Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

2022թ. հայ մարզիկները 306 մեդալ են նվաճել, որից 104-ը՝ ոսկե

Դեկտեմբեր 21,2022 19:55

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ամփոփել է մարզական տարին, խոսել հայ մարզիկների գրանցած աննախադեպ արդյունքների մասին և անդրադարձել տարվա ընթացքում իրականացված մարզական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ Հայաստանի համար մարզական 2022 թվականը ռեկորդային էր նվաճված մեդալների քանակով. «Մարզիկների միջազգային մրցաշարերի մասնակցության մասին խոսում են թվերը:  Սպորտը շատ չափելի է. կա մեդալ՝ կա արդյունք: Հայաստանն այս տարի ունի 306 մեդալ, որից 104-ը՝ ոսկե: Սա լավագույն արդյունքն է. այն 30 տոկոսով ավելի է, քան երբևէ գրանցած լավագույն արդյունքը, այն է՝ 222 մեդալ 2019 թվականին»:

Կարեն Գիլոյանը նշել է՝ այս տարի շինարարական հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել և շարունակվում են. «Մեծ ցանկություն կար այս տարի շահագործման հանձնել Արտաշատի աթլետիկայի մարզադաշտը, բայց թերություններ եղան, ու միջազգային ներկայացուցիչները չընդունեցին: Կառուցապատողները խոստացել են, որ մինչև ապրիլ մարզադաշտը պատրաստ կլինի: Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի շինարարական աշխատանքները մեծ թափով ընթանում են, և նպատակ կա այդ մարզադպրոցում անցկացնել միջազգային մրցաշար: Սիմոն Մարտիրոսյանի ծանրամարտի մարզադպրոցը պատրաստ կլինի առաջիկա երկու ամիսներին: Արթուր Աբրահամի և Վիկ Դարչինյանի անվան բռնցքամարտի մարզադպրոցները ևս պատրաստ կլինեն գալիք տարիներին»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև հայտնել է, որ, ամենայն հավանականությամբ, 2023 թվականին Երևանում կանցկացվի սամբոյի աշխարհի մեծահասակների առաջնությունը. «Հայաստանի պատմության մեջ աննախադեպ  էր բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Անգամ Խորհրդային Հայաստանում այդ կարգի մրցում չէր կայացել, իսկ որակի մասին բոլորն ասել են՝ այդ կարգի Եվրոպայի առաջնություն երբևէ չեն տեսել: Միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովն անգամ ասել է` չգիտեմ՝ ով կլինի այն համարձակը, որը կցանկանա անցկացնել հաջորդ առաջնությունը, քանի որ այնպիսի նշաձող եք սահմանել, որ դժվար կլինի դա պահպանել: Բռնցքամարտի ԵԱ-ից հետո շատ բարձր մակարդակով անցկացրինք նաև սամբոյի պատանիների, երիտասարդների Եվրոպայի առաջնությունը: Հաջորդ տարի կանցկացնենք մեծահասակների աշխարհի առաջնությունը: 2023 թվականը, ինչպես գիտեք, շատ կարևոր է լինելու ծանրամարտի համար, քանի որ անցկացվելու է մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է լինելու Փարիզի Օլիմպիական խաղերի համար»:

Անդրադառնալով ձմեռային մարզաձևերին` ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Դահուկասպորտի միջազգային ֆեդերացիայի նախագահը շուտով կժամանի Երևան:

«Ձմեռային մարզաձևերում անելիք շատ ունենք: Մարզագույքը շատ թանկ է, բայց սա արդարացում չէ: Մենք պետք է կարողանանք միջոցներ հայթայթել: Հիմա ձմեռային մարզաձևերի հետ կապված ծրագրերն ամփոփում ենք»,- եզրափակել է Կարեն Գիլոյանը:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031