելի են։ Մարդասիրական աղետն անթույլատրելի է»,- Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում, Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երեւան-Մինսկ տեսակապով ամփոփիչ ասուլիսում նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Նա նաեւ խոսել է ռուսական խաղաղապահ առաքելության մասին՝ ընդգծելով, որ այն առաքելությունը, որը ռուս խաղաղապահներն իրականացնում են Լեռնային Ղարաբաղում, շատ կարեւոր է կովկասյան տարածաշրջանի համար. «Մենք ռուս խաղաղապահների իրականացրած առաքելությունը համարում ենք շատ կարեւոր՝ ամբողջ տարածաշրջանի համար։ Այն դժվար է գերագնահատել»։ Ստանիսլավ Զասը հավելել է, որ իրավիճակի սրման եւ Լաչինի միջանցքի շրջափակման համատեքստում, նաեւ պետք է նշել, որ խաղաղապահների գործունեությունը հեշտ չէ: Իր կարծիքով, բոլոր կողմերը պետք է օգնեն եւ շահագրգռված լինեն խաղաղապահների գործունեությամբ։

Մոսկվայից առաջին արձագանքը, հիշեցնենք, հնչել էր անցյալ շաբաթ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կողմից, որը հայտարարել էր, որ Մոսկվան ակնկալում է տրանսպորտային կապերի վերականգնում ամենամոտ ապագայում։ «Մենք մտահոգված ենք Լաչինի միջանցքի արգելափակմամբ, որը պայմանավորված է հանքավայրերի շահագործման հարցերի շուրջ կողմերի տարաձայնություններով», – նշել էր նա՝ չհստակեցնելով, թե ում նկատի ունի «կողմեր» ասելով։ Նրա խոսքով՝ իրավիճակի թուլացման համար Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը եւ խաղաղապահ զորակազմը ակտիվ աշխատանքներ են տանում, եւ Մոսկվան ակնկալում է «տրանսպորտային կապի լիարժեք վերականգնում ամենամոտ ժամանակներս»։

Զախարովան հատուկ ընդգծել էր, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը գտնվում է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ. «2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելիս կողմերը համապատասխան պարտավորություն են ստանձնել, որոնց պետք է անշեղորեն հետեւեն»,- հավելել էր նա՝ անթույլատրելի համարելով քաղաքացիական բնակչության համար խնդիրներ ստեղծելը: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաեւ անթույլատրելի եւ անարդյունավետ է որակել ռուս խաղաղապահների հասցեին մեղադրանքները՝ առանց հստակեցնելու, թե որ կողմից են դրանք հնչում, եւ շեշտել է՝ «որտեղից էլ որ դրանք հնչեն»։

Ճիշտ նույն օրը, երբ Ստանիսլավ Զասը խոսեց Լաչինի միջանցքի թեմայով, տեղի է ունեցել մի «խորհրդանշական» իրադարձություն: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ռուս ռազմական եւ քաղաքական փորձագետ Իգոր Կորոտչենկոյին պարգեւատրել է մեդալով: «Այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի կողմից պարգեւատրվեցի «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 20 տարի» մեդալով. նշվել է ՀԱՊԿ գործունեության մասին տեղեկատվական եւ փորձագիտական-վերլուծական ուղեկցությամբ տարված աշխատանքը»,- հայտնել է Կորոտչենկոն տելեգրամյան իր էջում՝ հրապարակելով թե՛ իր շքանշանը, թե՛ Զասի հետ իր լուսանկարը:

Հիշեցնենք, թե ով է Իգոր Կորոտչենկոն. տարիներ շարունակ այս «փորձագետն» ապահովում է պաշտոնական Բաքվի դիրքորոշման, հայատյաց պետական քարոզչության պաշտպանությունը ռուսական մեդիադաշտում, եւ ռուսաստանցի փորձագետների ու մեկնաբանների համար դա գաղտնիք չէ, նրանք այդ մասին բազմիցս գրել ու արտահայտվել են:

Այսինքն, ՀԱՊԿ-ը պարգեւատրել է Ռուսաստանում ադրբեջանական ամենացցուն շահերի պաշտպանին, իսկ սա ոչ այլ ինչ է, քան՝ ապտակ ուղղված Հայաստանին: Այլ կերպ սա գնահատել պարզապես հնարավոր չէ: Եվ այստեղ հետաքրքրական է հարցը, թե արդյո՞ք Հայաստանի իշխանությունները տեղյակ են եղել այս պարգեւատրման մասին, եւ եթե այո՝ նրանք համաձայնությո՞ւն են տվել այս պարգեւատրմանը:

Իսկ Ռուսաստանում այս օրերին աղմկահարույց լուրեր են շրջանառվում:

Օրերս ռուսաստանցի ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը հայտնել է, որ դիմելու է Ռուսաստանի ԱԴԾ-ին (Անվտանգության դաշնային ծառայություն, հեղ.), իրեն Ռուսաստանի ադրբեջանցիներից պաշտպանելու պահանջով։ Նա նշել է, որ ադրբեջանցիներն իրեն եւ իր ընտանիքին ֆիզիկական հաշվեհարդարով են սպառնում, հեղեղում են հայհոյանքներով եւ նրան սպանելու, ոչնչացնելու սպառնալիքներով են հանդես գալիս: Սիվկովը նշել է. «Ադրբեջանական սփյուռքը հրապարակային հայտարարել է, որ իմ գլխի համար «որս» է սկսել: Ես դիմելու եմ ՌԴ իրավապահ մարմիններին՝ ՖՍԲ-ին, Գլխավոր դատախազությանը… Եթե արդեն իմ երկրում պաշտպանված չեմ, սա արդեն չափից դուրս է…»:

Սա, հավանաբար, Ռուսաստանում համարեն ոչ այնքան նշանակալի իրադարձություն, սակայն օրերս տեղի է ունեցել մեկ այլ իրադարձություն, որի մասին մտորել արդեն արժե լրջորեն:

Լրատվականները խիստ ուշագրավ մի դեպքի մասին հաղորդեցին: МГИМО-ն՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, աշխատանքից ազատել է հայտնի ռուս փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովին:

Մինչ ռուսական լրատվականները Արցախի շուրջ վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները ներկայացնում են՝ ապահովելով «չեզոքություն», իսկ ռուսաստանցի փորձագետները խորհրդավոր լռություն են պահպանում, համարձակվել է հանդես գալ միայն մեկ մասնագետ՝ Միխայիլ Ալեքսանդրովը, որն էլ վերլուծել է իրավիճակը:

Նա ռուսաստանցի այն փորձագետներից է, որը նաեւ Արցախ է այցելել:

Նրա ելույթը Մոսկվայում, ըստ ամենայնի, շատերին դուր չի եկել, կամ՝ դուր է եկել, բայց նրանք ստիպված են եղել Ալեքսանդրովին ազատել աշխատանքից: Եվ ահա МГИМО-ն իր կայքում դեկտեմբերի 17-ին զետեղել է Ալեքսանդրովի ազատման մասին տեղեկությունը, եւ ինչպես «Голос Армении»-ն է բնորոշել այն՝ «արված 1937թ. ոգով»:

«Անցյալ ուրբաթ ռուսական հեռուստաալիքներից մեկի եթերում Մ. Ալեքսանդրովը, որը զբաղեցնում էր համալսարանի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետի պաշտոնը, արել է հայտարարություններ, որոնք վնաս են հասցրել Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դաշնակցային հարաբերություններին՝ խեղաթյուրելով Ռուսաստանի քաղաքականության նպատակներն ու խնդիրները հարեւան բարեկամ պետությունների նկատմամբ։ Ալեքսանդրովի հայտարարությունների անհիմն ագրեսիվությունն ու աղաղակող ոչ պրոֆեսիոնալիզմն առաջացրել են արտաքին քաղաքական հանրության ծայրահեղ կոշտ բացասական արձագանքը եւ МГИМО-ի թիմի վրդովմունքը։ Համալսարանի վարկանիշին ու շահերին լրջորեն վնաս է հասցվել։ Ելնելով Ալեքսանդրովի գործողությունների անհամատեղելիությունից՝ МГИМО-ի աշխատակցի կարգավիճակին, ինչպես նաեւ Ալեքսանդրովի կողմից ծառայողական պարտականությունների կատարման ծայրահեղ անտեսման փաստերից՝ ռեկտորը հրաման է ստորագրել աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու եւ Մ. Ալեքսանդրովին համալսարանից ազատելու մասին»:

Իսկ ի՞նչ է ասել Ալեքսանդրովը, որով «վնասել» է МГИМО-ի շահերին, առաջացրել է ՌԴ արտաքին քաղաքական հանրության «ծայրահեղ կոշտ բացասական արձագանքը» եւ МГИМО-ի «վրդովմունքը»… Դեկտեմբերի 13-ին Մ. Ալեքսանդրովը Rusarminfo ինտերնետային պորտալին տված հեռախոսազրույցում քննադատել է Ադրբեջանի սադրիչ գործողությունները Արցախում ռուս խաղաղապահների նկատմամբ, նկատելով, որ Ադրբեջանը փորձում է փոխել Լաչինի միջանցքի կարգավիճակը։ Ալեքսանդրովը նախազգուշացրել է Բաքվին իրավիճակի հետագա սրման համար եւ զգուշացրել է, որ ռուս խաղաղապահների վրա զինված հարձակումը կհանգեցնի ՌԴ ԶՈՒ պատասխան գործողությունների, այդ թվում՝ հարվածներ հասցնելու Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքին։

Փաստորեն, նման գնահատականների համար Ռուսաստանում ռուսաստանցի դոկտորը աշխատանքից հեռացվել է:

Ստեղծված իրավիճակի մասին Միխայիլ Ալեքսանդրովը հարցազրույց է տվել «Infoteka24» պորտալին, որում պատմել է, թե ինչպես են ադրբեջանցիները սպառնացել սպանել իրեն եւ իր ընտանիքին: «Աշխարհի ոչ մի երկրում իշխանությունները թույլ չեն տա նման պահվածք օտար պետության եւ նրա տարածքում գտնվող նրա գործակալների կողմից։ Բայց մեզ մոտ, չգիտես ինչու, իշխանությունները օտարերկրյա գործակալ են համարում միայն արեւմտյան պետությունների ներկայացուցիչներին։ Իսկ ահա զոռբա եւ ագրեսիվ ադրբեջանական սփյուռքին, որը գործում է Բաքվի շահերից ելնելով, ոչ ոք չի համարում օտարերկրյա գործակալներ։ Իսկ դա պետք է, քանի դեռ ուշ չէ»:

Ալեքսանդրովին հարցնում են՝ դիմե՞լ է իրավապահ մարմիններին։ Նա պատասխանել է, որ ուժային կառույցներին չի դիմել, քանի որ հնարավոր չէ հայտնաբերել իր դեմ ահաբեկչական արշավի կոնկրետ կազմակերպիչներին, քանի որ նրանք հնարավոր է Բաքվում, իսկ գուցե Անկարայում են նստած։ Նա համարում է, որ ՌԴ ՖՍԲ-ն պետք է ստեղծի հատուկ բաժին՝ օտարերկրյա սփյուռքների ագրեսիվ վարքագծի դեմ պայքարելու եւ Ռուսաստանի Դաշնության ներքին եւ արտաքին քաղաքականության վրա դրանց ազդեցությունը կանխելու նպատակով։
Իսկ ամենաուշագրավ պահը Միխայիլ Ալեքսանդրովի գնահատականներն են МГИМО-ի մասին: «Ռուսաստանում ադրբեջանական շահերի ազդեցիկ լոբբիստներից մեկը МГИМО-ի ռեկտոր Տորկունովն է։ Նա բարեկամական հարաբերություններ ունի Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ՝ МГИМО-ում վերջինիս աշխատելու ժամանակաշրջանից սկսած։ Նման հարաբերություններում, առաջին հայացքից, ոչ մի վատ բան չկա, բայց այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն վերածվում սյուզերենի եւ վասալի հարաբերությունների։ Իսկ Տորկունովը, ըստ երեւույթին, չի նկատել, թե ինչպես է Ալիեւի ընկերոջից վերածվել նրա հաճախորդի եւ սկսել է հեզորեն հետեւել Ադրբեջանի նախագահի հրահանգներին։ Արդյունքում՝ որպես երկրի առանցքային բուհի ռեկտոր՝ ունենք ոչ թե հայրենասեր, ոչ թե պետական գործիչ, այլ Ադրբեջանի շահերի լոբբիստ։ Իսկ դա ուղղակի վնաս է հասցնում Ռուսաստանի ազգային շահերին»,- հայտարարել է Միխայիլ Ալեքսանդրովը։

Սա է ռուսաստանյան այսօրվա իրականությունը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 21.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031