«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ծանրակշիռ անդամները կոչերով են հանդես եկել, որպեսզի անհապաղ բացվի միջանցքը: Դա շատ կարեւոր է եւ տարված ծավալուն աշխատանքի հետեւանք է: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր եղբայրների ու քույրերի՝ հնարավորինս շուտ այդ միջանցքով երթեւեկելու եւ բեռների փոխադրման իրավունքը վերականգնվի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ նիստի երեկվա քննարկմանը՝ Արցախի շրջափակման, Լաչինի միջանցքի արգելափակման թեմայով:
Հարցին՝ ՄԱԿ-ը ունի՞ լծակներ, որ ստիպի Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, թե՞ միայն պետք է բավարարվի կոչերով՝ Հակոբ Արշակյանը պատասխանեց. «Դուք գիտեք, որ նաեւ բանաձեւերի ընդունման հնարավորություն կա: Կան նաեւ տարբեր տեսակի քաղաքական մեխանիզմներ, գործիքակազմը հայտնի է ու մենք ամեն ինչ պետք է անենք, որ այդ գործիքակազմը կիրառվի ամբողջ ծավալով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ