Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Արցախի շրջափակման հարցով երեկվա քննարկմանն ու ակնկալիքներին՝ ասաց. «Նախ շատ դրական եմ գնահատում, կարծում եմ, շատ հաջող նիստ էր եւ ըստ էության, բոլոր երկրների ներկայացուցիչները նշեցին, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը պետք է դադարի: Կոչ արեցին Ադրբեջանին հավատարիմ մնալ նոյեմբերի 9-ի հայտարարության այն դրույթին, ըստ որի՝ Լաչինի միջանցքը պետք է ապահովի անխափան կապ Հայաստանի եւ Արցախի միջեւ: Իմ տեղեկություններով, գիտեք, որ երեկ նիստի սկզբում ներկայացվեց, որ կա մամլո հաղորդագրության նախագիծ, դա մի տեքստ է, որը կարող է ընդունվել միայն կոնսենսուսով եւ իմ տեղեկություններով՝ հիմա այն քննարկման փուլում է, կտեսնենք ինչ արդյունքներ կլինեն, գետնի վրա իրադարձությունները պարզ կդառնան»:
Հարցին՝ Ադրբեջանի ներկայացուցիչն ասաց, որ Ադրբեջանը չի փակել, երրորդ երկրներն են շահագրգռված, ո՞ւմ նկատի ունի՝ Ռուբինյանը պատասխանեց. «Նկատի ունի Ռուսաստանին, դա ադրբեջանական կեղծ պրոպագանդիստական թեզ է, որն օգտագործում են տարբեր հարթակներում: Կոնկրետ այս դեպքում ՄԱԿ-ի ԱԽ-ում, ուղիղ չասացին, որ ՌԴ-ին է դա վերաբերվում, բայց այլ հարթակներում բացեիբաց ասում են: Բնականաբար, դա չի համապատասխանում իրականությանը, Լաչինի միջանցքը ապօրինաբար արգելափակել են ադրբեջանցիները»:
Հարցին՝ այդ կոչերը կստիպե՞ն, որ Ադրբեջանը ապաշրջափակի Արցախը, որովհետեւ 44-օրյա պատերազմի ժամանակ էլ էին կոչեր հնչում, բայց Ադրբեջանը չէր լսում՝ Ռուբինյանը պատասխանեց. «Ես չէի համեմատի 44-օրյա պատերազմի ժամանակ հնչած կոչերն այս կոչերի հետ»:
Կարդացեք նաև
Ըստ նրա, Հայաստանում սեպտեմբերի իրադարձությունից հետո այդ կոչերը շատ ավելի հասցեական են, հստակ ու կոշտ. «Մենք պետք է փորձենք միջազգային ճնշումը հնարավորինս մեծացնենք Ադրբեջանի վրա: Երեկվա նիստից ակնհայտ դարձավ, որ այդ ճնշումը մեծացել է, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը միջազգայնանում է կրկին ու դա հենց Ադրբեջանի ապօրինի քայլերի արդյունքն է: Բոլոր երկրների ներկայացուցիչներն օգտագործում էին «Լեռնային Ղարաբաղ» անվանումը՝ ի հեճուկս Ադրբեջանի պնդմանը, ֆիքսում էին նոյեմբերի 9-ի հայտարարության կարեւորությունը եւ դրա մեջ պարփակված պայմանավորվածության կարեւորությունը: Բոլորը ֆիքսում էին Լաչինի միջանցքը եւ դրա կարգավիճակը: Պետք է շարունակենք մեծացնել ճնշումը»:
Ադրբեջանի այսպես կոչված «բնապահպաններին» թույլ կտա՞ն այցելել հանքավայր՝ Ռուբինյանն ասաց, որ դա Արցախի իշխանությունների որոշելիքն է ու իրենց իրավասությունների տիրույթում է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ