Լրահոս
Օրվա լրահոսը

«Անձը պետք է իմանա, թե ինչից է պաշտպանվում»․ Ռուբեն Վարդազարյանի պաշտպանը պահանջեց դադարեցնել քրեական հետապնդումը

Դեկտեմբեր 21,2022 17:51

Հակակոռուպցիոն դատարանում սկսվել է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատավարությունը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ։ Վարդազարյանի շահերը ներկայացնում է Արամ Օրբելյանը։

Այս քրեական գործը դատարան է ուղարկվել 2021թ սեպտեմբերին, սակայն մինչեւ վերջերս գտնվում էր դատաքննության նախապատրաստման փուլում։ Դատավոր Մանվել Շահվերդյանը վերջին անգամ դատական նիստ էր նշանակել մայիսի 25-ին, որը չէր կայացել։ Հետագայում գործն ուղարկել էր Հակակոռուպցիոն դատարան։

Դիմելով դատարանին՝ Ռուբեն Վարդազարյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց, որ արձանագրվի՝ նախագահողի վերաբերյալ կա բացարկի միջնորդություն, բայց խնդրեց թույլ տալ ծանոթանալ գործին, քանի որ նոր է ներգրավել, ու հաջորդող նիստին նոր ներկայացվի բացարկի միջնորդությունը։ Դատախազ Աշոտ Ժամկոչյանին էլ բացարկի միջնորդություն պետք է ներկայացներ փաստաբան Հունան Բաբայանը, որը, սակայն, չէր ներկայացել նիստին։

Արամ Օրբելյանը հավելեց, որ բացարկի միջնորդությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործը ուղարկվել էր նախ մեկ այլ դատարան, որից հետո՝ այս դատարան, ու որոշակի իրավական հարցեր եւ իրավաչափության հետ կապված խնդիրներ են ծագել․ «Հարգելի նախագահող, թույլ տվեք ծանոթանալ միջնորդությանը եւ դրանից հետո միայն վերջնական հաստատել՝ կարիք կա՞ միջնորդություն ներկայացնելու, թե՞ ոչ»: Պաշտպանն ընդգծեց, որ ծանոթ չէ գործի նյութերին, ծանոթ է միայն մեղադրական եզրակացության մի հատվածին։

Ռուբեն Վարդազարյանի պաշտպանը նաեւ պահանջեց դադարեցնել քրեական հետապնդումը Վարդազարյանի նկատմամբ, քանի որ ըստ նրա, ՀՀ նոր քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո նախկին ՔՕ-ն ուժը կորցրել է, ինչը նշանակում է, որ ուժը կորցրել է նաեւ այն հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել Վարդազարյանին։ «Անձը պետք է իմանա, թե ինչից է պաշտպանվում։ Հակառակ դեպքում կլինի մի պրոցես, երբ անձը մեղադրվում է մի բանի համար, բայց չգիտի, թե ինչի համար»,-ասաց Օրբելյանը։

Այդ ընթացքում նախագահողը Ռուբեն Վարդազարյանին նկատողություն արեց․«Նստել եք՝ ոտքը ոտքին գցած։ Դատարանի գնահատմամբ՝ դա ճիշտ վարքագիծ չէ դատարանի հանդեպ»։

Հիշեցնենք, որ ՀՀ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ էր հարուցվել՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031