Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ ներկայացուցչի ելույթը գնահատում եմ բացասական, դաշնակցի կողմից շատ ավելի հասցեական կարող էր լինել». Ալեն Սիմոնյան

Դեկտեմբեր 21,2022 16:22

«Շարունակելու ենք բոլոր հնարավոր միջոցներով զբաղվել Լաչինում առաջացած խնդրով եւ սրանով չենք սահմանափակվելու: Միանշանակ է, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի, որովհետեւ դա հումանիտար աղետ է առաջացնելու»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ նիստի երեկվա քննարկմանը՝ Արցախի շրջափակման, Լաչինի միջանցքի արգելափակման առիթով:

Նա ասաց, որ ՄԱԿ-ի ԱԽ նիստից ակնկալում են, որ այսպես ասած «հողի վրա» դա իր ազդեցությունը կունենա. «Իմ մոտ տպավորություն է, որ Ադրբեջանը նույնպես այսօր իր գործողությունների հետեւանքով ինչ-որ չափով փակուղում է հայտնվել, որովհետեւ չէր սպասում նման արձագանք: Մենք շարունակելու ենք բոլոր հնարավոր միջոցներով, որը հասու է ՀՀ-ին ու որը ՀՀ-ին չի ներքաշի մեկ այլ պրոցեսի մեջ, շարունակել այդ ուղղությամբ աշխատանքները»:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ նոյեմբերի 9-ից հետո պատերազմի վտանգը չի նվազել ու անընդհատ պետք է սպասենք հնարավոր սադրանքների:

Հարցին՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստում ՌԴ ներկայացուցչի ելույթը ինչպե՞ս եք գնահատում՝ հաշվի առնելով, որ մեր ռազմավարական դաշնակիցն են, հավասարության նշան դրեց ու կողմերին զսպվածության կոչ արեց, հայկական կողմն ի՞նչ է անում, որ պետք է զսպվի՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ելույթը գնահատում եմ բացասական, որովհետեւ համարում եմ, որ դաշնակցի կողմից շատ ավելի հասցեական կարող էր լինել: Դա արեցին երկրներ, որոնք ընդհանրապես Հայաստանի հետ սերտ կապեր չունեն: Կարծում եմ, չի կարողանում, կամ չի ուզում, կամ միեւնույն ժամանակ չի կարողանում եւ չի ուզում: Համենայնդեպս, ես զարմացած չեմ, վերջին իրադարձությունները ցույց էին տալիս, որ հնարավոր է նման ձեւով հնչի արձագանք ու գնահատական: Երեւի այն պատճառով է, որ հենց ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է, այսինքն, իրենք այդ ձեւով ուզում են նվազեցնել այն իրավիճակը, որն իրենց պատասխանատվության գոտում է, որպեսզի իրենց վրա շատ պատասխանատվություն չվերցնեն, էլի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031