Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհ փակելը շարունակական է լինելու. երբ ուզեն՝ ճանապարհ կփակեն, գազը կանջատեն ու էլի շատ վատ բաներ կանեն. Բերձորի նախկին բնակիչ

Դեկտեմբեր 21,2022 17:22

Բերձորի նախկին բնակիչները դեռ ամիսներ առաջ էին կանխատեսել, որ Լաչինի միջանցքը թշնամին կփակի, երբ Լաչինի հարակից բնակավայրերից իրենք դուրս գան:

«Դեռ այն ժամանակ, երբ Բերձորում էինք, Արցախի ժողովրդին ասում էինք՝ եկեք, ցույց անենք, որ Լաչինի միջանցքը չտան, Բերձորը չտան, ասում էինք՝ վաղը մյուս օր, որ տվեցին, չեք կարողանալու գնալ-գալ, էդ ճանապարհը ձեզ է պետք, ձեր ճանապարհն եք փոխելու, ձմեռը ճանապարհ չի լինելու, թուրքը փակելու է: Կանխատեսել էինք, որ հեսա հենց դուրս գանք, այդ ճանապարհն անվտանգ չի գործելու: Դրա համար սխալ էր մեզ էդտեղից հանելը, Բերձորի, Աղավնոյի ժողովրդին պետք է չհանեին: Մենք այնտեղ ոնց որ պաշտպանական գործառույթ ունենայինք, պաշտպանում էինք այդ ամեն ինչը: Մենք, որ այնտեղ էինք, նման բաներ չէին կարողանում անել, չէին էլ կարողանա անել, ո՞նց կանեին: Իսկ հիմա Շուշիից էնտեղ իջնելն ու ճանապարհ փակելն իրենց համար ի՞նչ է, ասեմ ձեզ, որ դա շարունակական էլ լինելու է: Երբ ուզեն, ճանապարհ կփակեն, գազը կանջատեն ու էլի շատ վատ բաներ կանեն: Նախ՝ ժամանակից էլ շուտ մեզ հանեցին, մեկուկես տարի դեռ ունեինք, որ մնայինք այնտեղ, երեք տարի հետո նոր պետք է որոշվեր այլընտրանքային ճանապարհը սարքել»,- Aravot.am-ի հետ զրույցում պատմեց Բերձորի նախկին բնակիչ Սաթիկ Ասատրյանը:

Վայոց Ձորի Մալիշկա գյուղ տեղափոխված բերձորցի Սաթիկ Ասատրյանը մինչեւ Լաչինի միջանցքի փակելը մտածում էր ամուսնու հետ կրկին վերադառնալ Արցախ ու այնտեղ վերաբնակվել, բայց այս վերջին իրադարձություններից հետո մտավախություններ ունի: Նա մեզ պատմեց, որ հաճախ է մտածել, թե ինչ կլինի, եթե Արցախի բնակիչները նույնպես ցույցով գան Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի «բնապահպանների» դեմ բողոքի ցույց անեն, բայց երբ իմացել է, որ իրականում Լաչինի միջանցքը փակ պահելու համար պայքարում են քաղաքացիական հագուստով Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ՝ հասկացել է, որ Արցախի բնակչությունն ավելի լավ է՝ չխառնվի. «Բախում տեղի կունենա: Երեւի նկատել եք, որ իրենց զինվորները վերեւում կանգնած են: Այնտեղ կանգնածներն էլ մեզ նման հասարակ ժողովուրդը չեն, իրենց մեջ կան ծառայողներ՝ սովորական քաղաքացիական շորերով: Դրա համար չի լինի նրանց դիմադրել, էդ նշանակում է պատերազմ: Ռուսն է վերցրել, խոստացել, որ պետք է պահի ճանապարհը, հսկի, որ անվտանգ լինի, ռուսն էլ թող մտածի, որ դրանց էդտեղից հանի: Ամեն ինչ ռուսից է կախված, ռուսն ուզի՝ ճանապարհը կբացվի, ռուսը՝ չուզեց, չի բացվի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031