Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, որ անժամկետ նստացույց է սկսել ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ, ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ ասաց, որ արդեն 10-րդ օրն է Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Արցախի 120 հազար բնակչին, ինչը հանգեցրել է բազմաթիվ վտանգավոր հետեւանքների, եւ գնալով հումանիտար ճգնաժամը խորանում է:
«Մենք արդեն ութերորդ օրն է նստացույց եւ բողոքի ակցիաներ ենք իրականացնում առաջին հերթին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջեւ, նաեւ միջազգային այլ կազմակերպությունների եւ տարբեր պետությունների դեսպանատների առջեւ»,-ասաց նա ու հիշեցրեց, որ տարբեր խմբերի կողմից եւս բողոքի ցույցեր են իրականացվում՝ տարբեր պահանջներով՝ օգնելու համար Արցախին:
Նա նշեց, որ պատրաստվում է իբրեւ ամփոփում պատասխանել չորս հիմնական հարցի. «Առաջինը ինչ ենք կատարել այս ընթացքում եւ ինչ արդյունքներ ունենք, երկրորդ՝ ինչպես կպատասխանեմ քննադատություններին եւ հնչող հիմնական հարցերին, երրորդ՝ ինչ իրավիճակ այժմ ունենք եւ չորրորդը՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչպես ենք պայքարը շարունակում»: Առաջին հարցի վերաբերյալ Արտակ Բեգլարյանն ասաց, որ նվազագույն նպատակներին կարողացել են հասնել, որոշակի համախմբում է տեղի ունեցել՝ տարբեր կազմակերպությունների, խմբերի կողմից, տարբեր ձեւաչափերով, բայց հստակ բողոքի ակցիաներ եղել են Արցախին օգնելու, շրջափակումը վերացնելու ուղղությամբ:
«Եղել է տեղեկատվական բավականին աշխատանք եւ կարող եմ ասել, որ հանրային, տեղեկատվական դաշտում Արցախին առնչվող այս խնդիրները, բողոքի գործողությունները եղել են օրակարգի առաջնահերթ հատվածում: Մեկ այլ կարեւոր արդյունք կհամարեի գաղափարների քննարկումը, տարբեր մտքերի ներկայացումը, հրապարակայնացումը, որը գաղափարների որոշակի գրող է ապահովել»,-ընդգծեց Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդականը: Հավելեց, որ արդյունքներից մեկն էլ ՄԱԿ-ի գրասենյակում, դեսպանատներում խնդրի հանդեպ լրացուցիչ ուշադրության հրավիրումն էր:
Կարդացեք նաև
Արտակ Բեգլարյանը նշեց, որ կա եւս մեկ առաջնային արդյունք. «Դա ՄԱԿ- անվտանգության խորհրդում Արցախի թեմայով քննարկումն էր, որի արդյունքում հարցը ավելի բարձր միջազգային մակարդակ բարձրացավ: Բնականաբար մենք չենք կարծում, որ մեր բողոքի գործողությունների, նստացույցի արդյունքում ենք այս նպատակին հասել, բայց կարծում ենք, որ դրանք լրացուցիչ ազդեցություն են ունեցել այս խնդրի հանրայնացման, տարբեր երկրների դեսպանատների մոտ այս գաղափարի առաջ մղման եւ Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ում, Կառավարությունում նույնպես այս գաղափարի հանդեպ ուշադրություն հրավիրելու առումով»:
Քննադատություններին էլ անդրադարձավ. «Առաջին օրվանից սկսած՝ տարբեր բնույթի քննադատություններ են եղել իմ քայլի, իմ անձի հանդեպ, նաեւ մեր բոլորիս բողոքի ակցիաների հանդեպ առաջին քննադատությունն այն էր, թե ինչու ՄԱԿ-ի գրասենյակի, եւ ոչ թե ՌԴ դեսպանատան առջեւ: Երկրորդ քննադատությունն այն մասին է, թե ինչու ակցիան չենք իրականացնում ՀՀ կառավարության առջեւ: Առաջին հարցին պատասխանեմ այսպես՝ հիմնականում այն ուժերի կողմից է այն հարցը հնչում, որոնք անկեղծորեն հավատում են կամ արհեստականորեն նպատակ ունեն ամբողջությամբ պատասխանատվությունը դնել ՌԴ-ի վրա, այնինչ մեր նպատակն է ընդգծել, որ Ռուսաստանը, այո գլխավոր պատասխանատուներից է, քանի որ ՌԴ խաղաղապահ առաքելությունը այնտեղ է գտնվում, սակայն ՌԴ-ն միակ պատասխանատուն չէ: ՌԴ-ն նաեւ միջազգային լիիրավ անդամ է, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ է, եւ Մինսկի խմբի համանախագահ երկիր է: Ելնելով այս իրավիճակներից՝ ՌԴ-ն ունի հստակ միջազգային պարտավորություններ, ինչպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամները: Եթե միայն ՌԴ դեսպանատան առաջ ակցիա անեինք, կստացվեր, որ միայն ՌԴ-ին ենք համարում պատասխանատու, ուստի դրա համար ընտրեցինք ՄԱԿ-ը՝ որպես բոլոր երկրներին ներկայացնող կառույց, որպես հիմնական կոլեկտիվ դերակատար»:
Հայաստանի կառավարության վերաբերյալ ուղղված քննադատության մասին էլ Արտակ Բեգլարյանն ասաց. «Այո, Հայաստանի Հանրապետությունը գլխավոր պատասխանատուներից է, Արցախի Հանրապետության կառավարությունը, ՀՀ կառավարչությունը եւ ՌԴ-ն հիմնական պատասխանատուներն են այս իրավիճակի, հետո մյուս երկրները: Սակայն ՀՀ կառավարության առջեւ ցույց անելը նույնպես կարող էին միակողմանի ընկալվել, որովհետեւ սա միայն ՀՀ կառավարության պատասխանատվության հարց չէ: Եվ երկրորդ, ես ունեմ պաշտոնական էթիկայի եւ մեր օրենսդրության հարցերը, որոնք ինձ կաշկանդում են ՀՀ կառավարության ներքաղաքական հարցերի մեջ մտնել»:
Մանրամասները՝ տեսանյութում
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ