Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարդան Ղուկասյանի նկատմամբ հարուցված քրգործն ունի կոնկրետ պատվիրատու, իրավաբանորեն աբսուրդ է»․ փաստաբան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 21,2022 21:07

Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու, մեղադրանք ներկայացնելու մասին։

Ըստ դատախազության հաղորդագրության, նախկին քաղաքապետը մեղադրվում է փողերի լվացման, հանցավոր ճանապարհով Գյումրի քաղաքում 15 հողամասեր յուրացնելու, պատմության ու մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող շինությունը վնասելու մեջ։

Վարդան Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը, սակայն դատախազության առաջադրած մեղադրանքը իրավաբանորեն աբսուրդ է համարում՝ ներկայացնելով իր հիմնավորումները։

Նա նշում է, որ այս գործը քաղաքական ենթատեքստ ունի, կա կոնկրետ պատվիրատու, որը քաղաքական գործիչ է և որը թելադրում է այս գործի ելքը։

Փաստաբանի պնդմամբ, այդ քաղաքական գործիչը իշխող թիմից է, նա վերջերս Շիրակի մարզում հանդիպում է ունեցել նոր գլխավոր դատախազի հետ՝ շոշափելով «գույքեր ազատագրելու» թեման։ Փաստաբանը հիշեցնում է, որ մինչ այդ էլ գույքերի հետ կապված ազատագրական կոչեր են հնչել, իսկ այժմ չակերտավոր ասած ազատագրական պրոցեսն է, որը իրականացվում է իրավապահ մարմինների ձեռամբ։ Ըստ Արամայիս Հայրապետյանի, ցավալի է, որ իրավապահ մարմինները կարող են օգտագործվել։

«Ցավալի է, որ նոր քրեական հետապնդման մասին ավելի շուտ լրատվամիջոցներից տեղեկացանք, քան Վարդան Ղուկասյանին այդ փոփոխված մեղադրանքը կառաջադրեին։ Նախ ասեմ, որ սա նոր մեղադրանք չէ, փաստական առումով, որը նախկինում կար, նույն մեղադրանք է։

Խափանման միջոցի հարց չի քննարկվել, մնացել է նույնը, որովհետև ի սկզբանե ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը, որը օրենսգրքով երկրից բացակայության մասին արգելք է։

Ամեն դեպքում երեկ երեկոյան Վարդան Ղուկասյանին ծանոթացման ներկայացվեց դատախազի որոշումը քրեական հետապնդում հարուցելու մասին, քանի որ մեղադրանքի որոշումը նախկինում հին Քրեական դատավարության օրենսգրքի սահմանված կարգով էր իրականացվել, հիմա նոր Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված է, որ դատախազն է հարուցում այդ քրեական հետապնդումն, այլևս քննիչի լիազորություններից դուրս է։

Խոսքը վերաբերում է նախկին առաջադրված մեղադրանքում ներառված ենթադրյալ դեպքերին նոր իրավական գնահատական տալուն: Այսինքն՝ եթե նախկինում մեղսագրվում էր արարք, որ իբր լիազորություններ է չարաշահել Վարդան Ղուկասյանը, ներկայումս նույն արարքը լրացուցիչ որակվել է նաև, որ իբր փողեր է լվացել նման գործողությամբ, որն իրավաբանորեն աբսուրդ է։

Պարզաբանեմ՝ ինչո՞ւ է աբսուրդ, որպեսզի պարզ լինի, թե ինչ է իրենից ներկայացնում փողերի լվացումը։ Փողեր լվացումը կամ գույքի փոխակերպումն է, այսինքն Ա գույքը ապօրինի ձեռք են բերում, փոխակերպում են Բ գույքի, դրամն՝ անշարժ գույքի, անշարժ գույքը՝ ոսկեղենի և այլն։ Կամ շրջապտույտի միջոցով գույքի ապօրինի ծագումը թաքցնելն է, խեղաթյուրելը և պարտադիր կանոն է, որ փողերի լվացումը, այսինքն՝ ապօրինի եկամուտի օրինականացումը ժամանակագրական առումով պետք է հաջորդի գույքի ձեռք բերմանը։ Չի կարող միաժամանակ լինել կամ նախորդել։ Հիմա Վարդան Ղուկասյանին ասում են՝ դու միաժամանակ ապօրինի գույք ես ձեռք բերել և նույն պահին՝ միաժամանակ փողերի լվացում ես իրականացնել, որն անհնար է։ Դա իրավաբանորեն է անհնար։

Երկրորդը՝ որոշակի մեկ դրվագով Վարդան Ղուկասյանի մեղսագրում են պաշտոնական լիազորությունների օգտագործմամբ փողերի լվացում, երբ անձն այդ թվականներին պաշտոնատար անձ չի հանդիսացել։

2012 թվականից հետո Վարդան Ղուկասյանը չի հանդիսացել Գյումրի համայնքի ղեկավար, հետևաբար և պաշտոնատար անձ։ Հիմա Գլխավոր դատախազությունը կամ դատախազությունը գտնում է, որ չունենալով հատուկ սուբյեկտի կարգավիճակ՝ անձին կարելի է մեղսագրել հանցավոր արարք, որի համար պահանջվում է հատուկ սուբյեկտ։ Սա էլ է իրավաբանորեն անհնար, բայց քանի դեռ մեր երկրում ռեալ իրավաբանությունը չի փոխարինվել պուպուշ ստախոսության, մանիպուլյացիայի հետ, վիճակն էս է լինելու»,- ասում է փաստաբանը։

Նա նաև հստակեցնում է, որ փողերի լվացումը 5 անուն գույք է վերաբերում։

Արամայիս Հայրապետյանը նշում է, որ իրենք կողմ են քրեական վարույթին, որպեսզի բոլոր հանգամանքները պարզվեն և տրվեն իրավական գնահատական, բայց, ըստ փաստաբանի, խնդիրն այն է, որ դասական իմաստով այս դեպքում գործ չունեն քրեական վարույթի հետ։

«Քրեական վարույթի քողի տակ այլ պղտոր ջրեր են հոսում, որոնց մեջ կա և՛ քաղաքականություն, և՛ կան խմբային շահեր։ Ավելին ասեմ, այս մտահոգությունները մենք ի սկզբանե ներկայացրել ենք դատախազություն՝ կոնկրետ փաստեր ներկայացնելով, շղթա, որտեղ քաղաքական գործիչը քրեական գործով ելք է կանխորոշում կամ ցանկանում, որ այդ ելքն ունենա այդ գործը։ Այդ քաղաքական գործիչն իշխող թիմից է, այդ քաղաքական գործիչը ելքի մասին հայտարարել է նաև գլխավոր դատախազի ներկայությամբ, արդյոք ես չե՞մ կարող ընկալել, որ դա քաղաքական հրահանգ է իրավապահ մարմիններին։

Կա պատվիրատու, և ամենակարևորը՝ այստեղ գործողությունը չէ թիրախավորված, որ արարքն ապօրինի է, եկեք գնահատական տանք, այլ անձն է թիրախավորված։ Եթե անձը թիրախավորված է, այդ պրոցեսն այլևս իրավական չէ, ամեն ինչ է, բացի իրավականից, հակառակ դեպքում ես չեմ հասկանա հանրային դեմքի այն հայտարարությունը, որ խնդիրը ոչ թե բուն ապօրինությունն է, այլ թե ով է կատարում այդ ապօրինությունը։

Կարող եմ ենթադրել, որ որոշակի անձանց համար ապօրինությունը թույլատրելի է, անթույլատրելի է կոնկրետ այն անձը, որը ենթադրաբար կատարում է այդ ապօրինությունը։ Եթե X անձը լիներ, խնդիր չկա, և այս խնդիրներն ի սկզբանե առկա են քրեական գործում։

Քրեական գործն ի սկզբանե ապօրինի է հարուցված եղել, քրեական գործ հարուցելու պահին բոլոր դրվագներով վաղեմության ժամկետները լրացված են եղել ,և օրենքը թույլատրում է քրեական գործ հարուցել միայն այն դեպքում, երբ հստակ առկա է կոնկրետ անձի կամ հայտնությունը, որ ինքը ցանկանում է հարուցվի քրեական գործ, որովհետև առարկում է վաղեմությանը։ Անգամ չեն ճշտել անձի դիրքորոշումը, և ոչ միայն Վարդան Ղուկասյանի, այլ որևէ անձի, որը հնարավոր է առնչություն ունենա այս արարքներին։ Եվ ապօրինի քրեական գործ են հարուցել»։

Փաստաբանն, անդրադառնալով այն մեղադրանքին, որ Վարդան Ղուկասյանը պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ գույք է ձեռք բերել, նշում է, որ փաստաթղթերով երևում է՝ Վարդան Ղուկասյանը որպես դերակատար ամենավերջին օղակում է։

Նրանից առաջ եղել են կոլեգիալ մարմինների որոշումներ, որոնք տվել են եզրակացություններ՝ գույքը ենթակա է օտարման, թե ոչ, սահմանափակման տակ է, թե ոչ։ Այդ մարմիններից ոչ բոլորն են եղել քաղաքապետի ենթակայության տակ, եղել են և՛ քաղաքաշինության կոմիտեի ենթակայության, և՛ մարզպետարանի, և ի վերջո՝ կադաստրի կոմիտեն է այդ իրավունքը գրանցել։

«Այս ամբողջ շղթան եղել է օրինական, բայց ասում են, որ գույքի ձեռք բերումը եղել է անօրինական, սա էլ իրար հետ չի խոսում»,- ասում է Արամայիս Հայրապետյանը։

Նա պնդում է, որ այս գործը քաղաքական ենթատեքստ ունի, Վարդան Ղուկասյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 2021 թվականի Ազգային Ժողովի ընտրություններից անմիջապես հետո, սակայն պարզվում է մինչ այդ քրեական գործ է հարուցված եղել և փաստացի քրեական հետապնդում է իրականացվել այն պահին, երբ անձը եղել է պատգամավոր։

Արամայիս Հայրապետյանը նշում է, որ հաշվի չեն առել պատգամավորի անձեռնմխելիությունը, ապօրինաբար բոլոր երաշխիքները շրջանցելով՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում են իրականացրել՝ այդ մասին իրեն չհայտնելով։ Առանց Ազգային Ժողովի համաձայնության՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում են իրականացրել, ավելին, նրա տանն ու գրասենյակում խուզարկություն են կատարել։

Արամայիս Հայրապետյանը տեղեկացրեց, որ Վարդան Ղուկասյանը հարցաքննվել է երեկ, նախկինում ևս ցուցմունքներ է տվել ՝ մանրամասնորեն նկարագրելով պրոցեսը, իրականացվել են առերեսումներ, չկա որևէ առերեսված անձ, որը տարբերվող ցուցմունք տված լինի։

«Ցուցմունքներով հաստատվում է այն, ինչը հրապարակայնորեն հայտարարում է Վարդան Ղուկասյանը, որ չկա օրենքի խախտում այդ գործընթացում, ավելին, չկա որևէ անձ, որ ասի՝ Վարդան Ղուկասյանն իր վրա ազդել է, սխալ եզրակացություն է տվել», -ասում է Արամայիս Հայրապետյանը։

Փաստաբանի հարցազրույցն ավելի մանրամասն տեսանյութում՝

Նշենք, որ քրգործին անդրադարձել է նաև Գյումրու նախկին քաղաքապետը՝ հայտարարելով, որ դա քաղաքական պատվեր է կոնկրետ իր անձի դեմ և որ ընկել են իր հետևից։ Ղուկասյանը նաև հայտարարել է, որ հողերը հանձնել են թուրքերին, երկրի ընդերքը օֆշորներում գրանցել ու երկրի համար օրհասական այս պահին՝ պատերազմի շեմին, իրեն են մտաբերել։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nairi says:

    Վարդան Ղուկասյանը Գյումրիում բազմաթիվ շորթումենրի ու ծանր հանցագործությունների հեղինակ ու հովանվոր է եղել; Սեփականաշնորհել է ապօրինաբար քաղաքային զբոսայգին և շատրվանների կոմպլեքսի ու հարակից ավելի քան երկու հազար քառակկուսի մետրի վրա կառուցել է ռեստորան քաղաքային զբոսայգում․․․ կապ ունի մի քանի աղմկահարույց սպանությունների հետ, Գյումրու բյուջեյի չարաշահումների և բացահայտ յուրացումների հետ։ իսկ փաստաբանը թող իրավական գործառույթներից դուրս չգա ու քաղաքական գնահատականներ չտա, առավել ևս երբ իրականությունը բոլորը գիտեն

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031