Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաշվի առնելով երեկվա ելույթների հարաբերակցությունը՝ կարծում եմ, որ կա հավանականություն, որ ճանապարհը կբացվի». Արման Եղոյան

Դեկտեմբեր 21,2022 16:08

«Իմ երեկվա ելույթը եւ Ռուսաստանի ելույթը համադրեք եւ պատկերացրեք՝ գոհ կլինե՞մ, թե ՞ չէ: Ուզում եք, որ բառացիորեն ասեմ՝ գոհ եմ, թե չէ՞, դուք կարող եք եզրակացություն անել: Ես իմ ելույթում ասել եմ՝ ինչ էի ակնկալում նվազագույնն ու առավելագույնը, դատապարտվե՞ց, ասվե՞ց»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը:

Երբ փոխանցեցին ընդդիմադիրների կարծիքը, որ պետք է ուժով բացվի այդ ճանապարհը՝ Եղոյանը պատասխանեց. «Եթե ընդդիմադիրներն են դա ասում, ուրեմն պետք չի: Ճանապարհները փակվում եւ բացվում են ոչ թե մարդկանց ֆիզիկական ներկայությամբ, այլ՝ ուժերի քաղաքական հարաբերակցությամբ: Մեկ խոսքը կարող էր բավարար լինել՝ ճանապարհը բացելու համար, կամ մեկ լռությունը՝ փակելու համար: Այստեղ ֆիզիկական ուժերի մասին չի խոսքը: Երբ որ քաղաքական ուժերի հարաբերակցությունը փոխվում է, ֆիզիկական ուժերի հարաբերակցությունն էլ է փոխվում»:

Նա ասաց, որ հավանականություն կա, որ մինչեւ Ամանոր կբացվի ճանապարհը: Եղոյանի խոսքով՝ երկու դեպքում կարող է ճանապարհը բացվել. «Կա՛մ երբ փակողների պահանջներն իրականացվեն, կա՛մ, երբ փակողները տեսնեն, որ իրենց պահանջներն իրականացնել չի ստացվում ու անհնար է իրականացնել այդ պահանջները: Մենք պետք է շարժվենք երկրորդ տարբերակով»:

Հարցին՝ միջազգային կազմակերպությունները գործուն մեխանիզմներ կարո՞ղ են կիրառել՝ Եղոյանը պատասխանեց. «Գործուն մեխանիզմ ասելով՝ նկատի ունեք կապույտ «կասկաների» զորախո՞ւմբ ուղարկել Արցախ»: Ըստ Արման Եղոյանի, լինելու է միջազգային ճնշում ու այնպես չէ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում այդ հարցը քննարկվեց ու ավարտվեց. «Խոսքն ունենում է ազդեցություն, այդ երկրները իրենց քաղաքականության մեջ հաշվի են առնում: Իսկ դա ազդում է իրավիճակի վրա: Հաշվի առնելով երեկվա ելույթների հարաբերակցությունը՝ կարծում եմ, որ կա հավանականություն, որ ճանապարհը կբացվի: Կարեւորը՝ հարցը մտավ միջազգային օրակարգ, կարեւորը՝ այնտեղ հնչեցին ձեւակերպումներ, որոնք Ադրբեջանը ոչ մի կերպ չէր ցանկանա, որ հնչեին, այդ մասին իրենք ասեցին: Ամբողջ աշխարհը հիմա տեղյակ է այդ հարցից ու միայն այդ տեղեկացվածությունը ինքնին գործիք է՝ իրավիճակը կա՛մ լավացնելու, կա՛մ դեպի ավելի վատը չտանելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031